«Հոգեկան առողջության տարբեր խնդիրներ կարող ենք ունենալ բոլորս, ու կարևոր է, որ կարծրատիպերը չստիպեն մարդուն թաքցնել խնդիրները». Մարիա Կարապետյան

ԱԺ պատգամավոր Մաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովը սկսեց քննարկել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթը, որը բարելավում է նաև մարդու իրավունքների տեսանկյունից։

Օգտվելով առիթից, սիրելի քաղաքացիներ, եկեք փորձենք նաև մեր բառապաշարը բարելավել։

Եվ այսպես չի կարելի հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդուն անվանել «հոգեկան հիվանդ», որովհետև դա նկարագրում է մարդուն որպես հիվանդություն։

Նմանապես չի կարելի օգտագործել վիրավորական բառեր, ինչպիսիք են «գիժ», «հոգեկան», «շիզոֆրենիկ», «հիստերիկ» և այլն, քանի որ այս բառերը նույնպես նույնացնում են մարդուն և իր հիվանդությունը։

Իսկ եթե այս բառերը օգտագործվում են հոգեկան առողջության խնդիր չունեցող մարդուն նկարագրելու համար, ապա սխալ խտրական խոսքը ավելի է սրվում, որովհետև հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու հատկանիշը օգտագործվում է մեկ այլ մարդու արժանապատվությունը նվաստացնելու համար՝ կարծես թե հոգեկան առողջության խնդիր ունենալը նվաստացուցիչ է։

Կարևոր է նաև հիշել, որ հոգեկան առողջության տարբեր խնդիրներ կարող ենք ունենալ բոլորս, ու կարևոր է, որ կարծրատիպերը չստիպեն մարդուն թաքցնել խնդիրները։ Որպես հոգատար հանրություն՝ մենք պետք է ճնշում չդնենք մարդկանց վրա, և խրախուսենք խնդիրներ ունենալու պարագայում դիմել օգնության»: