«Հանրապետականներն ունեին սրիկաների շատ լավ թիմ՝ իրար պահելու, իրար բերան թքած ման գալու, իսկ սրանց դեպքում չես հասկանում, թե վերջն ի՛նչ է լինելու»․ Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

Պարո՛ն Դանիելյան, դուք այս օրերին հանրային իրազեկման ակցիայի եք մասնակցում, որի նպատակն է կոչ անել մարդկանց՝ դիմակներ կրել։ Ի՞նչ եք նկատել, ինչո՞ւ են մարդիկ երբեմն խուսափում դիմակ կրելուց ու անվտանգության կանոնները պահպանելուց։

– Ես չէի ասի, թե բոլորը չեն հետևում կանոններին, հազվագյուտ մարդիկ են, որ չեն հետևում կանոններին։ Մեծ մասամբ հետևում են։ Քաղաքի այն հատվածներում, որտեղ ես շրջեցի մեկ օր, կարելի է ասել՝ զգալի մասը կրում էր դիմակ։

– Վարչապետն իր Ֆեյսբուքի էջին վերջին օրերին լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնք փաստում են, որ մարդիկ չեն պահպանում կանոնները։ Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այդ ֆլեշմոբին։

– Լավ կլիներ, եթե վարչապետն ավելի քիչ Ֆեյսբուք մտներ։ Ինձ թվում է՝ ինքն ավելի լուրջ գործեր կունենա անելու։ Օրինակ՝ շատ գործեր կան դատական համակարգի, ոստիկանության հետ կապված, միջազգային խնդիրներ կան։ Ֆեյսբուքում ինձ պետք է ավելի շատ նայեին, քան իրեն, հացս կտրել է վաբշե։ Ինձ թվում է՝ ինքն ավելի շատ պետական գործերով պետք է զբաղվի։ Մենք պետք է կարոտենք իր լայվերին, իր Ֆեյսբուք մտնելուն։

Եվ ընդհանրապես, նրան չի՞ մտահոգում, թե ինչո՛ւ է 1in.am-ն այս օրերին իրազեկման ակցիա անում, ոչ թե Հանրային հեռուստատեսությունը, որն ապրում է իմ հարկերով։ Վարչապետը դրանով պետք է զբաղվի, որ այդ քարոզչությունը Հանրայինով, այլ ալիքներով արվի, ոչ թե ամեն անգամ 8-րդ դասարանցու նման մտնի Ֆեյսբուք ու ասի՝ «վայ, իրար հետ պաչվում են, տեսեք՝ առանց դիմակի են»։ Սա ի՞նչ շնորհք է։ Այսինքն՝ ավելի լուրջ ռելսերի վրա կարելի է  դնել այդ աշխատանքը, ոչ թե Ֆեյսբուքում, տպավորություն է, որ ինքը պարապ է մնացել։

Վարչապետը հայտարարեց, որ այս իրավիճակում պատասխանատվությունը իհարկե Կառավարությունն է կրում, բայց մարդիկ չեն պահպանում անվտանգության կանոնները, այդ պատճառով է հիվանդացության մակարդակը բարձրանում։ Դուք ի՞նչ դիտարկում ունեք այս հարցի վերաբերյալ։

– Ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին իշխանությունը՝ երբեմն կանոնները պահպանում է, երբեմն՝ ոչ։ Ես չեմ կարծում, որ իշխանությունը խիստ պահում է, մենք տեսանք, որ իրենք էլ մի բան չեն։ Պետք չէ գլուխ արդուկել, թե՝ «մենք պահում ենք կանոնները, մարդիկ չեն պահում»։ Պահում են, ինչքան իտալացիներն են պահում, չինացիներն ու պորտուգալացիները, այնքան էլ մենք ենք պահում։ Կներե՛ք՝ մտնեն ու մարդուն գարաժի մեջ նկարեն, ասեն՝ դու դիմակ չես հագել, դա առնվազն անլրջություն է։ 

– Մենք նաև տեսանք, որ պաշտոնյաները խնջույքներ ու հարսանիքներ են անում այս փուլում։

