Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ՝ սուտ խոսելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին հայտնեց ԱԺ ամբիոնից՝ Մանուկյանի ելույթից հետո:

Հայհոյանքն ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Իրականում, եթե ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա՝ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը»:

Նա գործող իշխանությանը մեղադրեց մի շարք հարցերում ստելու մեջ՝ նշելով, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ օրինակ Սյունիքում ադրբեջանական ուժերը մաքսակետ են տեղադրելու և այլն: Ըստ նրա՝ սերը, հանդուրժողականությունը, զրո կոռուպցիան, տնտեսության թռիչքաձև աճի՝ 2018-ին տված խոստումն իշխանությունը չի կատարել: Մանուկյանն անդրադարձավ նաև մի քանի իշխանական պատգամավորների, այդ թվում Ալեն Սիմոնյանի հունական կղզում հանգստին:

Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը՝ այն ֆոնին, որ քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ սուտ խոսելու հետ կապված: Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսվա ընթացքում տեքստի տարբեր տեղերում  3 նախադասություն դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պարզապես չի ուզում շատ անձնական դաշտ մտնել:

ԱԺ նախագահը վստահ է, որ Մանուկյանը դատարանում պատասխան կտա, նա ներողություն կխնդրի:

Անդրադառնալով ընդդիմությունից իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ ատելության խոսք ասելու՝ Սիմոնյանն ասաց. «Երբ մենք ընդդիմություն էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեինք ու չէինք ասում, ինչո՞ւ մականունավոր պատգամավորներին մականունով հրապարակային չէինք դիմում»:

ԱԺ նախագահը նշեց նաև, որ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում «Ֆեյսբուք»-ում, իսկ Ագնեսա Խամոյանը վիրավորանքներ է գրում, այդ թվում՝ Սիմոնյանի նկարների տակ: Նա ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանին նաև մեղադրեց քողարկված վիրավորանք հնչեցնելու մեջ՝ շեշտելով, որ դա պետք է դադարեցվի:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ի նիստում Արեգնազ Մանուկյանը նշել էր, թե իշխանափոխությունից հետո «լավացել են» Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը, նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է ասֆալտի տենդերներ շահել, պետբյուջեի հաշվին հարստանալ: Մանուկյանն Ալեն Սիմոնյանին մեղադրել էր նաև պետբյուջեի հաշվին շքեղ մեքենա ձեռք բերելու մեջ: ԱԺ նախագահն էլ արձագանքել էր, որ Մանուկյանը ստիպված կլինի իր ասածներն ապացուցել դատարանում: