2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Մինչ 2013 թվականը մեղադրող կողմը ամեն կերպ փորձում էր ապացուցել այս երիտասարդների մեղքը, նույնիսկ հաջողվեց հասնել տղաների նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի կայացմանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Սակայն, ի վերջո, ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց: Այս գործը երկար տարիներ հասարակության ուշադրության կենտրոնում էր, գրեթե բոլորը գիտեին Մատաղիսի դեպքի մասին ու շատերն էին համոզված, որ անմեղ երիտասարդներ են մեղադրվում ծառայակիցների սպանության մեջ: Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգասյանի վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թ. դեկտեմբերի 18-ին կայացրեց արդարացման դատավճիռ, հետագայում այս վճիռն անփոփոխ թողեց ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը:
Այս դատավճռի հրապարակումից արդեն անցել է շուրջ 16 ամիս ու պարզելու համար ինչ է այնուհետև արվել իրական հանցագործներին գտնելու և պատժելու համար 2014 թ. մարտի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Ա. Հարությունյանին:
Գրության մեջ նշվում է. «… խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. Ինչ քննչական գործողություններ են իրականացվել մինչ օրս, Կան արդյոք մեղադրյալներ, թե ոչ, Եթե այո, քանի հոգու է մեղադրանք առաջադրվել և ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»:
Ի պատասխան գրությանը 2014 թ. մարտի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության Շիրակի կայազորային զինվորական դատախազության պատասխանը, ըստ որի հայտնել են, որ թիվ 90800104 քրեական գործը 02.09.2013 թ. ստացվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության տասներորդ կայազորային քննչական բաժին և քննչական բաժնի պետի տեղակալ Գ. Գրիգորյանի կողմից նույն օրը որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դատավարական և քննչական անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Թիվ 90800104 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, այս աղմկահարույց գործի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունը կամ չի կատարում համապատասխան աշխատանքներ, գտնելու համար իրական հանցագործներին, կամ չի տրամադրում կատարված քննության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն: Տրամադրված տեղեկատվությունը մակերեսային է և պատասխանում հարցերին, որոնց վերաբերյալ պատասխանների ստացման նպատակով տեղեկատվության հարցում էր ուղարկվել ՀՀ զինվորական դատախազությանը:
Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո հաղորդագրությունը:
© Medialab.am