«Ես գեյ եմ». Հրայրի կյանքի պատմությունը`թաքնվելու, զգացմունքների եւ բոլորի պես լինելու մասին

«Ես գեյ եմ».  Հրայրի կյանքի պատմությունը`թաքնվելու, զգացմունքների եւ բոլորի պես լինելու մասին
«Ես գեյ եմ». Հրայրի կյանքի պատմությունը`թաքնվելու, զգացմունքների եւ բոլորի պես լինելու մասին

Ես գեյ եմ: Անունս Հրայր է: Իսկական անունս չէ, թեպետ խնդիր չունեմ չասելու: Ուղղակի էդ դեպքում շատ չեմ կարող անկեղծանալ:

Փոքրուց ինձ ասել են, որ լինեմ բոլորի պես, բայց ոնց որ մի քիչ տարբեր ստացվեցի:

Հիմա 31 եմ, ու մազերս սպիտակ են: 17 տարեկանից եմ սպիտակել: Մի քանի տարի առաջ ներկում էի, բայց հիմա՝ էլ չէ:

Մոտ 10-11 տարիներից սկսվեց. լինել բոլորի պես:

14 տարեկանից զգացի, որ ինձ հետաքրքիր են տղաները: Մտածում էի… Իդեալներ էի փնտրում, որոնց կարող էի նմանվել: Արդարացում էի փնտրում: Գիտեի, որ նույնասեռականներ կան: Նաև գիտեի, որ դա ընդունված չէ. բրազիլիական սերիալներ, թաղումներ, ժողովրդի ռեակցիան. տատիկս շաքարախտ ուներ ու իր բժշկի մասին միշտ վատ էր արտահայտվում:

Բոլորը բակում միասին էին խաղում, իսկ ես սիրում էի առանձնանալ:

Տիկնիկների մեծ կոլեկցիա ունեի: Իմը չէին՝ մամայիցս էր մնացած, բայց սիրում էի խաղալ տիկնիկների հետ՝ չնայած մամայիս դուր չէր գալիս: Ավտոներ էլ ունեի՝ համարյա նույն չափ, ինչքան տիկնիկները:

Բայց ես գիտեի, որ իմ մոտ մի բան նենց չի, ոնց որ բոլորի մոտ է, ու դրանից սթրես մեջ էի. խնդիր կար լինելու բոլորի պես:

Ավտոներից բացի`այլ հակում էլ ունեի: Բոյկոտի հանդեպ: Բայց համ էլ պահպանողական եմ: Երկու ծայրահեղություներ են, երկուսն էլ՝ իմը: Պատմողական առարկաներից զզվում էի, իսկ մաթեմատիկայից գերազանցիկ էի: Երևի նրանից էր, որ մեր պատմության դասատուն կաշառակեր ու ջղային կերպար էր, որին չէին սիրում անգամ գերազանցիկները: Անիմաստ ծյոծյա: Սիրում էր իր նման անիմաստ վախի մթնոլորտ ստեղծել, որն իր անձնական պրոբլեմն էր ու հետն ամեն օր բերում էր դպրոց:

Մեծացել եմ ունևոր ընտանիքում, երես են տվել, ու ինչ ուզեցել եմ` ունեցել եմ: Թերևս այդքան էլ տարբեր չէի, ինչքան որ մերոնք էին ասում: Համարյա բոլորի պես էի:

Իմ վրա շատ էին դողում` չարություն մի արա:

14 տարեկանից հետո մոտ 2-3 տարի է տևել, որ ինքս ինձ հետ ընդունել եմ: Ընդունել ինքդ քեզ: Ուղղակի հասկացա, որ դրա մեջ սխալ բան չկա: Ու վերջ: Ոչ ոք էդ հարցում չօգնեց: Էրոտիկ ժուռնալներ, որ հասկանայի, թե արդյո՞ք աղջիկներն ինձ դուր են գալիս: Չստացվեց: Դուրս չէին գալիս: Էմոցիա չկար:

Եթե ինքդ քեզ ընդունես` հասարակությունը նույնպես կընդունի: Շատ գեյեր դա չեն կարողանում անել ու ամուսնանում են կանանց հետ՝ խորտակելով իրենց կանանց ու երեխաների կյանքը:

3 տարեկան էի, որ մանկապարտեզ գնացի ու մեծացել եմ հետերոնորմատիվ միջավայրում: Կարևոր չի, թե ինչ է հետերոնորմատիվը: Մարդիկ, ընդհանրապես սիրում են եզրեր մոգոնել ու իրերին անուն տալու համար խելքներն իրենցը չէ: Մի խոսքով հետերոնորմատիվը ընդունված նորմերի ու չգրված օրենքների ամբողջությունն է:

Փոքրուց կնամոլ էի: Երևի չեք հավատա, բայց դա էդպես է, որ կա: Ամեն աղջիկ տեսնելիս պիտի սիրահետեի, ու հատկապես սիրում էի ձեռք տալ մեծ կրծքեր ունեցող կանանց: Անպայման պիտի ձեռք տայի այդ մեծ կրծքերին: Դուրս գալիս էր: Հիմա չեմ կարող ասել` ինչու: Հետաքրքրված էի: Էն ամերիկացի ընկերուհիս ասում էր. «ձեռքերդ խրիր փարթամ կրծքերիս մեջ, գիտեմ, որ կարոտած կլինես»:

Մանկապարտեզում ես միակն էի, որ ընկերուհի ունեի, ու նրան միշտ կոնֆետ էի տանում: Մի անգամ նույնիսկ մեծ ծաղկեփունջ տարա: Աննային: Անունը Աննա էր:

Բայց հենց էն ժամանակից էլ սիրում էի սիրուն տղաների հետ ընկերություն անել: Նույնը շարունակվում էր դպրոցում: Հիշում եմ առաջին դասարանի առաջին օրը, երբ բոլոր տղաների մեջից գնացի ու առանց երկմտելու բռնեցի շարքի միջի ամենասիրուն տղայի ձեռքը:

Առաջին դասարանից էլ ընկերուհի ունեի: Որին սիրահետեցի գրեթե մինչև 7-8 դասարան:

Էն ժամանակ կարծում էի, որ հետերոսեքսուալ եմ ու դրա համար եմ նրան սիրահետում, բայց ես իսկապես նրան սիրահետում էի իսկական բոյֆռենդի պես. նվերներ էի տալիս ու հետևում:

Ու մի աղջիկ էլ կար, որը մեր թաղում էր ապրում: Իրար հետ մոտիկ էինք: Բարձր դասարաններում ավելի մոտիկացանք, ու բոլորը սկսեցին բամբասել, թե էս բաբնիկը հիմա էլ սրան է սիրահարված: Բայց հենց էդ ժամանակ էր, որ սկսել էի զգալ, որ բոլորի նման չեմ ու ուզում էի առանձնանալ: Իմ մոտ սառել էր ամեն ինչ:

Մերոնք միշտ հիշում են մեր մանկապարտեզի Աննային, որին ծաղիկներ էի տարել: Մեր մամաները մինչև հիմա երբ տեսնում՝ էդ են հիշում:

Բայց ես փոքր քաղաքում էի ապրում: Դե Գյումրին իմ համար փոքր էր: Բոլորը բոլորին գիտեին, ու ընտանիքիս համար դժվար էր լինելու: Պետք է տեղափոխվեի: Որպեսզի կարողանայի կյանքս կազմակերպել: Հենց այդ պատճառով էլ եկա Երևան: Մյուս պատճառն էլ այն էր, որ պիտի սովորեի: Ընդունվեցի պոլիտեխնիկ: Դրան հիմա ասում են Ճարտարագիտական համալսարան:

Մերոնք ուզում էին, որ տնտեսագետ կամ բժիշկ դառնայի, որովհետև լավ, փողոտ գործ էր, բայց ինձ ձգում էին հումանիտար ուղղությունները:

Երևանում համեստ կյանքով էի ապրում:

Մեր կուրսը մեծ էր, ու մի տղա կար, որ ակնհայտ գեյ էր:

Նրան տեսնելիս հիշեցի, որ մեր դպրոցում էլ մի մեկը կար, որ հաստատ գեյ էր, բայց ես խուսափում էի հետը շփվելուց, որ հանկարծ ինձ անուն չկպներ:

Մի օր մեր կուրսի աղջիկներից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն: Էն գեյի հետ: Ասում են դու գեյ ես: Ասացի: Ճամբարում տղերքը օրագիրս էին գտել, որտեղ գրելի էի իմ սիրո պատմությունը ընկերոջս մասին, ու տենց ինձնից հեռացան: Ասաց: Բայց ոնց որ թե դո՞ւ էլ ես գեյ: Հարցրեց: Հա՛: Գեյ եմ:

Մի քիչ խոսեցինք: Պատմեցի, թե ոնց  էի 10-րդ դասարանում մի տղայի հետ համբուրվել ու շոյվել: Հետո թունդ վախեցել էի: Մտածում էի, որ կարող են էդ մասին իմանալ: Ու ես էլ կդառնամ բոլորի կողմից ատելի մարդ: Ղզողլան: Տատս ասում էր իր բժշկի մասին: Բամբասանքի առարկա: Ու ամեն դեպքում կարծում էի, որ պետք չէ տարբերվել: Բոլոր դեպքերում:

Նաև փոքրուց տարբեր երազանքներ ունեի: Ոնց որ բոլորը: Ուզում էի դերասան դառնալ: Թատրոն էի գնում, ու ինչ-որ դերեր ինձ տալիս:

Փոքր ժամանակ հորքուրս գործում էր, ես նստում ու նայում էի, թե ոնց էր գործում, ու ես էլ սովորեցի: Ուզում էի սովորել, որ քուրիկ կամ ախպեր ունենամ, իրենց համար գործեմ: Հետո նրանք չծնվեցին, իսկ հորքուրս միշտ նախանձում էր, որ ես իրենից ավելի լավ էի գործում:

Էն գեյի հետ ընկերացանք, ու դրանից ես շատ թեթև էի: Արդեն 19 տարեկան էի, ու դժվար տարիք էր: Ինքնասպանության մասին էլ եմ մտածել: Որ մերոնք չիմանային ու չխայտառակվեին: Ախր մերոնց մինուճարն էի:

Պապաս շատ խիստ էր, ու հետը խոսելու միտք կյանքում չեմ էլ ունեցել: Երևի մոտ 20 տարեկան էի, որ սկսեցի հետը քիչ ու միչ շփվել:

Մամայիս հետ էլ չէի կիսվում: Ամեն ինչ մեջս էր, իմն ու իմը:

Հետո մեր կուրսից մի ուրիշ աղջկա էլ պատմեցի: Հետո մեկ ուրիշի: Նրանք մարզերից էին ու լավ էին վերաբերվում գեյերին: Նրանցից մեկը նույնիսկ միասեռականների թեմայով ռեֆերատ էր գրել: Իմ համար: Որպեսզի ցույց տար, որ իմ կողքին էր:

Էն գեյի միջոցով մի ուրիշ գեյի հետ ծանոթացա, որի հետ առաջին անգամ հարաբերությւոն ունեցա: Մի որոշ ժամանակ իրար հետ էինք:

Աղջիկներն ինձ ասում էին, որ ես սիրուն տղա եմ: Բայց դրանից ինձ ոչ տաք էր, ոչ՝ հով:

Նրանք ինձ միշտ էլ սիրահարվում էին, իսկ ես սիրուն ցրում էի:  Էն իմ առաջին դասարանցի ընկերուհին՝ հետո, երբ արդեն մեծացել էինք, ինձնից լավ գիտեր, որ մեր մեջ սեռական զգացում չկար:

Ինձ լուրջ ջղայնացնում է հարցը, կամ եթե կուզեք` միտքը, որ նոր գեյի հետ ծանոթանալուց հարցնում են, թե արդյոք ըկերոջդ հետ եղել ես: Ընկերն ընկեր է: Ո՞նց կարող ես նրա հետ հարաբերություն ունենալ: Մեր մոտ էլ ամեն ինչ գրեթե բոլորի պես է:

Պանսեսքսուալ, ասեքսուալ, նույնասեռական, երկսեռական, կամ տրանսգենդեր… իմ համար կարևորը զգացմունքներն ու հուզականությունն են, քան դրանց որակում տալը: 

Գեյ լինելը ինքնություն է, իսկ միասեռականը՝ կողմնորոշում:

Փոքր վախտ սիրում էի մերկ կանանց նայել: Հետաքրքիր էր: Չգիտեմ որ մասը: Բայց տենց էր: Հորքուրս որ լողանում էր` մտնում էի բաղնիք, որ տկլոր տեսնեմ: Բայց զզվում էի, որ մանկապարտեզում տղաները զուգարանում իրենց եղած-չեղածն էին տնտղում: Էդ մտքից գանեի գը: Ինչպես նաև նրանից, որ ֆիզկուլտի ժամերին հանդերձարանում իրենց աճած մազերով էին հպարտանում կամ քննարկում էին, թե ում սեռական օրգանը ինչքանով լավն է ու ոնց կարող է պտտել:

