«Սերժ Սարգսյանի խնդիրը վերարտադրվելն է, ինչը հաջողությամբ լուծում է, մնացածը մեր խնդիրն է, ինչը չենք կարողանում լուծել». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

– Պարո՛ն Թոքմաջյան, օրերս Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանն ահազանգեց, որ Սեֆիլյանի անունը հանվել է պատմության դասագրքերից: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների այս քաղաքականությունը:

– Ես ենթադրում եմ, որ Սեֆիլյանի ու Սերժ Սարգսյանի միջև անձնական խնդիր կա, ավելի շուտ, դա քաղաքական խնդիր չէ: Նորություն չէ, որ պատմության դասագրքերով որոշում են հիշողություն փակել: Ես չէի առանձնացնի միայն Սեֆիլյանի անձը: «Ղարաբաղ» կոմիտեի առաջնային կազմից, որը ձերբակալվեց Արցախյան շարժման ընթացքում, շատ քիչ մարդկանց անունները կան պատմության մեջ, և այն մարդկանց են ընդգրկել, որոնց անուններն ստիպված էին ընդգրկել: Իսկ կոնկրետ Սեֆիլյանի պարագայում, իհարկե, վերջին իրադարձություններն իրենց հետքը թողել են, խոսքը Սեֆիլյանի գործունեության մասին է: Բայց ես կարծում եմ, որ ոչ միայն Սեֆիլյանի, այլ նաև շատ այլ անձանց անուններ պետք է լինեն պատմության դասագրքում, քանի որ մենք տեսնում ենք, որ այդ անունները փոխարինվում են ոչ արժանավոր կամ ոչ օբյեկտիվ իրականության հետ առնչվող մարդկանց անուններով:

– Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում, որ իշխանությունները կարծես հետևողականորեն աղավաղում են պատմությունը: Ոչ վաղ անցյալում պատմության դասագրքում թերի ներկայացվեց նաև ապրիլյան պատերազմի դրվագը: Այսկերպ ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները:

– Պատմությունը քաղաքական գործիք է նաև, և այսօրվա իշխանություններից ավելին ակնկալել պետք չէ: Նրանք պատմությունը գրելու են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է: Իրենք մեդիա դաշում ունեն քարոզչական գործիք, քաղաքական դաշտում ունեն, պատմության դասագիրքն էլ քարոզչական գործիքներից մեկն է: Խնդիր է դրված մոռացության մատնել վատը, բացասականը, որը տեղի է ունեցել այս իշխանության օրոք:

Խնդիր է դրված բոլոր հակընդդեմ կարծիք ունեցող մարդկանց հնարավորինս դուրս մղել պատմության դասագրքերից: Իրավիճակը շատ զգայուն է, որովհետև մենք գործ ունենք կենդանի մարդկանց հետ: Եվ ստացվում է, որ կողմերից մեկը գրում է պատմությունը, իսկ մյուսն այդ համակարգի քաղաքական հակառակորդն է: Հիմա, գրող կողմը գրում է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:

Հայտնի անեկդոտ կա, ասում են՝ բռնեցին բոլորին, մի մասին սպանեցին, մյուս մասին բռնաբարեցին: Հարցնում են՝ բա քե՞զ ինչ արեցին, պատասխանում է՝ ես պատմողն եմ, ինձ ոչինչ էլ չէին կարող անել: Հիմա այդ մարդկանց մոտեցումը սա է պատմության նկատմամբ:

– Եթե անդրադառնանք քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ապա կնկատենք, որ Սերժ Սարգսյանը կարծես ամրապնդում է իր դիրքերը՝ որպես վարչապետի ապագա թեկնածու: Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա չի հերքում, որ կարող է վարչապետի թեկնածու առաջադրվել: Այս փուլում ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

– Խուճուճ տեքստերով ոչ ոքի չես խաբի: Եթե ոմանց համար 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունը բարեփոխում էր, ոմանց համար՝ կեղծ օրակարգ, ապա ինձ համար շատ պարզ էր, որ բոլոր փոփոխությունները միտված էին Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Սա տրամաբանական էր, քանի որ բոլոր տոտալիտար ու բռնապետական համակարգերին բնորոշ երևույթ է: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե իշխանական կուլիսներում քննարկում է գնում, թեկնածու են փնտրում, այս են անում, այն են անում: Ո՛չ, Սերժ Սարգսյանը հասել է մի իրավիճակի, որ կարողանում է ծաղրել բոլորին: Ամեն ինչ պարզ էր ու հստակ շատ վաղուց, որ Սերժ Սարգսյանը այդ պաշտոնը վերցնում էր իր համար:

Սերժ Սարգսյանը բավական թրծված է իշխանական համակարգում, որպեսզի թեկուզ ամենավստահելի մեկին այս փուլում զիջի սուպերվարչապետի պաշտոնը: Իսկ այսօր բոլոր օրենքները միտված ու մշակված են միայն մեկ բանի՝ վարչապետի իշխանությունն ուժեղացնելուն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ինձ համար որևէ նորույթ չի պարունակում: Մի կարևոր հանգամանք ես այդ հարցազրույցից կառանձնացնեի. վերջին հատվածը, երբ ասում է, որ եթե որոշի առաջադրել իր թեկնածությունը, դա կլինի մեկ հավելումով, որ շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին՝ անկախ նրանց ներկայիս գրաված դիրքից: Նա իրեն բնորոշ գործելաոճով հայտարարում է, որ՝ մի՛ անհանգստացեք, տղանե՛ր, հաճախորդների դաշտը բաց է, եկեք ու ցուցակագրվեք:

– Հետևաբար, ապրիլից հետո որևէ փոփոխություն չպե՞տք է ակնկալել երկրում:

– Ո՛չ, Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետ այնքան, ինչքան կկարողանա: Իսկ թե մենք կկարողանա՞նք Սարգսյանին փոխել կամ ընդհանրապես ՀՀԿ-ի մոնոկուսակցական համակարգին վերջ տալ՝ դա արդեն մեր խնդիրն է: Սերժ Սարգսյանի խնդիրը վերարտադրվելն է, ինքն այդ խնդիրը հաջողությամբ լուծում է: Իսկ մնացածը մեր խնդիրն է, ինչը, ցավոք, մենք չենք կարողանում լուծել:

– Իսկ հանրությունն ու քաղաքական դաշտը կարծես լուռ են:

– Այո՛, դա իր խորքային պատճառներն ունի: Մենք շանս ունեինք դա կանխելու, դա 2015-ի Սահմանադրության հանրաքվեն էր, բայց, ցավոք, հակընդդեմ դաշտը բոյկոտեց, ոմանք էլի արջի ծառայություն մատուցեցին: Եղավ այն, ինչ եղավ, բայց չեմ կարծում, որ դրանով պետք է կոտրվել: Քաղաքացին պետք է հետաքրքրված լինի բոլոր գործընթացներով, տեսնենք, թե ինչպես կստացվի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am