Հայաստանը հետ է կանչում Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, և Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարումը մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգում մշտապես եղել է, և մենք այդ հարցը դիվանագիտական խողովակներով բարձրացրել ենք։ Երբ այս օրերին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Եվ ելնելով ստեղծված իրավիճակից Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին», -հավելեց ԱԳՆ խոսնակը։