«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում լինելու է արմատական ընդդիմություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:  

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ  գործիքակազմին տեր են լինելու:

«Հայաստան» դաշինքը ընտրություններում գլխավորած Քոչարյանը նշեց, որ որպես ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն գործելու են ՀՀ օրենսդրության շրջանակում և այդպիսով վերադարձնելու են ժողովրդի հավատը դեպի խորհրդարանական ընդդիմություն: «Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:

Միաժամանակ, նա շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի օգտին քվեարկած 270 հազար ընտրողներին և նշեց, որ իրենց  հենարանն այդ ընտրազանգվածն է: Ռոբերտ Քոչարյանը հավելեց նաև, որ ընտրությունների արդյունքներն իրենց համար անսպասելի էին, քանի որ այլ պատկեր էր կանխատեսվում: