«Արդար Հայաստանը» պահանջում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը COVID-19-ի դեմ «ՊԱՐՏԱԴՐՎԱԾ» պատվաստման մասին

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը․

ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի համաձայն՝ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները ս.թ. հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման (ՊՇՌ հետազոտության) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ բացառությամբ ամբողջական պատվաստված, կամ մեկ դեղաչափ պատվաստված, կամ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների: 

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից հետո չպատվաստված կամ ՊՇՌ հետազոտության չենթարկված անձինք աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում աշխատանքի չներկայանալու դեպքում կարող են ազատվել աշխատանքից՝ գործատուի կողմից միակողմանիորեն աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման միջոցով:

Բացի այդ, առողջապահության նախարարը չի բացառել, որ գործատուները նույնպես կարող են ենթարկվել պատասխանատվության՝ ենթադրաբար իրենց աշխատակիցների չպատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում:

«Արդար Հայաստան» կուսակցությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիների կողմից, որոնք համաձյան չեն հարկադրված պատվաստմանը և ընդգծում են, որ չպատվաստվելու դեպքում վտանգված է իրենց աշխատանքը:

Կուսակցությունը գտնում է, որ վերը նշված հրամանով առերևույթ խախտվում է ՀՀ սահմանադրության 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության սկզբունքները:

Խորապես համոզված ենք, որ  կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես կամավորության սկզբունքով, որևէ քաղաքացու այլևայլ գործընթացներով չպետք է հարկադրվի պատվաստվել, առավել ևս վտանգի տակ դնել նրանց աշխատանքը:

Բացի այդ, յուրաքանչյուր 14 օրը ՊՇՌ հետազոտությունն իրենց հաշվին իրականացնելու դեպքում քաղաքացիները կատարելու են հավելյալ ծախսեր, որոնք էլ ավելի են բարդացնելու իրենց սոցիալական ծանր վիճակը:

Նկատի ունենալով վերը նշվածը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վերանայել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, պատվաստման գործընթացը ՀՀ ողջ տարածքում և բոլոր քաղաքացիների համար դարձնել բացառապես կամավորության սկզբունքով, միաժամանակ իրականացնել համապատասխան մասնագիտական աշխատաքներ ՀՀ քաղաքացիների կողմից պատվաստման գործընթացն ընդունելի դարձնելու համար, ինչպես նաև մատչելի կերպով ներկայացնել պատվաստման արդյունավետությունը հիմնավորող և վտանգավորությունը բացառող հնարավորինս անհերքելի փաստարկներ, բացի այդ, բացառել խտրական որևէ դրսևորում, միաժամանակ քննության առնել ՊՇՌ հետազոտությունն անվճար դարձնելու կամ դրանց արժեքը էապես նվազեցնելու հարցը: