«Պետական համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի». Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգում առկա խնդիրներին, ասաց, որ համակարգում շարունակում են աշխատել մարդիկ, ովքեր չարացած են:

«Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ ու սուր արձագանք է գտնում։ Եկեք  արձանագրենք հետևյալը՝ այսօր պետական կառավարման համակարգում դեռ շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել ու ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Եվ այդ մարդիկ, եկեք արձանագրենք, որ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ նախարարության շենք, ամբողջ չարությունը թափում են այդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաև նախարարների պարտականությունն է կաբինետներում այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ իրենց։ Թող գնան  մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հեղափոխության առաջին օրից ասել են՝ չեն պատրաստվում գերանդին առնել, հնձել պետական կառավարման համակարգը, կադրային ջարդ անել և այդպես էլ վարվել են։ «Բայց դա չի նշանակում, որ մեր այդ ցանկությունը պետք է չարաշահվի, այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում։ Ես ասում եմ՝ հերիք է, ժամանակը սպառվել է, այդ մարդիկ պետական կառավարման համակարգից պետք է թողնեն ու գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով։ Կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, մանավանդ հիմա դա հարմար հնարավորություններ է տալիս, կարող է նաև եկամտաբեր լինի»,- ասաց Փաշինյանը։