Օրենքների խախտումներ՝ թևքանշանի, համազգեստի, մեքենաների դիզայնի ու փարոսիկների շուրջ

Հուլիսի 7-ից ոստիկանության նոր Պարեկային ծառայությունը փոխարինեց ոստիկանության Երևանի վարչության Պարեկապահակակետային ծառայության գնդին և Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակին։ Ծառայողների ընդունելության կարգից, կրթությունից, գործառույթներից բացի, փոխվել են նաև ոստիկանների համազգեստն ու մեքենաները, որոնց դիզայնի և տարբերանշանի շուրջ առաջին իսկ օրվանից մեծ աղմուկ բարձրացավ:

Հանրային տիրույթում քննադատության արժանացավ մեքենաների ու թևքանշանների դիզայնը, մասնավորապես դրանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտումը (օտար լեզվով գրվածը ավելի մեծ տառաչափով է, քան հայերենը): Շաբաթներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն անդրադարձել էր այն խնդրին, որ մեքենաների ու թևքանշանների դիզայնը տարբերվում է այն տարբերակներից, որոնք հաղթել էին ոստիկանության և ապա նաև ԱՄՆ դեսպանատան հայտարարած մրցույթների արդյունքում։

Քանի դեռ փորձում էինք բացահայտել, թե որքան է արժեցել մեր հարկատուների համար այդ խախտումը, ի հայտ եկավ մեկ այլ՝ ոչ պակաս ապշեցնող անօրինություն ևս։ 

Հուլիսի 7-ին բոլորս տեսանք նոր Պարեկային ծառայության թևքանշանները («шеврон») և մեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնը, որն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության և «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, ինչի մասին հայտարարել է նաև Լեզվի պետական կոմիտեն: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցման միջոցով փորձեց պարզել, թե ով է պատասխանատու դիզայնի այս օրինախախտման համար և ինչպես է հաստատվել մեքենայի տարբերանշանի և թևքանշանի դիզայնը։ Ուսումնասիրության ընթացքում մենք նաև բացահայտեցինք օրենքի խախտումներ կապված առկայծող փարոսիկների ու համազգեստի հետ:

Գոյություն չունեցող թևքանշաններ

https://lh3.googleusercontent.com/6k8SOaf-DDtiEk5VagQGglB2muvLn__u_pwzGlePHtD-N0LJKbWZ5f1BEyFU8nSn5cXnkrtn0_TSU-ohlQjoLysG9e6IbbZ_fENeSwabfN0y6AiBPyZGRyHTqAr7gCeO2hUdbS6t
https://lh4.googleusercontent.com/GFIZn_yL9E9C5Z1ooXKP1SGSbNRREj17GxlEQMLv-91K08H-cjrGe1iEZGTXMNkzYeYv4OMv9Cz1BBCNtGMDlydb379tiLDPh9tlLpUJWpMZwUWOXyN8wUSLrmYkcXMymJjizLYT

Նախ արձանագրենք, որ համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ կառավարության 2013 թ․ դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշումը տալիս է ոստիկանության ծառայողի համազգեստի մանրամասն նկարագիրը: Գործադիրի այդ որոշման 1-ին հավելվածի 93-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները համազգեստի վրա կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ և կրծքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է ոստիկանության պետը:

Մի կողմ թողնելով կառավարության վերոնշյալ որոշման իրավաչափությունն այն առումով, որ օրենքի համաձայն համազգեստի նկարագիրը պետք է հենց կառավարությունը սահմանի, և հետևապես, տրամաբանորեն, չի կարող դրա մի մասը թողնել ոստիկանապետին, այդուհանդերձ արձանագրենք, որ ծառայության բնույթը խորհրդանշող թևքանշանները պետք է սահմանված լինեն առնվազն ոստիկանության պետի որոշմամբ:

Սակայն ոստիկանության պետի համապատասխան (2014 թ․ թիվ 1-Ն) հրամանում փոփոխություններ դեռ չեն կատարվել, և Պարեկային ծառայության թևքանշանները սահմանված չեն, ինչը հաստատեց նաև ոստիկանության շտաբի պետը՝ ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության։

