Մեծ ռումբ տարածաշրջանում. ըստ վերլուծաբանների` չեզոք կեցվածքի դեպքում ավելանում է ռազմական գործընթացների վերսկսման հավանականությունը

Մեծ ռումբ  տարածաշրջանում. ըստ վերլուծաբանների` չեզոք կեցվածքի դեպքում ավելանում է ռազմական գործընթացների վերսկսման հավանականությունը
Մեծ ռումբ տարածաշրջանում. ըստ վերլուծաբանների` չեզոք կեցվածքի դեպքում ավելանում է ռազմական գործընթացների վերսկսման հավանականությունը

Վերջին զարգացումները` կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման և հայրենի Բաքվում ներում շնորհելու ու հերոսի դափնիներ պարգևելու հետ, ըստ վերլուծաբանների` լարվածության առումով կարող է ռումբի դեր կատարել տարածաշրջանում:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը` «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասում է, որ լարվածության աճ է նկատում տարածաշրջանում:
«Այս քայլը չափազանց մեծ լիցք է իր մեջ պարունակում, մեծ ռումբ է: Նկատի ունեմ, որ Հայաստանն իր անվտանգությունը վտանգված է տեսնում մի երկրի կողմից, որը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է: Այստեղ է, որ Հայաստանը պատասխան է ակնկալում այս երկրներից: Եվ եթե մեր երկիրը այս հարցին վերաբերում է որպես անկյունաքար, ապա գնալու է երկրների ճամբարավորման. նրանք, ովքեր Հայաստանի կողմն են, և նրանք, ովքեր Ադրբեջանի կողմնակիցներն են: Կանխատեսում եմ, որ տեղի է ունենալու ուժային բալանսի փոփոխություն: Թե ի´նչ կլինի հետո, դեռ պետք է սպասենք»,- ասում է նա:
Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ այս հարցին միջազգային հանրության արձագանքը կախված է նրանից, թե յուրաքանչյուր երկիր իր շահն ինչպե´ս է տեսնում:

«Այս քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը և իր մոտեցումը կպարտադրի բոլորին: Սա է այս երկրի քաղաքականությունը, և այն միշտ է այսպիսին եղել: Հունգարիան գուցե փորձեց իր երկրի համար փոքր հարց լուծել, սակայն հայտնվեց մեծ պատմության մեջ»,- ասում է Սարգսյանը:

Ըստ ՌԱՀՀԿ-ի տնօրենի` այս իրավիճակում Հայաստանը պետք է լուրջ քաղաքական քայլեր անի, որով կստիպի բոլորին լրջանալ, ընդհուպ մինչև ԼՂՀ անկախության ճանաչումը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ եթե միջազգային հանրությունը շարունակի լռություն պահպանել, ապա լարվածությունը տարածաշրջանում աստիճանաբար կմեծանա:

«Այդ լռությունը նպաստելու է ադրբեջանցիների ավելի լկտիացմանը: Խախտվել են միջազգային իրավունքի տարրական նորմերը, Հունգարիան ակնհայտորեն գնացել է գործարքի Ադրբեջանի հետ: ԱՄՆ-ը հանդես է եկել մի կցկտուր հայտարարությամբ, Ֆրանսիան և Ռուսաստանը շարունակում են լռել, ինչը տարակուսանք է առաջացնում. չէ՞ որ սրանք այն երկրներն են, որոնք մասնակցում են բանակցային գործընթացներին և խոսում են ռազմական ուժի չկիրառման և պատերազմի վտանգի թուլացման մասին»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Բոզոյանի` միջազգային հանրությունն այս դեպքը գնահատելիս չի կարող երկու երկրներին կշեռքի նույն նժարին դնել, իսկ Հայաստանի համար էլ Ադրբեջանի վստահությունը հավասարեցված է զրոյի:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպե´ս է շարունակվելու բանակցային գործընթացը, ինչպե´ս են հանդիպելու ու իրար երեսի նայելու երկու երկրների արտգործնախարարները: Մեծանում է ռազմական գործընթացների վերսկսման հավանականությունը, քանի որ միջազգային հանրությունն ուղղակի կրավորական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- ասում է Բոզոյանը:

© Medialab.am