Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հարցին:
«Հունվարից արդեն սկսվել է 5-ամսյա կրթական ծրագիրը, այն կավարտվի հունիսի վերջին: Եվ ըստ մեր պլանավորման՝ Երևանում նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից»,-ասաց Գրիգորյանը:
Նա հույս հայտնեց, որ նոր ծառայողներով կլինի էապես փոփոխված ոստիկանություն՝ արդյունքում ձգտելով հասնել հանրության վստահության աճին:
Պարեկային նոր ծառայությունը ստեղծվում է Ոստիկանության բարեփոխումների համատեքստում: Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմողները անցնում են կրթական ծրագիր: