«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը
– Պարո՛ն Պիպոյան, հազարավոր վարորդներ ՌԴ օրենքի փոփոխության հետևանքով չեն կարողանում մուտք գործել այդ երկիր ու բեռները տեղ հասցնել, ինչի հետևանքով կիլոմետրանոց խցանում է առաջացել հայ-վրացական սահմանին: Ի՞նչ էր պետք անել, որ այս խցանումները չառաջանային:
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք՝ համաձայն որի, ուղևորափոխադրողներն ու բեռնափոխադրողները ՌԴ-ում կարող են մնալ օրացուցային տարվա ընթացքում 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, քանի որ խախտումների վերացման համար տրված ժամկետը լրացել է, տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։
– Դա բնական խնդիր է, որ ծագել է: Վարորդների խնդիրը չէ երկրի տեսանկյունից ռազմավարական երկարաժամկետ պլանավորումներին մասնակցելը, բայց ուզում եմ ասել, որ վարորդներից մեկը, որը երեկ գիշեր կապ էր հաստատել ինձ հետ, շատ ավելի երկարաժամկետ ռազմավարական մտածողություն ունի, քան մեր շատ պաշտոնյաներ։
Նա ասում էր՝ հենց հիմա ճանապարհը փակ է բեռնատարների համար, ի սկզբանե էլ բեռնատարների համար է փակ եղել, մարդատարների համար ճանապարհ փակելու խնդիր չեն դրել, բայց հայտարարություն է հնչում, թե բնականոն երթևեկությունը վերականգնված է, ու ընդգծեց, որ դա ասում է, որ այդ հայտարարությունից ելնելով ինչ-որ մեկը չգա ու չկարողանա անցնել, որովհետև ճանապարհը փակ է: Այսինքն՝ նա ավելի շատ երկարաժամկետ ու ռազմավարական մտածողություն ուներ, քան պետական կառույցների ներկայացուցիչները:
Վարորդների մեղքով չէ, որ իրենք մնացել են Ռուսաստանում, շատ դեպքերում Լարսն անանցանելի է եղել, ու նրանք ստիպված են մնացել այնտեղ, խնդիր է եղել, ու երեք օրվա փոխարեն ութ օր են մնացել: Պլանավորում էր պետք անել ու հասկանալ, որ ինչ-որ պահից սկսած մեր վարորդները բախվելու են այս խնդրին, որովհետև ԵԱՏՄ անդամ երկիր ենք, Ռուսաստանը մեր արտահանման հիմնական ուղղությունն է, ու պետական կառույցներն իրավունք չունեն մատների արանքով նայել այն առանցքային օրենսդրական փոփոխություններին, որոնք այնտեղ կատարվում են, որովհետև պետությունը ստիպված է լինելու առերեսվել այդ օրենքների հետ:
Նախապես պետք էր կազմել բոլոր այն ընկերությունների ցուցակը, որոնք Հայաստանում գործունեություն են ծավալում բեռնափոխադրումների ոլորտում, բոլոր ընկերություններից պահանջել նրանց ծառայություն մատուցող կամ հաստիքային վարորդների տվյալները, այդ տվյալներով ստեղծել արդեն վարորդների միասնական բազա, դա նախապես տրամադրել ռուսական կողմին, ու երբ գար խնդրին բախվելու օրը, ռուսական կողմը կիմանար, որ ամիսներ շարունակ հայկական կողմը նախապես դա կանխատեսել էր, ու եղավ այն, ինչ պետք է լիներ, իսկ թե հիմա արդեն ինչ կլինի՝ չգիտեմ, որովհետև ես չգիտեմ, թե ինչ են բանակցում:
– Այսինքն՝ հնարավո՞ր էր կանխել այս խնդիրը:
– Կանխելու խնդիրը չէ, միշտ պետք է աշխատել, երբ դու կանգնած ես մնում, հետևիցդ վազելով գալու են ու անցնեն քեզ: Եթե անգամ քո մեկնարկային դիրքը բոլորից առաջ է, երբ գալիս ու քեզ հավասարվում են, ունեն առավելություն, որովհետև նրանք ունեն արագություն, անգամ եթե սկսես նրանց հետ, դու արդեն պարտված դիրքում ես: Մեր պետական կառույցներն ավելի շատ նախընտրում են խոսել, քան գործել:
– Պարո՛ն Պիպոյան, այս խցանումներն ի՞նչ հետևանքներ են առաջացնելու:
– Տարբեր. կա երկու սցենար, եթե խոչընդոտը շարունակի երկար մնալ, դա արդեն ուրիշ պատմություն է, կամ ի վերջո ուժային կառույցները ցուցարարներին կհեռացնեն, ճանապարհները կբացվեն, ինչն էլ նշանակում է, որ այն վարորդները, որոնք չեն կարողանում այսօր Ռուսաստան մտնել, այդ վարորդների բացը լրացվելու է ռուսական կամ այլ երկրի ընկերություններով, այստեղ էական չէ՝ ո՛ր երկրի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայկական բեռնափոխադրումների հետ կապված խոչընդոտն ինչպե՛ս կչարաշահեն այդ ընկերություններն ու ի՛նչ գներ կսահմանեն, այդ ամեն ինչն էլ կունենա իր ազդեցությունը ապրանքների գների վրա: Միանշանակ է, որ տնտեսությունը կտուժի, որովհետև լոգիստիկ ծառայություններ մատուցողների մի ամբողջ ուղղություն բախվել է խնդրի, բացի այն, որ ուղիղ հարված կլինի տնտեսությանն այդ իմաստով, նաև այն բացը, որ կգան կփակեն մյուսները, իսկ դա ի՛նչ գնով կանեն, դեռ հայտնի չէ, ու ամեն ավել դրամը մտնելու է ապրանքի ինքնարժեքի մեջ, հետևաբար արտացոլվելու է ապրանքների գների վրա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















