Ջիվան Խազարյանին վիրահատեցին. «Շատ էր վախում, որ նարկոզի տակ կմնա, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»

Ջիվան Խազարյանին վիրահատեցին. «Շատ էր վախում, որ նարկոզի տակ կմնա, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»
Ջիվան Խազարյանին վիրահատեցին. «Շատ էր վախում, որ նարկոզի տակ կմնա, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»

Մոտ մեկ շաբաթ առաջ «Մեդիալաբի»` դժբախտության մեջ հայնված ծերունիների պատմությունից հետո, հոդվածի արձագանքների արդյունքում այսօր արդեն 76-ամյա Ջիվան Խազարյանը վիրահատվել է:
Հիշեցնենք, որ միայնակ ծերունիների` 76-ամյա Ջիվան Խազարյանի եւ 75-ամյա Անժելա Գարանյանի պատմությունը, որոնք օր ծերության` միակ աղջկա Երեւան-Սոչի ավիաղետում զոհվելուց հետո հայտնվել էին անօգնական վիճակում հուզել էր մեր հազարավոր ընթերցողներին:
Նրանց վիճակին ավելացել էր նաեւ մոտ մեկ ամիս առաջ Ջիվան Գասպարյանի բարդ կոտրվածքը. Ծերունին տանը պատահաբար ընկելով կոտրել էր ոտքի խնձորակը եւ օրեր շարունակ տառապում էր ցավերից: Բժիշկների ցուցումով Գասպարյանն անհապաղ վիրահատության կարիք ուներ, սակայն հազարավոր դոլարներ արժեցող վիրահատությունը թոշակով գոյատեւող թոշակառուների համար անիրական գումար էր:

Սակայն, ի շնորհիվ «Մեդիալաբի» պատմության, գտնվեցին մարդիկ, որոնք արձագանքեցին եւ մոտ մեկ շաբաթ առաջ անելանելի վիճակում հայտնված ծերունուն տեղափոխեցին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հաշվի առնելով Խազարյանի թույլ առողջությունը` շաքարային դիաբետ, երկու ինսուլտ եւ այլ խնդիրներ, մեկ շաբաթ շարունակ կենտրոնում հետազոտություններ անելուց հետո, երեկ նրան բարեհաջող վիրահատել են:

«Ջիվանը շատ էր վախում, թե նարկոզի տակ կմնա, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ օգնեցին: Մի երկու շաբաթ հնարավոր է հիվանդանոցում պառկի ու կսկսի քիչ-քիչ ձեռնափայտերով քայլել: Կարևորը` նորից կկարողանա ոտքի կանգնել, առաջվա պես շարժվել»,-«Մեդիալաբին» ասում է Խազարյանի կինը եւ նրա միակ խնամակալը` Անժելա Գարանյանը:

Վիրահատող բժիշկն ասում է, որ օրեր շարունակվող անտանելի ցավերն այլեւս չեն անհանգստացնի Խազարյանին, եւ բարեհաջող վիրահատությունից հետ նա քիչ-քիչ ոտքի կկանգնի:

«Ամեն ինչ նորմալ է անցել, հիմա նա իրեն շատ լավ է զգում: Վիրահատությունը տևել է 30-40 րոպե: Մենք փոխել ենք խնձորակը, այսինքն` հենց ազդոսկրի գլխիկը, դրել ենք երկաթից պրոթեզ, որը մյուս ոտքի նման թույլ կտա նրան շարժել, աշխատեցնել ոտքը»,- ասում է Խազարյանին վիրահատած բժիշկը՝ օրթոպեդ-վնասվածքաբան Մինաս Դալիբալդյանը:

Օրթոպեդի խոսքով՝ եթե ամեն ինչ առանց բարդությունների ընթանա, ինֆեկցիա չանցնի, ապա 1 շաբաթից կամ 10 օրից Խազարյանին հիվանդանոցից դուրս կգրեն:

«Այս ընթացքում նա արդեն կսկսի քիչ-քիչ ձեռնափայտերով քայլել և ժամանակի ընթացքում ավելի կակտիվանա: Ձեռնափայտը գցելը իրենից է կախված, բայց այն, որ նա մինչև կյանքի վերջը կկարողանա ձեռնափայտով քայլել` միանշանակ է»,- «Մեդիալաբին» ասում է Դալիբալդյանը:

Եվս մի քանի օր, ու ապաքինված Խազարյանը կնոջ հետ կվերադառնա տուն, ում վրա է ընկած ամուսնուն խնամելու ողջ հոգսը:

Նրանց մինուճար դուստրը` Մարիամ Խազարյանը, 34 տարեկանում զոհվել է 2006-ի մայիսի 3-ին Երևանից Սոչի թռչող Ա-320 օդանավի վթարի ժամանակ: Նա աշախտում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունում որպես հոգեբան և մեկնելիս է եղել գործուղման:

Այսօր ճակատագրի ևս մեկ դաժան հարվածից հետո ծերունիները շնորհակալ են Աստծուն, որ իրենց մենակ չթողեցին, օգնության ձեռք մեկնեցին, իսկ վիրահատությունը բարեհաջող անցավ:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am