Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սահմանադրական դատարանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչեց՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:
Սա նշանակում է, որ առաջիկա օրերի ընթացքում տեղի կունենա նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստը, որի ըթնացքում կընտրվեն Ազգային Ժողովի նախագահն ու փոխնախագահները:
ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Իսկ ՀՀ սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Սա նշանակում է, որ մինչև ս.թ. օգոստոսի 15-ը ոչ միայն կազմավորված կլինի նորընտիր Ազգային ժողովը, այլև նոր կառավարությունը»: