Հանձնեցին. Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հանձնեցին. Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հանձնեցին. Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հաշված րոպեներ առաջ, 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Օսկանյանին` անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացրել էր երեկ, որից հետո երկու օր շարունակ ԱԺ-ում ընթանում էին քննարկումներ, հարց ու պատասխան, պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանն հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը չմասնակցեցին «Բարգաված Հայաստան», «Ժառանգություն», «ՀԱԿ», ինչպես նաեւ ՀՅԴ խմբակցությունները`որոնք բոյկոտեցին : Փաստորեն, քվեարկությանը մասնակցում էին իշխանական ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Փակ գաղտնի քվեարկությունը տեւեց մոտ 30 րոպե:

Երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Վարդան Օսկանյանն հայտարարել էր, թե իշխանությունները ընդունակ չեն նման հարաբերությունների՝ ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքական ասպարեզում:

«Այսօր մենք չենք քննարկում միայն Վարդան Օսկանյանի խնդիրը: Այսօր մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին, մրցակցությունից հանելու փորձի խնդիրը:

Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Եվ այս գործը ԲՀԿ-ի վրա այդ ընտրություններից առաջ հնարավորինս կոշտ ճնշում բանեցնելու փորձ է:

Այս իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների հետ խոսում են պատանդի լեզվով: Նրանք ընդունակ չեն քաղաքական մրցակցության, նույնիսկ ուժեղի` քաղաքական մեծամասնություն ունեցողի դիրքից»,-իր ելույթում նշել էր Օսկանյանը:

© Medialab.am