«Ցավոք, մեզանում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմն է կարևորվում, որքան քաղաքական կողմնորոշումը». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ եթե դասեր չքաղենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններից, թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում։ Ձեր կարծիքով՝ այս մեկ տարին ամփոփելով՝ ի՞նչ արդյունք ունենք։ Որքանո՞վ են Սասուն Միքայելյանի ասածները մոտ իրականությանը։

– Ես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Սասուն Միքայելյանը, բայց շատ նորմալ է, որ որոշ տեղերում իշխող կուսակցությունը չի հաղթում։ Եթե ամեն տեղ պետք է հաղթի իշխող կուսակցությունը, նշանակում է՝ մեզ մոտ ոչինչ չի փոխվել։ 

Չեմ կարծում, որ ամենամեծ պրոբլեմը նա է, որ ամեն տեղ լինեն յուրայիններ։ Ես հակառակ կարծիքին եմ, որ և՛ դատական անկախ համակարգի, և՛ անկախ մամուլի գոյությունն ավելի կարևոր է։ 

Ցավոք, մեզ մոտ ոչ այնքան պրոֆեսիոնալիզմն է կարևորվում, որքան քաղաքական կողմնորոշումը, և քաղաքականությունը չափից ավելի մեծ դեր է խաղում մեր կյանքում։ Եթե նկատել եք, ինչ թեմա էլ շոշափենք՝ խոսում ենք քաղաքականությունից։

 Ինչ վերաբերում է անցած մեկ տարվան, ապա արդյունքները շատ տարբեր են, կարծում եմ՝ կան և դրական բաներ։ Այն, ինչ հիմա կատարվում է մշակույթի ոլորտում, հատկապես այս միավորումից հետո, իրավիճակը կարելի է շատ դրական գնահատել։

Եկել են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք լրջորեն սկսել են զբաղվել խնդիրներով։ Պարզվում է՝ նաև կառավարությունում, ֆինանսների նախարարությունում պատրաստ են դրան արձագանքել։ Սա ինձ համար շատ կարևոր երևույթ է։ 

Սոցիալական ոլորտին ևս սկսել են մեծ ուշադրություն դարձնել. խոսքը և՛ նվազագույն աշխատավարձի բարձրացման, և՛ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության, և՛ սրտի վիրահատությունները մինչև 2021 թվականը բոլորին ներգրավելու, և՛ առողջապահության ապահովագրության ներդրման մասին է։ 

Սրանք, իհարկե, դրական են։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ես դրա մասնագետը չեմ, և ինչպես ասում են՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին։ Երբ 2013 թվականից սկսած Հայաստանը կողմնորոշվեց դեպի Եվրասիական միություն, ես Հայաստանի տնտեսական զարգացումը որևէ իշխանության հետ չեմ կապում, այլ կապում եմ այդ միության հետ։ 

Ես, իհարկե, ինձ իրավունք չեմ վերապահում խոր գնահատականներ տալ, հասկանում եմ, որ անվտանգության հարցեր են դրված և այլն, բայց բոլոր դեպքերում, ըստ իմ հաշվարկների, չաշխատող տնտեսական համակարգի մեջ հնարավոր չէ աշխատեցնել ու զարգացնել սեփական տնտեսությունը։ 

Ինչ վերաբերում է արժանապատվության հարցերին և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը, վերջապես մենք ունեցանք մի դեպք, երբ հակավրացական փաստաթղթի դեմ Հայաստանը չքվեարկեց։ Սա փոքր, բայց ինչ-որ չափով որոշակի ինքնուրույնություն դրսևորելու քայլ էր։ Իհարկե շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանում շատ ավելի արագ կայանար անկախ դատական համակարգը, բայց հասկանում եմ, որ դա շատ դժվար պրոցես է։ 

Մենք դրա ավանդույթը չունենք, մենք երբեք չենք ունեցել անկախ դատական համակարգ ո՛չ խորհրդային շրջանում, ո՛չ հետխորհրդային։ Չեմ կարծում, որ եթե մենք նույնիսկ փոխենք դատավորներին, նրանք չեն փորձի ոչ թե զանգերով կողմնորոշվել, այլ քամիներով, թե որ կողմից է քամին փչում։ 

