Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

Մադրիդում մարտի 23-ին տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել և ելույթով հանդես եկել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը:

«Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:

Միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբալիեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ հիշել է Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։

Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ է արել այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։