Հետո որոշեցի կյանքս 180 աստիճանով փոխել: Մերոնք իմացել էին: Էստեղ մի թեթև դրա մասին պատմել եմ: Սիրահարված էի արդեն ու ընկերոջս հյուր էի կանչել մեր տուն: Իմ սենյակում պիտի քնեինք: Սենյակի դուռը բաց էր, ու գիշերը պապաս տեսել էր:  Բայց ձեն չէր հանել: Առավոտը մամաս 2-3 ժամ լաց էր լինում, ու ես էլ լացեցի: Երկար խոսեցինք, բայց դրանից ես հետերոսեքսուալ չդարձա: Ու մերոնց սերը իմ նկատմամբ չպակասեց:

Մարդը շատ հետաքրքիր էակ է: Մինչև անձամբ իր հետ մի բան չլինի, էդ մասին չի էլ մտածի: Ծնողը իր երեխայի մասին ենթագիտակցորեն շատ բան գիտի, ու ես մամայիս փորձեցի ապացուցել, որ փոքր ժամանակից եմ էդպես եղել, ու ինքը լռելյայն համաձանվեց:

Մենք միշտ փորձում ենք խնդիրը մեզնից հեռու տանել, որովհետև վախենում ենք ու չենք ընդունում, որ դա կարող է հենց մերը լինել: Աչք ենք փակում: Օրինակ մեզ թվում է, որ Հայաստանում այլևս երբեք երկրաշարժ չի լինելու, դրա համար չենք սովորում, թե ինչպես պաշտպանվել երկրաշարժի ժամանակ:

Մամայիս խնդրեցի, որ պապայիս հետ խոսի: Որ ամուսնանա` կփոխվի: Ասել էր պապաս:

Ուսանողական ծրագրեր կային, ու 3000 դոլար փող էր պետք գնալու համար: 2002թ. դա մեծ փող էր, ու դրանով 3 սենյականոց տուն կառնեիր անգամ Երևանում: Բայց պապաս տվեց: Գիտեին, որ հավերժ եմ գնում, ու նաև ուզում էին, որ հետո էլ իրենց տանեմ:  Գնա. էստեղ քո համար դժվար է լինելու: Ասաց:

Բայց ես չորս ամսից հետ եկա: Թեպետ իմ համար էնտեղ շատ էլ լավ էր: Գործը կար, երջանիկ էի, նույնիսկ հասցրի մի աղջկա սիրահարվել, բայց ինքը գիտեր, որ գեյ եմ:

Ուղղակի հասկացա, որ պարտք եմ Հայաստանին: Ու մերոնց: Համայնքում, որտեղ ծնվել-մեծացել եմ, վայելել եմ հարգանքը, որն ստեղծել էր հայրս: Ու ես չէի ուզում, որ մենակ իր անունով առաջնորդվեի, ու ես պետք է իմը ստեղծեի: Ու ԼԳԲՏ համայնքը կար, որի նկատմամբ դաժանություններ կային: Ու ես ոչինչ չունեի տալու Ամերիկային, բայց փոխարենը շատ բան վերցրել էի Հայաստանից: Պիտի օգուտ տայի ԼԳԲՏ մարդուն: Հային: որովհետև եթե հասարակության մեջ կա էդ ատելությունը,  դա վնասում է ոչ միայն ԼԳԲՏ-ին, այլև՝ բոլորին:

Էն աղջկա նկատմամբ, որին սիրահետում էի, էմոցիաներ չունեի: Մի քանի աղջկերքի հետ քնել եմ: Մտածում էի` միգուցե բիսեքսուալ եմ: Բայց հասկացա, որ կողքս տղա եմ ուզում տեսնել:

Հետո որոշեցի ուսումս շարունակել: Մի դասախոս կար, որ կանացի շարժուձև ուներ: Մի օր ասաց, թե եթե ուզում եք նույնասեռական դառնաք. նայեք հայելուն և ձեզ կին զգացեք: Ձեր հաջողված փորձից եք, հավանաբար, պատմում: Հակադարձեցի:

Բողոք ունեի: Ուզում էի ցույց տալ, որ մարդիկ տարբեր են լինում: Դրա համար մազերս  երկարացնում ու գազարագույն էի ներկում: Շորտեր ու ճղած ջինսեր էի հագնում, ու բոլորը ասում էին, որ տղային շորտ հագնել սազական չէ:

Ու էդքան բանն անում էի ոչ թե նրա համար, որ դուրս գալիս էր, այլ որ ես եմ որոշողը, թե ինչը ոնց անեմ ու դա ոչ ոքի չպիտի խանգարի:

Ես հոգու մարդ եմ, ու կարճատև հարաբերություններն իմ համար չեն: Առաջին երկար հարաբերությունս պարսիկի հետ է եղել: Նա էնպիսի մասկուլին տիպի առնական տղամարդ էր, որ փողոցում քայլելիս բոլոր փորձում էին «կպցնել»: Հետո նա գնաց, որովհետև եթե իր երկրում միասեռական լինելն օրենքով էր արգելված, ապա այստեղ` չգրված օրենքով:

Ինձ ձգում է տրանսգենդերը: Նա ամբողջովին կին էր: Մամայիս հետ ծանոթացրել էի, ու մամաս իրեն շատ էր սիրում: Հետո նա նույնպես գնաց: Հայաստանից:

Ես իմ կռիվը պրծել եմ, ու հիմա ընտանիքս եմ դասավորում: Ընկեր ունեմ, որի հետ՝ վստահ եմ, որ ապրելու եմ մինչև կյանքիս վերջ:  Ենթադրում եմ, որ մամաս գիտի,  բայց գտնում եմ, որ ես պետք է իրեն ասեմ: Ինքը միշտ հարցնում է, թե երբ եմ վերջապես ընտանիք կազմելու, ու ես ուզում եմ, որ ծնողներս իմ ընկերոջն ընդունեն ինչպես ինձ:

Գիտե՞ք, ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ իրարից տարբերվում են: Ու ամեն մեկն էլ ունի իր առավելություններն ու թերությունները: Ուղղակի չեմ հասկանում թե ինչու, բայց մարդիկ ինչ-որ չափից դուրս կենտրոնացած են սեռական հարցերի վրա: Հույս ունեմ, որ մի օր դա փոխվելու է:

Ինձ թվում է, որ մեր մոտ սեքսի պակաս կա, ու մարդիկ սեքսի վրա շեղված են: Այնտեղ, որըտեղ սեքսը տաբուացված չէ, ու մարդու անձնական կյանքի անկապտելի մաս է, դրա նկատմամբ հիվանդագին վերաբերմունք չկա:

Ուժեղի ու թույլի կռիվ՝ հավերժական պայքար: Դա ձևական օրենքներով չի լինում, ու գիտակցության մեջ պիտի լինի այդ իրավահավասարությունը:

Մեր մոտ մարդը դիտարկվում է սեռական օբյեկտ ու որպես սեքս-մեքենա, ու դա հիմնականում արվում է կանանց ու ԼԳԲՏ նկատմամբ: Էս սիրուն բառերը հետո սովորեցի, առաջ դրա մասին ավելի պարզորեն էի խոսում:

Երբ մենք գիտենք, որ տվյալ անձը հետերո է, մենք չենք խորանում նրա սեռական կյանքի մեջ ու քննում, թե նա որ դիրքով է սեքս անում, կամ քանի հոգու հետ: Մինչդեռ գեյ ասելիս՝ առաջին բանը որ գալիս է մարդու մտքին՝ սեքսն է ու քնելու դիրքը:

Այնինչ իմ ու իմ պեսի առօրյան կազմված է գործից, ընկերությունից և այլնից, իսկ ում հետ կամ ոնց լինելը դա ոչ մեկի գործը չէ, ու դա չպիտի լինի խոսակցության առարկա, որովհետև ոչ մեկ իրավունք չունի մտնելու մարդու և մատանու արանքը: Դրան անվանում են անձնական տիրույթ:

Ես միշտ ժպտում եմ: Ամերիկայից մնաց: Սկզբից շատ արհեստական էր ստացվում, բայց հիմա մեջը կյանք կա, ու ժպիտը ճիշտ է. երբ դու ժպտում ես. քեզ էլ են ժպտում:

Բոլորի պես եմ:

Աննա Մուրադյան

© Medialab.am