Տոկիո-2020. Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան

Հայկական ծանրամարտի դպրոցը ամուր հիմքեր ունի և վերջին տարիներին էլ շարունակում է բարձունքում մնալ: Համաշխարհային մի շարք մրցաշարերում ծանր քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուրույն տեղն ունեն:

Հայաստանի օլիմպիական հավաքականում, սակայն, այս տարի կլինեն միայն երկու ծանրորդ: Տղամարդկանց պայքարում` 109 կգ քաշում պայքարի մեջ կմտնի նաև Սիմոն Մարտիրոսյանը: Նա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 

«Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Սիմոն Մարտիրոսյանն է: Ասել, որ Մարտիրոսյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել:

Մեր հանդիպման ժամանակ, երբ լուսանկարիչն աշխատում էր ընթերցողին փոխանցել այդ պահին տեղի ունեցող իրավիճակը, Սիմոնին խնդրեց նայել դեպի «հաղթանակ»: Սիմոնը նայեց երկնքին:

Սիմոն, մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել: Բայց այս անգամ սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Փոքր տարիքում սպորտը շատ էի սիրում: Մինչ ծանրամարտը գնացել եմ բռնցքամարտի մեծ եղբորս հետ, բայց նա գնաց ծառայության, և հայրս չթողեց միայնակ շարունակեմ հաճախել բռնցքամարտի: Մեր ազգում եղել են ծանրամարտիկներ: Հորեղբայրս` Անդրանիկ Մարտիրոսյանը, մեծ արդյունքներ է գրանցել ծանրամարտում: Հայրս էլ ժամանակին զբաղվել է այս մարզաձևով, բայց ձեռքի վնասվածքի պատճառով չի շարունակել: Եվ մի օր էլ մեր հարևաններից Արշակն առաջարկեց իր հետ ծանրամարտի դահլիճ գնալ: Համոզեցի հայրիկիս, որ թողնի գնամ ծանրամարտի:

Առաջին անգամ, երբ գնացի դահլիճ, անկյունում մի փոքրիկ ձող կար, որը կշռում էր 30 կգ: Ես էլ 13 տարեկան էի: Այդ տարիքի համար 30 կգ ծանր քաշ է, մարզիչս ասաց, որ բարձրացնեմ այն ու առանց որևէ դժվարության բարձրացրեցի: Դրանից հետո բարձրացրեցի 60 կգ: Մարզիչս ապշել էր իմ հնարավորություններից: Մարզիչը պտտվեց դեպի Արշակը` մեր հարևանը և սպառնաց, որ առանց այս երեխայի այլևս ծանրամարտի դահլիճ չգա: Ամենն այսպես էլ սկսվեց:

Դուք միանգամի՞ց սիրեցիք ծանրամարտը:

 -Օր օրի, երբ սկսեցի ավելի բարձր քաշեր բարձրացնել, դա ինձ ավելի էր մոտիվացնում: Եթե անկեղծ, դժվարություններ էլ են շատ եղել: Հատկապես դժվար էր, երբ նոր-նոր էի կայանում որպես ծանրորդ, քանի որ պետք է սովորեի ծանրամարտի նուրբ տեխնիկան, պետք է դիմանայի մարմնի ցավերին:

Բայց անգամ այս ամենի հետ մեկտեղ ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի՝ բարդությունը, տանջանքը: Անկեղծ ասած՝ չեմ մտածել, որ շատ մեծ արդյունքների եմ հասնելու. պարզապես սիրեցի ծանրամարտը և վերջ:

Ասում են մարզիկի տաղանդը Աստծո կողմից է կամ մեծ արդյունքների հասնում են ջանասեր աշխատանքի միջոցով: Դուք ձեզ տաղանդավո՞ր, թե աշխատասեր եք համարում:

-Արդյունքները, որոնք գրանցել եմ մինչև օրս, մեկ գործի հաշվին չէ: Ասել է թե՝ ոչ տաղանդը, ոչ էլ աշխատասիրությունը, այլ՝ մարզիչների հետ աշխատանքը, ծնողների վերաբերմունքը, աշխատասիրությունը, գենետիկան: Միայն կարող եմ շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք իմ ճանապարհին օգնել են, եղել են կողքիս:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կլինեն երկրորդը ձեր մարզական կարիերայում: Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն ձեզ համար:

-Առաջին Օլիմպիական խաղերին, որին մասնակցեցի 19 տարեկանում, նվաճեցի արծաթե մեդալ: Իմ կարծիքով՝ դա շատ լավ արդյունք էր: Հիմա օլիմպիական մեդալն ունեմ և Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից: 5 տարի առաջ ես գնում էի մեդալի հետևից, հիմա այլ է:

Սիմոն, դուք ձեզ այժմ ապացուցելու բան ունե՞ք:

-Միանշանակ: Վերջին ձախողումից հետո մարդիկ գուցե կարծում են, որ Սիմոնը հղփացել է, մեծամտացել է: Մարզումներս գնում են մեծ թափով, հույս ունեմ, որ մինչև Օլիմպիական խաղերը ոչինչ չի խանգարի այս գործընթացին, որ Խաղերին մասնակցեմ 100 տոկոսով:

Մեր իրականության մեջ քիչ են այն մարզիկները, որոնք մեծ հաջողությունների հասնելուց հետո ոտքերը կտրում են հողից: Դուք ձեզ հիշեցնո՞ւմ եք հողին կպած մնալու մասին:

-Ձեր նշած պահերն ինձ մոտ եղել են 18 տարեկանում, երբ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էի: Այդ շրջանում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո հասել էի մի կետի, որ ինձ պարզապես բավարարված էի զգում: Բայց հասկացա մի բան՝ երբ նոր հաջողություններ չես գրանցում, բոլորն էլ մոռանում են քո մասին: Հիշելով այս ամենը մեծ մրցաշարերում հաղթելուց հետո գիտեմ, որ դա առավելագույնը չէ: Պետք է կրկնես արդյունքներդ, որ քեզ հիշեն:

Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերի համար:

-Հիմա պատասխանատվությունն ավելի մեծ է: Մեր ժողովուրդն այն տեսակն է, որը միշտ կանգուն է մնալու՝ անկախ ամեն ինչից: Մենք կանք, կմնանք միշտ: Մեր քայլերով պարտավոր ենք ինքներս մեզ ապացուցելու, որ կլինենք ու կլինենք բարձունքում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում