«Փաստորեն բոլոր խնդիրների լուծման համար ավելի լավ ձևաչափ, քան ուղիղ բանակցություններ Բաքվի և Երևանի միջև, կարծես թե չկա». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Նա նաև նշել է, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք հայտարարություններից այն կողմ կոնկրետ գործողություններ ԵՄ-ի կողմից նկատելի՞ են:

– Ես վստահ եմ, որ ԵՄ-ն իրոք ցանկանում է հնարավորինս արագ և արդյունավետ լուծել այս հակամարտությունը, սակայն բավականին սահմանափակ լծակներ ունի: Փաստորեն այդ լծակները պետք է որ Հայաստանի և Ադրբեջանի զարգացման աջակցման միջոցով լինեին, բայց այն համագործակցությունը, որ կա Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, հիմնականում կապված է էներգետիկ ռեսուրսների հետ, իսկ այդ ոլորտում համագործակցությունը որևէ նախապայման ԵՄ-ի կողմից դժվար թե ունենա:

Այսինքն՝ որպեսզի ցանկացած միջնորդ արդյունավետ լինի այդպիսի բարդ հակամարտությունում, պետք է ազդեցության շատ լուրջ լծակներ ունենա, և ինչպես մենք տեսնում ենք, Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ն այդ լծակները չունի, քանի որ այն ոլորտներում, քան էներգետիկ, ԵՄ-ն որևէ բան չի կարող առաջարկել Ադրբեջանին:

Անդրեա Վիկտորինը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Նրա խոսքով՝ գործընթացն առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում: Տեսակետ կա, որ զրոյական է համանախագահների աշխատանքն այս փուլում:

– Այո, որպես միջնորդ՝ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որևէ դերակատարություն չունի: Դա պայմանավորված է նրանով, որ կան ավելի ազդեցիկ խաղացողներ, որոնք իրենց պատկերացմամբ ներդրում ունեն հակամարտության լուծման ուղղությամբ, և այդ խաղացողներն առաջին հերթին Ռուսաստանն ու Թուրքիան են:

Եվ, ինչպես տեսնում ենք, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան առանձնապես շահագրգռված չեն, որ որևէ այլ երկիր այստեղ միջամտություն ունենա և միջնորդի դերակատարություն կատարի: Թուրքիան միշտ էլ հանդես էր գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լուրջ դերակատարության դեմ:

Ռուսաստանը վերջերս քանի որ տեսնում է, որ դժվար թե կարողանա լեզու գտնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, և Ռուսաստանի այսօրվա միջազգային կշիռն այնպիսին չէ, որպեսզի այդ եռյակում ինքը առաջատարի դեր խաղա, ինչպես մինչև 44-օրյա պատերազմն էր, ինչպես նաև ուկրաինական պատերազմի սկզբից Ռուսաստանն ակնհայտորեն շահագրգռված չէ, որպեսզի Ֆրանսիան և ԱՄՆ-ն մասնակցեն բանակցություններին: Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը բավարար է, որպեսզի Մինսկի խմբի համանախագահությունը որպես միջնորդ ընդհանրապես չմասնակցի գործընթացներին:

– Վիկտորինը շեշտել է՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով: Որքանո՞վ է հաջողում իր այդ ստանձնած դիրքով ԵՄ-ն:

– Ես կարծում եմ, որ ԵՄ դերը առաջին հերթին պետք է լինի նրանում, և այդպես էլ վարվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որպեսզի լինեն ուղիղ բանակցություններ և ուղիղ պայմանավորվածություններ Երևանի և Բաքվի միջև: Թե որքանով կհաջողի դա, կտեսնենք, բայց առայժմ, ցավոք, կարելի է ասել, որ հիմնական խնդիրները այլ ձևաչափով են լուծվում. Ադրբեջանը և Ռուսաստանը ինչ-որ պայմանավորվածությունների են հասնում, դրանցում որոշակի մասնակցություն ունի Թուրքիան, ավելի պակաս ազդեցություն ունի Իրանը, որին նույնպես այդ երկխոսության մեջ մեկ-մեկ Ռուսաստանը և Թուրքիան այսպես կոչված Աստանայի ձևաչափով ներգրավում են:

Իսկ որոշակի պայմանավորվածություն հիմնականում կայացվում են եռյակում՝ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա, Իրանին տեղյակ են պահում, իսկ Հայաստանին ուղղակի մատուցվում է հակամարտության հաղթահարման պատրաստի լուծում:

Ամեն դեպքում, կարծում եմ, փորձեր լինելու են Ադրբեջանին և Հայաստանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և նրանց միջև երկխոսությունը դարձնել հնարավորինս կառուցողական: Հուսանք, որ այդ փորձերը հաջողության կհասնեն: Փաստորեն բոլոր՝ և՛ մասնավոր, և՛ ընդհանուր խնդիրների լուծման համար ավելի լավ ձևաչափ, քան ուղիղ բանակցություններ Բաքվի և Երևանի միջև, կարծես թե չկա:

– ԵՄ-ն որքանո՞վ է գոհ Հայաստանում ժողովրդավարության մակարդակից: Իշխանությունները բազմիցս շեշտում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Ո՞ր չափով է գիտակցվում այդ ժողովրդավարությունը, և, առհասարակ, այն ունե՞նք, թե՞ ոչ:

– Ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ, այո՛, վարկաբեկում է ժողովրդավարությունը որպես սկզբունք, որպես արժեք, քանի որ ժողովրդավարությունը կարգախոս չէ, այն կոնկրետ մեխանիզմներ և ինստիտուտներ է ենթադրում, և միայն այն դեպքում է ժողովրդավարությունը իրեն հաստատում որպես կարևոր համակարգ, երբ ֆունկցիոնալ է, այսինքն՝ երբ տալիս է էական և պրակտիկ արդյունքներ, այսինքն՝ երբ հասարակությունը, երկիրը դառնում են ավելի լավ պաշտպանված, ավելի անվտանգ և ավելի բարեկեցիկ:

Եթե այնպիսի մեխանիզմներ և ինստիտուտներ չեն ձևավորվում, որոնք այդ հիմնական պետական խնդիրների լուծմանը նպաստում են, դա նշանակում է, որ ժողովրդավարությունը մակերեսային է, ֆորմալ է, կոնկրետ արդյունավետությամբ չի փայլում, և, բնականաբար, տվյալ պետության քաղաքացիները, գործընկերները և ընդհանրապես աշխարհը տեսնում են, որ իրեն ժողովրդավար հայտարարող երկիրը շատ հարցերում անհաջողությունների է մատնվում, բնականաբար, ժողովրդավարությունը որպես ձևակերպում վարկաբեկվում է: Եվ այստեղ որոշակի պատասխանատվություն ունի այն երկրի իշխանությունը, որը թույլ է տալիս, որ ժողովրդավարությունն այսպես վարկաբեկվի:

– Կոռուպցիոն դրսևորումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվում նաև այս կամ այն իշխանության ներկայացուցչի կողմից: Արդյոք օրենքները յուրայինների դեպքում աշխատո՞ւմ են:

– Ես կավելացնեի նաև դատական համակարգի՝ բավականին բարդ վիճակում գտնվելը, կառանձնացնեի նաև մամուլի ազատության դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգությունները, և այդ ամենը կարծես թե նպաստում է, որ իշխող խումբը առավելություն ունենա այլ քաղաքացիների նկատմամբ, կարողանա իր նեղ շահերը բավարարել, և երբ դա չի համակցվում նաև պետական զարգացմամբ, տարբեր խնդիրների լուծմամբ, անվտանգային հարցերում հաջողությունների լուծմամբ, ապա դա նշանակում է, որ նշված ինստիտուտները ծառայում են ոչ թե ամբողջ ժողովրդին, ամբողջ պետությանը, այլ միայն իշխող էլիտային:

MediaLab.am

Մանե Հարությունյան