Սա մի քիչ երկար պրոցես է, և այստեղ պետք է լիակատար հեղինակություն, վստահություն վայելել հենց ինքնուրույն քայլերով։ Ոչ ոք չի կարող վերականգնել դատական համակարգի հանդեպ վստահությունը, բացի հենց դատական համակարգից։ 

Նույնն է նաև անձնական հարաբերություններում. որևէ մեկը չի կարող իր հանդեպ վստահություն ներշնչել, եթե տվյալ մարդը մատը մատին չի խփում իր հանդեպ վստահություն ներշնչելու համար։ Այնպես որ, այս վիճակը շատ բնական եմ համարում։ 

Բացարձակապես չէի ուզենա, որ ամեն ինչը կապվեր մեկ անձի հետ, որովհետև եթե մենք ընտրել ենք խորհրդարանական կառավարման համակարգ, ընտրել ենք առաջին հերթին նաև նրա համար, որ լինի կոլեկտիվ պատասխանատվություն։ Ինքս միշտ դեմ եմ եղել մարդկանց քննադատելուն։ 

Մեծ ակտիվությամբ քննադատել եմ մարդկանց կարծիքները, այլ ոչ թե այդ կարծիքը կրողներին, որովհետև երբ քննադատում ես կարծիքը կրողին, արտահայտողին, հետո ինքդ ես հայտնվում վատ վիճակում, որովհետև այդ կարծիք արտահայտողը մի անգամ էլ կարող է արտահայտել այն կարծիքը, որը դու կիսում ես։ 

Բայց քանի որ դու ոչ թե կարծիքն ես քննադատել, այլ անձին, դու պարտավորված ես լինում պահել քո գիծը։ Ես մտածում էի, որ այս միտքը ինձ է պատկանում, բայց, ցավոք, պարզվեց, որ ինձնից շատ ու շատ առաջ այդ միտքն արտահայտել է մի հանճար՝ Լեոնարդո դա Վինչին։ 

Կարծում եմ՝ միշտ պետք է իրարից տարանջատել լավն ու վատը, որովհետև եթե մենք ասում ենք ամեն ինչ լավ է, կամ ասում ենք՝ միանշանակ ամեն ինչ վատ է, մենք դրանով օբյեկտիվ պատկեր չենք ունենում։ 

– Իշխանությունը որքանո՞վ է դանդաղում բարեփոխումների ճանապարհին։ Շատերը նշում են, որ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնց ուղղությամբ ոչինչ չի ասվում։ Ձեր կարծիքով, այս դանդաղկոտությունն ինչո՞վ է պայմանավորված։ 

– Դժվարանում եմ պատասխանել, երևի այդ հարցին կարող են պատասխանել հենց նրանք, որոնք այդ քայլերն են անում։ Համենայնդեպս, եթե խոսքը սահմանադրական փոփոխությունների, ավելի հավասարակշռված պետական կառավարման համակարգ ստեղծելու մասին է, դրա մասին, կարծում եմ, արդեն կարելի է խոսել, նաև որոշակի քայլեր ձեռնարկել առնվազն հանրային քննարկումներ կազմակերպելու առումով։ 

Ես չգիտեմ, թե դանդաղումն ինչո՛վ է պայմանավորված։ Գուցե ցանկություն չկա դիմելու կտրուկ քայլերի և ալեկոծելու հասարակությունը, քանի որ թեև հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, բայց տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ տարբեր հարցերով փորձում են ճանապարհներ փակել։ 

Մեկին դուր չի գալիս գյուղապետը, մյուսին՝ գյուղապետի կինը, և կարծես թե հարցեր լուծելու միակ միջոցը ճանապարհ փակելն է։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք վստահություն չունենք իրավապահ մարմինների, արդարադատության համակարգի հանդեպ։ Որովհետև բոլոր այդ հարցերը պետք է ստանան իրենց իրավական լուծումը և պետք է գնալ իրավական ճանապարհով։ 

Մշտապես գնալ հեղափոխական ճանապարհով, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ։ Ընդ որում, սա վերաբերում է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Ավելին, ես կարծում եմ, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է ավելի շատ առաջ նայեն, որովհետև վերադարձ դեպի անցյալ չկա։ 

Նույնիսկ եթե լինեն նոստալգիկ տրամադրություններ, միևնույն է՝ վերադարձ չկա, ինչպես չեղավ վերադարձ դեպի Խորհրդային Միություն, թեև առաջին տարիներին նոստալգիկ տրամադրությունները շատ ուժեղ էին։ Մարդն այնպես է ստեղծված, որ պետք է գնա առաջ և դա է ճիշտը։ 

Պետք է միշտ առաջարկել ավելի նոր, ավելի հետաքրքիր, ավելի առաջադիմական բաներ։ Պետք չէ պայքարել ստից ստեղծված վախերի հետ, պետք չէ ընդհանրապես կյանքը կառուցել վախերի վրա։ 

– Ռևանշի վտա՞նգ էլ չեք տեսնում, արդյոք այդ վախերը հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ։

– Ռևանշի վտանգ չի լինի, եթե հանրությունը լինի զարգացած, կրթված, մշակութային։ Ե՞րբ է ծագում ռևանշի վտանգը, երբ հանրությունը գտնվում է մթության մեջ, երբ նրան վախեցնում են, երբ զոմբիացնում են, սկսում են այդ վախերով ղեկավարել։ 

Այդ դեպքում, իհարկե, ռևանշի սպառնալիքը կա։ Բայց ռևանշի սպառնալիքի համար պետք է ոչ թե վերացնել ռևանշիստներին, որովհետև նրանց փոխարեն կգան նոր ռևանշիստներ, այլ պետք է դրա համար պարարտ հողը վերացնել, որից իրենք սնվում են։ 

Պետք է ապացուցել, որ մենք՝ հայերս, ոչնչով պակաս չենք ուրիշ ժողովուրդներից, որ մենք ևս կարող ենք մեր ձեռքերով ինքներս կառուցել մեր երկիրն այնպես, ինչպես մենք ենք նպատակահարմար գտնում։ Որպեսզի մենք դադարենք առաջնորդվել վաղուց իրեն սպառած գաղափարներով, համակարգերով։ 

Եթե մենք այս պարարտ հողը վերացնում ենք, ցանում ենք այնտեղ ազնվական սերմ, ռևանշը որևէ շանս չունի։ Իսկ նման խմբեր կան բոլոր երկրներում, որոնք միշտ օգտագործելու են բոլոր այն դժվարությունները, որ ծագում են։ Առավելևս, երբ երկրում կատարվում են կտրուկ համակարգային փոփոխություններ, դրանք փորձում են հետ քաշել, հետ տանել։ 

– Տեմպերը արդյոք բավարա՞ր են։

– Ես այստեղ ավելի շատ տեսնում եմ հասարակության հետ աշխատանքի անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր նորմալ ժողովրդավարական երկրում հիմքը հասարակությունն է, և քաղաքական ուժերը ոչ այնքան իրար հետ են կռվում՝ իրար սևացնելով, որքան փորձում են գրավել հասարակության ուշադրությունը և քաշել իրենց կողմը։ 

Էլ չեմ ասում, որ այդ կռիվը չի կարող դառնալ նաև հասարակության մեջ ներծծված կռիվ, որովհետև այդ ժամանակ մենք պարզապես կդադարենք որևէ արժեքավոր գործով զբաղվել և կսկսենք թշնամիներ փնտրել։ 

Այդ դեպքում բոլոր կողմերն էլ արդարացի կլինեն, որովհետև իրար հանդեպ թշնամաբար են տրամադրված։ Բայց դա չի նշանակում, որ հասարակության մեծամասնությունը պետք է այդ մոտեցումները կիսի։ Ես ապրել եմ սիրում և ճիշտ եմ համարում, որ մարդիկ առաջ նայեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am