Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայանը ներկայացրեց գերակայությունները

Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ներկա փուլում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստան-Արցախ- Սփյուռք  կապերի կարևորությանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին:

– Պարոն նախարար, ինչպիսի խմբագրումներ են ենթադրում Արցախյան նոր պատերազմն ու դրա հետևանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում:

-Բնական է՝  ցանկացած այսպիսի պատերազմ ու արհավիրք, լինի հաղթական, թե այլ ելքով,  չի կարող ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա:  Ներկայիս դժվարությունները ևս ազդում են արտաքին քաղաքականության վրա՝ յուրաքանչյուրը յուրովի: Նախևառաջ  մենք ունենք ավանդական ու գերնպատակային խնդիրներ, որոնք կմնան այսուհետ ևս: Դրանցից են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, երկկողմ միջազգային հարաբերությունների զարգացումը,  ներհայկական կապերի ամրապնդումը: Ներկա դրությամբ՝ գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն  է:  Այստեղ անելիքներ կան ոչ միայն արտաքին քաղաքական բնագավառում, այլ նաև՝ պետականաշինության գործընթացում: Նույնիսկ այս իրավիճակում Արցախը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի: Արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի ավելի ճկուն իրատեսական և էմոցիաները նվազագույնի հասցված: Հաշվարկները պետք է շատ խորաթափանց ու հանգամանալից լինեն: Համապարփակ հաշվարկներ պետք է կատարվեն: Այս է ներկայիս ժամանակահատվածի յուրահատկությունը:

-Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էիք, որ Արցախի դեօկուպացիան հնարավոր է: Տեսանելի ժամանակահատվածո՞ւմ է դա ուրվագծվում, ինչպիսի՞ գործիքակազմով եք տեսնում այդ գործընթացը:

-Այս գործընթացը, նույնպես պահանջում է նվազագույն էմոցիոնալություն, հաշվարկի առկայություն, ճկունություն, մեծ քրտնաջան աշխատանք, արհեստավարժ մոտեցում, հայրենասիրություն և ճիշտ աշխատանք ու կազմակերպվածություն:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի միջազգային հարաբերությունների և  համագործակցության հեռանկարները:

– Պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ինչպես աշխատենք՝  այնպիսինն էլ լինելու է արդյունքը: Արտաքին քաղաքականությունը նաև աշխարհաքաղաքականության դրսևորում և արտացոլում է, ինչը նշանակում է, որ այս գործընթացում ևս զգացմունքների մասին պիտի մոռանանք: Նախադրյալներ կան: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ:

– Արցախի Հանրապետության նախագահը նշել էր, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջնահերթությունների շարքում է լինելու: Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ ու ռազմավարություն է անհրաժեշտ:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացում պետք է սերտ համագործակցենք Սփյուռքի ազգային կառույցների հետ,  Մայր Հայաստանի հետ տարաբնույթ աշխատանքներ իրականացնենք: Միջազգային ասպարեզում ունենք ռազմավարություն, որը տարիներ շարունակ գործում է: Լոկալ, այնուհետև սուբյեկտների մակարդակով ճանաչում, որից հետ պետք է գանք պետական մակարդակով ճանաչմանը: Այստեղ մարտավարության մեջ պետք է փոփոխություն մտցնենք: Իհարկե, ռազմավարությունը  պետք է միշտ առավել ճկուն դարձնենք, սակայն մարտավարությունը բնական է, որ շատ ավելի մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի:

Մանրամասները՝ այստեղ