«Ցանկացած տեսակի աբորտներ արգելելու փիլիսոփայությունը, եթե դա ծնողի կամ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ես կողմ եմ»․ Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

– Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին, և արդյոք տարօրինակ չէ՞, որ ԲՀԿ-ն, որ դեմ է արտահայտվում և մերժում է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ընդունումը,  այսօր  հանդես է գալիս նման նախաձեռնությամբ:

– Անկեղծ ասած, նախագծին ամբողջական ծանոթ չեմ: Որքան տեղյակ եմ, այդ նախագիծը մշակել է Նորայր անունով մարդ, որն առաջարկում է, որ նույնիսկ սաղմնային վիճակում՝ դեռ նոր բեղմնավորված ժամանակից սկսած, կինն իրավունք չունենա աբորտ անելու:

Եթե դա է նախագծի բովանդակությունը, ապա ես միանշանակ կողմ եմ, որովհետև մենք այս ժողովրդագրական վիճակում բավականին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում հենց այդ ոչ լուրջ մոտեցման հետևանքով:

Բայց  այստեղ խնդիրը նաև այն է, որ մեծանում է ռիսկը, որ շատերը կարող են ուղղակի բժշկի չդիմել, առանց բժիշկների վերահսկողության գնան այդ քայլին, ինչը բավական լուրջ հետևանք կունենա ծնողի առողջության համար:

Այսինքն՝ շատ հակասական իրավիճակ է: Իրականում այն փիլիսոփայությանը, ըստ որի պետք է ցանկացած տեսակի աբորտներ արգելել, եթե դա ծնողի կամ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ես կողմ եմ: 

Ինչ վերաբերում է կոնվենցիաներին, բնականաբար, եթե մենք խոսում ենք նաև մարդու իրավունքների մասին, ապա սաղմը նույնպես պետք է դիտարկենք որպես նոր ձևավորվող մարդ ու նրա ծնվելու և ապրելու իրավունքը նույնպես պետք է  պաշտպանենք: Այստեղ երկակի ստանդարտներ կան: Ես, անկեղծ ասած, քննարկմանը չեմ մասնակցել, որևէ կարծիք չեմ լսել:

Միգուցե մարդիկ ավելի շատ հիմնավորումներ են բերել, որ դեմ են քվեարկել: Պարզապես սա իմ կարծիքն է, ես պետք է լսեմ և հասկանամ, թե ինչ քննարկում է տեղի ունեցել, ինչ հակափաստարկներ, առհասարակ ինչ մոտեցումներ ունի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը:

Ես չեմ լսել հակափաստարկները, միգուցե ծնողի առողջության վտանգի հետ կապված փաստարկն է բերվել, որովհետև ես վստահ եմ, որ եթե ծնողը չուզեցավ երեխային լույս աշխարհ բերել, ապա այլ միջոցների կդիմի, ինչն էլ կարող է նրա կյանքի համար վտանգավոր լինել: Գիտեք, որ այսօր էլ շատ գյուղական համայնքներում արհեստական վիժեցման դեպքերում արդեն բավականին լուրջ խնդիրներ կան:

– Այս նախագիծն արդյո՞ք չի հարվածում հենց կնոջ իրավունքներին՝ թույլ չտալով նրան աբորտ անել: Արդյոք սա չի՞ հանգեցնի նրան, որ մարդիկ կսկսեն թաքուն աբորտներ անել:

– Ես հենց դրա մասին նշեցի, որ ինչքան էլ կարևոր է նման օրենսդրական նախաձեռնությունը ժողովրդագրական առումներով, նույնքան էլ խնդրահարույց է: Այո՛, նման օրենքի դեպքում մարդիկ թաքուն, առանց բժշկական  միջամտության կամ առանց բժշկի հետազոտության կարող են գնալ աբորտի, որով կարող են լրջորեն վտանգել իրենց առողջությունը:

Այստեղ շատ մտածված, ճշգրիտ քայլերով առաջ գնացող մոտեցում պետք է լինի: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է արգելենք աբորտները, այլ խրախուսենք երեխայի ծնունդն այնքան, որ ծնողը յուրաքանչյուր սաղմ լույս աշխարհ բերի: Պետք է այնպես անենք, որ ծնողը կարողանա երեխային հեշտ պահել, աջակցող ունենալ, կարողանա նյութապես ավելի ապահովված լինել, որի արդյունքում շատ երեխաներ ունենան:

Կարծում եմ՝ այդպես մենք ավելի հեշտությամբ կհասնենք այդ նախագծի իրականացմանը, քան հիմքում դնենք ուղղակի ցանկությունը, որ պետք է աբորտներ չանեն, որը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ: 

– Այսինքն՝ ձեր վերաբերմունքն այս նախագծին դրակա՞ն է: 

– Հաշվի առնելով ժողովրդագրական խնդիրը, այո՛, իմ մոտեցումը դրական է, բայց ռիսկերը գիտակցելով՝ բացասական է մոտեցումը: Այսինքն՝ այս հարցին երկու մոտեցում կա, նայած թե ո՛ր կողմից ենք խնդրին մոտենում: Եթե ժողովրդագրության համար է, եթե սաղմը, որը երեխա է դառնալու, նրա իրավունքների առումով ենք դիտարկում, դրական է նախագիծը:

Քանի որ գիտեմ, թե ինչ ռիսկային մոտեցումներ կարող են լինել՝ այդ մասով իմ մոտեցումը բացասական է, այսինքն՝ ռիսկը փոքր չէ, մանավանդ մեր երկրում, որտեղ բժշկի դիմելու մշակույթը շատ ցածր է:

– Եվրոպական ժողովրդավարական երկրներում այդպիսի որոշումները գրեթե կյանքի չեն կոչվում: Մենք պետք է գնանք այսպիսի օրենքների ճանապարհո՞վ, թե՞ պետք է մեր յուրահատուկ ճանապարհն ընտրենք: 

– Մենք պետք է մեր յուրահատուկ ճանապարհն ընտրենք, այո՛, հենց ժողովրդագրական և ազգային խնդիրներից ելնելով: Բայց այդ ճանապարհը պետք  է լինի գրագետ, որ նաև մարդու իրավունքները չոտնահարվեն, և ծնողը մեծ սիրով լույս աշխարհ բերի իր երեխային: Սա տարբերակներից մեկը կարող է լինել, այսինքն՝ ապահովել այնպիսի միջավայր, որ ծնողները շահագրգռված լինեն երեխաներ ունենալու:

Դրանով դու ոչ թե կաշառում ես ծնողին, այլ ուղղակի երեխային պահելու գործընթացը հեշտացնում ես: Միգուցե երկարատև ֆինանսական աջակցություն տրամադրվի, որ խնամատար ունենա, միգուցե ֆինանսական շատ ավելի մեծ խրախուսանքներ լինեն:

Շատ-շատ ծնողներ, գիտեք, միանվագ տրվող գումարներից նորից ոգևորվել են, կամ վերջին ծրագիրը, որ հիփոթեքով տուն գնելու հնարավորություն է տրվում, Կառավարությունը որոշ չափով փոխհատուցում է: Նման սոցիալական, հետաքրքիր ծրագրերի միջոցով մենք ավելի հեշտությամբ կունենանք հաջողություն: 

Մանե Հարությունյան

MediaLab.am