Այլ կերպ ասած՝ ոստիկանության Պարեկային ծառայության ավելի քան 700 ծառայողների համար պատվիրվել և պատրաստվել է մի թևքանշանով համազգեստ, որը, ի հեճուկս ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 27-րդ հոդվածի, սահմանված չէ: 

Այսպիսով, պարեկային ծառայողների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածին, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, և այդ չսահմանված (հետևաբար՝ ֆորմալ գոյություն չունեցող) թևքանշանը պարեկային ծառայողներն առ այսօր կրում են վերոնշյալ օրինախախտումներով հանդերձ։

https://lh3.googleusercontent.com/EZ07yClxrQpb9gvNI2Hp5lTY1yC5s2_4Gxg15NAKd31Etmc_resqxuKY8H4xntayfrSTe53fQ9tpzVinQRGKX2CDEe3RxyfUecmV_vvAJ5tH67Nzq7ipuDG2M79GzxR6W29WwBPP

Ո՞վ է մեքենաների դիզայնի պատասխանատուն

Բացի թևքանշանից, նույն տարբերանշանը պատկերված է նաև շուրջ 150 պարեկային ավտոմոբիլների վրա: Այդ մեքենաների վրա «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ են նաև կողային դռների գրառումները (անգլերենը գերակա է հայերեն տառաչափին):

https://lh4.googleusercontent.com/bNbqECEkjO1D1DRRNsW3NQGTJw8eBe_LTndWfF3N3XViJtm2uXgp264a5wix0A5x0Fyc4gW12EJpUle8hOnjuuRih0GjnhFRcpsQBMrE9t6tHcpyWdXRA40OsZ4SQWQwPsqf4wXH

Ոստիկանության պետին ուղղված հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե ու՞մ կողմից և ո՞ր իրավական ակտով է սահմանվել Պարեկային ծառայության մեքենաների գունագրաֆիկ ձեւավորման դիզայնը, սակայն ի պատասխան ստացանք, որ «Պարեկային ծառայության ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնն առանձին իրավական ակտով սահմանված չէ»: Այդուհանդերձ, բնականաբար, ինչ-որ մեկը որոշել է պարեկային մեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնը և փոխանցել այն «Շկոդայի» հայաստանյան ներկայացուցիչ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին: Եվ դա որոշած անձը (անձինք) խախտել են «Լեզվի մասին» օրենքի պահանջները, որի արդյունքում, հավանաբար, շուրջ 150 մեքենաների գունագրաֆիկ ձևավորումը պետք է փոփոխվի:

Ընդ որում, թեև պարեկային մեքենաների գունագրաֆիկ ձևավորումը ներառված է եղել դրանց գնի մեջ և իրականացվել է «Չեխ Ավտո» ՍՊԸ-ում, սակայն դրա փոփոխությունը, բնականաբար, անվճար չի լինելու: Մենք ուսումնասիրեցինք նախկինում ոստիկանության կողմից պատվիրված համանման ծառայությունները և պարզեցինք, որ ՃՈ մեքենաների գունագրաֆիկ ձևավորումն արժեցել է 25-ից 30 հազար դրամ։ Այսինքն, Պարեկային ծառայության Երևանի գնդի շուրջ 150 մեքենաների գունագրաֆիկ վերաձևավորումը կարժենա մոտ 4 միլիոն դրամ:

Կարմիր փարոսիկները՝ ապօրինի

Նոր ստեղծված Պարեկային ծառայության ավտոմոբիլները կահավորված են նաև կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով՝ այնպես, ինչպես Ճանապարհային ոստիկանության ու Պարեկապահակակետային ծառայության մեքենաները:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետը սահմանում է, որ կարմիր, կապույտ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատում է կառավարությունը: Գործադիրը, իր հերթին, 2006 թվականի 2329-Ն որոշմամբ հաստատել է այդ ցանկը (այն հետագայում փոփոխվել է 2008, 2012 և 2014 թվականներին): Ցանկի համաձայն՝ կարմիր և կապույտ փարոսիկներ կարող են ունենալ ԱԱԾ պետական պահպանության, ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության և ոստիկանության պետավտոտեսչության (հետագայում այն վերաանվանվեց Ճանապարհային ոստիկանության) ավտոմեքենաները: 

