«ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները չեն կարող անպատասխան մնալ. կձեռնարկվեն բոլոր քայլերը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, ի՞նչ կատարվում Սյունիքի շուրջ։ Մի կողմից Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «վերադառնալու են Զանգեզուր», մյուս կողմից՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ԱՄՆ դեսպանը այց են կատարում Սյունիք։ Ի՞նչ ռիսկեր կան այսօր անվտանգային առումով։

– Նախկինում Ադրբեջանի ղեկավարության կողմից տարբեր առիթներով եղել են Հայաստանի տարբեր շրջանների նկատմամբ տարածքային հավակնություններ, արտահայտվել են այդ մասին, ինչը կրել է քարոզչական բնույթ։ Այս անգամ Ալիևի հայտարարությունը տարբերվում էր նրանով, որ կար նաև բացահայտ ուժի սպառնալիք։

Այսինքն՝ ձևակերպումը մոտավորապես հետևյալ բնույթի էր, որ անկախ ամեն ինչից, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը պետք է կյանքի կոչվի։ Եթե Հայաստանն ուզում է, այդ հարցը պարզ կլուծվի, եթե ոչ՝ «մենք դա կանենք ուժի միջոցով»։ Նման հայտարարությունը բացահայտ ուժի սպառնալիք է և, ըստ այդմ, նաև ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, պետք է նշել, որ, ըստ էության, սա ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աղավաղման փորձ է։ Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա նմանատիպ միջացք ստեղծելու մասին։ Ավելին, «միջանցք» եզրույթը կիրառվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում։

Ինչ վերաբերում է ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որևէ մասնավորեցում տվյալ պարագայում չկա, և պայմանավորվածությունները վերաբերում են բոլոր հաղորդակցություններին, ինչի հետ կապված առանձին ձևաչափ է ձևավորվել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Եվ փոխվարչապետների մակարդակով ակտիվ քննարկումներ են ընթանում։ Սա կարևոր հանգամանք է, որ պետք է հաշվի առնել։

Միաժամանակ, բավական կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմի համար ցանկացած ուժի սպառնալիք Ադրբեջանի կողմից միանշանակ անընդունելի է։ Եվ ուժի սպառնալիքով կամ նման շանտաժային հայտարարություններով ադրբեջանական կողմը որևէ արդյունքի չի կարող հասնել։

Ավելին, չպետք է մոռանալ նաև այն հանգամանքի մասին, որ նման հավականությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, որոնք ըստ էության նաև կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չեն կարող անպատասխան մնալ։ Եվ անհրաժեշտության դեպքում, եթե առաջանան իրական ռիսկեր, հայկական կողմը ձեռնարկելու է իր բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի ցանկացած սպառնալիք։

Ընդ որում, այդ առումով կարևոր դերակատարում կարող է ունենալ նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը՝ հաշվի առնելով երկու կարևոր հանգամանքներ։ Նախևառաջ՝ երկու երկրների միջև ձևավորված իրավապայմանագրային բազան փոխադարձ պարտավորություններ է ամրագրում, այդ թվում՝ նաև անվտանգության ապահովման ոլորտում։

Բացի այդ, ռուս սահմանապահներն անգամ այսօր ներգրավված են Սյունիքում ՀՀ պետական սահմանի պահպանության գործում։ Բացի այդ, Սյունիքում ձևավորվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ, ինչը, ըստ էության, ուղղված է Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։

– Վերջին օրերի այցերը Սյունիք ի՞նչ են ցույց տալիս։

– Իհարկե անվտանգային միջավայրը փոխվել է, հատկապես Հայաստանի հարավային շրջանում։ Եվ, բնականաբար, տարբեր պաշտոնյաների այցերը տարածաշրջան նպատակ ունեն տեղում իրավիճակին ծանոթանալ, առկա խնդիրներն արձանագրել և դրանց համարժեք քայլեր ձեռնարկել։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Արցախի մի շարք բնակավայրերի, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի տարածք։ Իսկ մի մեծ հատված ապաստան է գտել Սյունիքում։ Եվ Արցախից հայ տեղահանվածները հավելյալ ուշադրության կարիք ունեն։ Տարբեր գործիչների այցերի նպատակներից մեկն էլ հայ տեղահանվածների վիճակին ծանոթանալն է ու նրանց համար թիրախային ծրագրերի իրականացումը։

Այդուհանդերձ, Ադրբեջանը, իհարկե Թուրքիայի աջակցությամբ, կարո՞ղ է այս փուլում գործողություններ ձեռնարկել Սյունիքի դեմ, նկատի ունեմ՝ ռազմական բախումներ։

– Ալիևի հայտարարությունը, ինչպես նշեցի, նախկինից տարբերվող էր և պարունակում էր բացահայտ ուժի սպառնալիք։ Հայաստանից արտգործնախարարության մակարդակով դրան բավական կոշտ պատասխան եղավ, ինչից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը կարծես ստիպված եղավ սրբագրել Ալիևի խոսքը, մասնավորապես, ակնարկելով, թե Երևանում Ալիևին ճիշտ չեն հասկացել։ Սա, ըստ էության, վկայում է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանում բավական ուշադիր հետևել են Ալիևի հայտարարության արձագանքին։

– Եվ եթե մենք կոշտ արձագանքում ենք, իրենք հաշվի՞ են նստում։

– Միանշանակ այո՛։ Նման հայտարարությունները երբեմն կատարում են «փորձնական գնդակի» դերակատարում։ Եվ նման պարագայում բավական ուշադիր մոնիթորինգ է արվում, թե ինչ արձագանք է ունենում տվյալ հայտարարությունը, որպեսզի հետագայում պաշտոնական քաղաքականության կամ հռետորաբանության մեջ որոշակի շտկումներ կատարվեն։

Հայկական կողմի կոշտ արձագանքը և, մասնավորապես, հայատարարության մեջ հայ-ռուսական դաշնակցային պարտավորություններին հղումը, կարծում եմ, ինչ-որ առումով սթափեցնող ազդեցություն ունեցան ադրբեջանական կողմի համար։ Պետք է արձանագրել նաև, որ Ալիևը վերջին շրջանում, զգալով Թուրքիայի աջակցությունը, ավելի ու ավելի սադրիչ քայլերի է դիմում, որոնք անուղղակիորեն մարտահրավեր են Ռուսաստանին։

Դրա օրինակներից են թե՛ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին բարձրաձայնելը, թե՛ «Իսկանդերի» թեմայով Մոսկվայից հրապարակայնորեն բացատրություն պահանջելը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am