Արցախում կորոնավիրուսից բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստի արդյունքը դրական է, երրորդինը՝ բացասական

Արցախում կորոնավիրուսով վարակված ու բուժվող 3 քաղաքացիներից 2-ի թեստի արդյունքը դրական է, երրորդինը՝ բացասական, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նաև տեղեկացնում են.

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները:

Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:

Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն առողջացել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին»։