Ոստիկանության այլ ստորաբաժանումների գունագրաֆիկ երանգավորմամբ մեքենաները, համաձայն կառավարության որոշման, կարող են կահավորվել միայն կապույտ լուսարձակող փարոսիկներով:

Այսինքն, Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա կարող էին տեղադրվել միայն կապույտ առկայծող փարոսիկներ և ոչ կարմիր և կապույտ: Կառավարության որոշման այս խախտումը, սակայն, վերաբերում է ոչ միայն Պարեկային ծառայությանը, այլև նախկին Պարեկապահակակետային ծառայությանը, որի մեքենաների վրա ևս առկա էին կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներ:

Ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու մասին կառավարության 2007 թ․ 955 որոշմամբ կան մի շարք գործառույթներ, որոնք կարող են արվել միայն կարմիր և կապույտ (և ոչ միայն կապույտ) գույներով առկայծող փարոսիկներով կահավորված մեքենաներով: Եվ ակնհայտ է, որ Պարեկային ծառայությունը պետք է ունենա հենց կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներ: Սակայն դրա համար պետք էր համապատասխան փոփոխությունը կատարել կառավարության որոշման մեջ, ինչը չի արվել:

Իսկ համազգեստը հաստատվե՞լ է

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  ոստիկանության ծառայողին տրվում է համազգեստ, որի նկարագիրը սահմանում է կառավարությունը: Կառավարությունն այն սահմանել է իր 2013 թ․ դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ, որում, սակայն, որևէ խոսք չկա Պարեկային ծառայության համազգեստի ու դրա առանձնահատկությունների մասին։

Նշված որոշմամբ, ըստ էության, սահմանված են ոստիկանության «սովորական» համազգեստը ու որոշ ստորաբաժանումների համազգեստների առանձնահատկությունները: Ու թեև պարեկների համազգեստներն ակնհայտորեն տարբերվում են մյուս ծառայությունների համազգեստից, դրանք նկարագրված չեն կառավարության որոշման մեջ:

Այլ կերպ ասած՝ համազգեստը, որն այժմ կրում են ոստիկանության ծառայողները և որի ավելի որակյալ տարբերակը մատակարարում են ԱՄՆ գործընկերները, որևէ իրավական ակտով հաստատված չէ: 

Ստացվում է, որ պարեկային ծառայողները ստացել են համազգեստ, որի նկարագիրը (ի հեճուկս օրենքի պահանջի) կառավարության որոշմամբ չի սահմանվել, համազգեստի հետ միասին ստացել են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան, որի նկարագրությունը ևս օրենքի խախտմամբ սահմանված չի եղել որևէ իրավական ակտով: Որևէ ակտով նաև սահմանված չէ Պարեկային ծառայության մեքենաների գունագրաֆիկ ձևավորման դիզայնը: Ավելին, նաև չի փոփոխվել կառավարության համապատասխան որոշումը, ինչի արդյունքում պարեկային մեքենաների վրա կարմիր առկայծող փարոսիկների տեղադրումն ապօրինի է:

Հնարավոր չէ պարզել նաև, թե ի վերջո՝ ով է պատասխանատու այս օտարալեզու տարբերանշանների ու մեքենաների ձևավորման հաստատման համար, ավելին՝ դրանք, փաստացի, գործածվում են առանց հաստատման, ինչն էլ օրենքի առանձին խախտում է։ Այդուհանդերձ, հստակ է, որ Պարեկային ծառայության համազգեստի ու մեքենաների հետ կապված կան բազմաթիվ թերացումներ, որոնք ոստիկանության կազմակերպչական կարողությունների մասին շատ տխուր եզրահանգումների տեղիք են տալիս:Փիրուզա Պետրոսյան և Վաղարշ Աղաբեկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»