Երեք լուր ստացա. մեր տունը թուրքերը վառել են, գյուղը գրավել են, ամուսինս էլ զոհվել է. Նանար Սարգսյանը՝ «կյանքը 360 աստիճանով փոխվեց»

30-ամյա Նանար Սարգսյանի օրն անցնում է հիշողություններով, կարոտով, արտասուքով։

Արցախյան պատերազմի ժամանակ՝ հայրենիքի պաշտպանելիս, զոհվել է Նանարի ամուսինը՝ 30-ամյա Մաքսիմ Սարգսյանը։ Կնոջ խոսքով՝ պատերազմն ամբողջությամբ փոխել է իրենց կյանքը:

«Տեղահանվելուց հետո երեք լուր ստացա՝ մեր տունը թուրքերը վառել են, գյուղը գրավել են, ամուսինս էլ զոհվել է։ 360 աստիճանով փոխվեց մեր կյանքը»,- հուզմունքը զսպելով ասում է 31-ամյա Նանար Սարգսյանը։

Կինն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 3-ին, հաջորդ օրը լսել է ամուսնու զոհվելու մասին:

«Վերջին օրը որ խոսեցինք, ասեց՝ դրությունը շատ վատ ա, որ չզանգեմ, չվախենաք, ասեց՝ երբ հարմար լինի, կզանգեմ։ Նոյեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 11-ին, իրա էդ վատ լուրը մեզ հասավ։ Բարեկամից իմացանք։ Մեզ սկզբում ասել էին՝ վիրավորվել ա, հետո ասեցին, որ զոհվել ա: Պուլիմյոտը որ խփել ա, իրա աչքի տակով մտել ա, գլխի հետևով դուրս եկել։ Ինքը տեղում զոհվել ա»,- ասում է կինը։

Նանարն ամուսնու և անչահաս երեխայի հետ մինչ պատերազմը բնակվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում, որտեղ ունեցել են տուն, հողամաս։ Ասում է՝ մինչև պատերազմը հրաշալի ապրում էին․ «Մենք ուրիշ ձևի զույգ էինք, ամենալավ ձևով իրա երեխուն հագցնում էր, ինձ հագցնում էր, իրա ծնողին նվիրված, շատ համեստ, խելացի մարդ էր, շատ հավասարակշռված»։

Այժմ Նանարի ամուսնու ծնողները Ստեփանակերտում հյուրանոցում են ապրում, ինքն էլ երեխայի հետ՝ ծնողների տանը:

«Մինչև մեր գյուղը գրավելը, ռմբակոծությունների ժամանակ թողեցինք, եկանք Երևան, հետո եկանք Ստեփանակերտ, սկեսուրս, սկեսրայրս հյուրանոցում են, ես եկա ծնողներիս մոտ՝ Ստեփանակերտ։ Հիմա էնքան որ երեխու նպաստով մի կերպ յոլա եմ գնում»,- ասում է Նանար Սարգսյանը։

Նշում է, որ պատերազմն այնքան դառնություն ու ցավ է բերել, որ նկարագրել հնարավոր չէ, հիմա կյանքին միակ իմաստը հաղորդում է երեխան:

«Ամբողջ օրն անցկացնում եմ երեխու հետ, ամենօրյա հոգսերը, դրանցով օրս անց եմ կացնում, ժամս սպանում։ Էնքան որ, երեխու համար մի կերպ ապրում եմ, շատ դժվար ա, ամեն օր լացելով քնում, լացելով զարթնում եմ։ Երեխես ա ուժ տալիս, ապրում եմ, որ իր նպատակներին հասցնեմ»,- ասում է մայրը։

Նշում է, որ չի կարողանում համակերպվել ամուսնու կորստյան հետ, ասում է՝ տունն էլ հիշում է, կարոտում է, բայց ամենացավեցնողը ամուսնու զոհվելն է:

«Տունն էլ եմ հիշում, բայց ամուսնուս զոհվելու դիմաց էդ զրո ա իմ համար։ Նկարներն եմ թերթում, հիշում եմ մեր ապրած օրերը, ամենից շատ ամուսնուս եմ կարոտում, կարոտում եմ իր ձայնը, մտածում եմ՝ որ պիտի զանգի։

Մեկ ա՝ սպասում եմ, տեսել եմ ամեն ինչ, բայց մեկ ա՝ սպասում եմ»,- հուզմունքը թաքցնելով ասում է Նանարը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am