– Այո՛, իհարկե, մենք դա էլ տեսանք։ Բայց այդ խնդիրը ամեն երկրում էլ կա, ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու։ Այս իրազեկման արշավը ավելի լուրջ կարելի է անել, իրենք Ֆեյսբուքով են անում, ինչն ինձ նյարդայնացնում է։

– Իսկ ի՞նչ լուրջ խնդիրներով պետք է զբաղվի հիմա վարչապետը, ի՞նչ խորհուրդ կտաք։

– Օրինակ՝ այդ դեգեներատներին, որոնք հիմա ընկել են իշխանության հետևից, պետք է կոչ աներ շնչառական  ապարատներ գնել՝ հիվանդներին փրկելու համար։ Պետք է ասեր՝ ա՛յ դուք և դուք, փող ունեք, ապարատ առեք, որ ժողովուրդը չմեռնի։ Ա՛յ նույն  պարոն Ծառուկյանին պետք է դիմեր, ասեր՝ դուք բարեգործ ըտենց համապատասխան լավ տղա եք, մենք այսքան ապարատ չունենք, խնդրում ենք, եթե կարաք գնեք այդ ապարատները, նվե՛ր տվեք մեզ։

Ես իր փոխարեն դա կանեի, կդիմեի բոլոր մեծահարուստներին, կասեի՝ կարևոր չէ՝ գողացե՞լ եք այդ փողը, թե՞ աշխատել, ախպե՛ր ջան, հիմա կրիզիսային վիճակ է, մեզ պետք է հազար հատ շնչառական ապարատ, որ տանենք ու համալիրում տեղադրենք։ Դա պետք է անել, ոչ թե նկարել մի աղջկա, ով դիմակ չի հագել, ա՛յ քեզ բան։

– Դուք նկատե՞լ եք նման միտում, որ մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում կորոնավիրուսին։

– Ես չեմ կարող հստակ ասել՝ որքանով են լուրջ, որքանով՝ ոչ։ Գիտեմ, որ Իտալիայում էլ էր այդպես, հետո բանը բանից անցավ, խելքները գլուխները հավաքեցին։ Խնդիրն այն չէ, որ միայն հայերն են այդպիսին։ Իհարկե, ամեն ինչ իշխանությունից է գալիս։

Եթե իրենք Ղարաբաղում տժժում ու քեֆ են անում, ուրիշին ո՞նց ասեն՝ հարսանիք մի արա։ Կամ՝ ընտրություններ են անում Ղարաբաղում, հետո ասում են… Բարդակ է ընդհանուր առմամբ, դրա համար էլ էն ուռոդներն առիթավորվել են։ Խնդիրը լուծելու փոխարեն ընկել իրար միս են ուտում։

Ընդհանրապես այս պայմաններում ես կուզեի լսել մասնագետների կարծիքը, ոչ թե միայն Արսեն Թորոսյանի դեմքը, ով դարձել է տելեզվեզդա, իմ հացն էլ է կտրել։ Երկուսով որ դուրս գանք, իրեն ավելի շատ են արդեն ճանաչում, քան ինձ։ Ավելի լավ կլիներ լսել լուրջ համաճարակաբանների խոսքը։

Միշտ Արսեն Թորոսյանն է խոսում, վարչապետն է խոսում, ով լրիվ հյուծված է, նայում ես՝ մեղքդ գալիս է, մազերը սպիտակել են, նայում ես՝ զգում ես, որ էլ չի հասկանում թե ինչ է անում։ Դե այն դեգեներատներին, որ հավաքել է իր կողքին, ովքեր են իր շրջապատը, այդպես էլ պետք է լիներ։

Անուններ չեմ տալիս, բայց ինքն այդպես էլ չկարողացավ թիմ սարքել, իսկ իշխանությունը թիմային խաղ է։ Հանրապետականներն ունեին սրիկաների շատ լավ թիմ՝ իրար պահելու, իրար բերան թքած ման գալու, տեղը եկած պահը՝ իրար ծախելու, հետո իրար ձեռք բռնելու թիմ էր, պադոնոկների մի թիմ էր։ Իսկ սրանց դեպքում չես հասկանում, թե վերջն ի՛նչ է լինելու։ Ամենասարսափելին այն է, որ բանակ ունենք, և այս վիրուսը վաղը կարող է մեր բանակ մտնել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am