«Պատերազմում պարտությունը չպետք է դառնա պետության պարտությունը, մենք չպետք է պարտության գերին լինենք»․ Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանել իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, երեկ ԱԺ ամբիոնից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ-ում անկարգությունների մասնակից էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր: Երեկ նաև տեսանյութ հրապարակվեց, որում արձանագրված անկարգությունների մասնակիցները նույնականացված են. նրանք ուղղակիորեն կապվում են Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի, ինչպես նաև ԲՀԿ-ի հետ:

– Հայտարարության ստորագրումը բազմաթիվ հարցեր առաջ բերեց, և հանրությանն էլ պատշաճ տեղեկություններ չտրամադրվեցին, ինչն այս դեպքում շատ կարևոր պայման է նաև մասնակցայնության առումով: Հանրության հետ միշտ պետք է ազնիվ խոսել, նույնիսկ ամենացավոտ որոշումներ կայացնելուց առաջ։ 

Եվ այս պայմաններում, երբ կար տեղեկատվության պակաս, շատ հեշտ է իրավիճակը մանիպուլացնելը, վրդովմունքը հասկանալի է, բայց անթույլատրելի է քաղաքական բանավեճը տեղափոխել բռնությունների դաշտ։ Միշտ կարող ես ծայրահեղ անհամաձայնություն ունենալ, բայց նման գործելակերպը, նման վերաբերմունքը չեն կարող ընդունելի լինել։

Այո՛, հրապարակված տեսանյութում արձանագրված դեմքերը ակնհայտ երևում են, որ 17 կուսակցությունների ներկայացուցիչներն են՝ ակտիվիստներ, աջակիցներ և առանցքային դեմքեր։ Պարզ է, որ այդ կուսակցությունները առնվազն պետք է որ տեղյակ լինեին: Բոլոր փաստերով պետք է տեղի ունենա դատաքննություն, տրվի իրավական գնահատական, որովհետև նման բռնությունները չպետք է անպատիժ մնան:

Բայց այս իրավիճակում միայն իրավական պատասխանատվության գործիքները բավարար չեն, հիմա, թեկուզ ուշ, բայց պետք է տրվեն բացատրություններ։ Պետք է գործեն պետական ինստիտուտները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմիները այլն, հասարական կարգի խախտումները, գույքի նկատմամբ բռնությունները պետք է կասեցվեն։

Պետք է Կիևյան կամրջից իրեն նետած կամ, չգիտեմ՝ ինչ հանգամանքներում նետված երիտասարդի մահվան հանգամանքները օբյեկտիվորեն, հրատապ քննության առարկա դառնան, և դրա վերաբերյալ հասարակությանը ներկայացվի տեղեկատվություն։

Պարո՛ն Սաքունց, ի՞նչ իրավիճակում ենք հայտնվել մենք այսօր։ Տեսնում ենք, որ և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական թևում, և՛ հասարակության շրջանում ատելության խոսքն օրեցօր ավելանում է։ Ո՞ւր է տանում այս լարվածությունը:

– Բռնության կոչերն անթույլատրելի են։ Մենք առանց այն էլ գտնվում ենք շատ ծանր իրավիճակում և այս դժվար իրավիճակում հրատապ խնդիրներ ունենք լուծելու։ Մարդկանց խնդիրներ ունենք լուծելու՝ տեղահանվածների կեցության խնդիրներ ունենք, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ և նրանց ընտանիքներ: Սրանք հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ են, և թե պառլամենտական, թե գործադիր իշխանությունը պետք է ջանքեր գործադրի։

Այս դժվար իրավիճակում ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ պետք է գործողություններ կատարվեն։ Տպավորություն է, որ ոչ մի բան չեն առաջարկում, միայն ասում են՝ պետք է իշխանության փոփոխություն կատարվի, բայց ինչ եք առաջարկում, լուծումները որոնք են։ Իշխանության փոփոխության քայլերը այլ բան են, բայց նոր ձևավորված իշխանության ենթադրյալ անելիքները՝ այլ բան:

Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում սպասվելիք ծանր բանակցություններ, և ռազմաճակատում կրած այս ծանր պարտությունը չպետք է վերջնական լինի։ 

Մենք նույնիսկ մեր անկախության վերաբերյալ մարտահրավերներ, լուրջ սպառնալիքներ ունենք։ Այս ուղղությամբ պետք է աշխատել, բայց այսօր ոչ ոք բացարձակապես չի մտածում ՀՀ անկախության ապահովման հետ կապված։

Բազմաթիվ անելիքներ կան, և այս իրավիճակում ներքաղաքական բռնությունը կամ կոչերը չեն, որ մեզ կարող են օգտակար լինել։

– Այս իրավիճակում բռնության կոչերի շարունակականությունը ինչի՞ կարող է հանգեցնել։

– Նախ՝ շարունակականությունը ջլատում է մեր ուժերը, մեր ռեսուրսները, մեր ժամանակը, փոխարենը դրանք ուղղենք խնդիրները լուծելու, լարվածություն թույլ չտալու կամ կանխելու ուղղությամբ, որը այս պայմաններում մեծ շռայլություն է մեզ համար, մենք չենք կարող դա մեզ թույլ տալ։ Այսինքն՝ օրակարգում պետք է դրվեն խնդիրներ, և բանավեճը այդ խնդիրների լուծման ուղղությամբ ծավալվի: Բանակցությունների առարկան նույնիսկ հիմա հստակ ձևակերպված չէ, որն է լինելու այդ բանակցություններում մեր նպատակը, ամրագրվելիք արդյունքները, որոնց պետք է հասնել։

Նախաձեռնությունը կարծես թե թողնված է հայտարարությունը գրողին՝ Վլադիմիր Պուտինին: Նույնիսկ պատմական հուշարձանների պաշտպանության հարցով Ռուսաստանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ բանակցում, ինչը խիստ տարօրինակ է, այդ առումով ՀՀ իշխանությունները պետք է ասելիք ունենան։ Միանշանակ է, որ կառավարության կազմում պետք է փոփոխություններ լինեն։

Այն խնդիրները, որ գոյություն ունեին կառավարման համակարգում, երկրում՝ տնտեսության, կրթության, պաշտպանության ոլորտներում և այլն, դրանք պետք է վերագրանցել, գույքագրում անել, մենք այլ իրավիճակում ենք գտնվում ռեսուրսների առումով։

Զինված ուժերում այս հոգեբանական վիճակը, ընկճված վիճակը պետք է հաղթահարվի, սրանք հարցեր են։ Պատերազմում պարտությունը, որը արձանագրվել է հրադադարով, չպետք է դառնա պետության պարտությունը, մենք չպետք է պարտության գերին լինենք։

– Այս իրավիճակից դուրս գալու համար իշխանության, ընդդիմության, հանրության առաջնահերթ քայլերը որո՞նք պետք է լինեն։

– Իշխանությունը պետք է օրինակ ծառայի, նա չպետք է պաշտպանվի, այլ պիտի ասի՝ ինչ են անում։ Արդեն նոյեմբերի կեսն է՝ առջևում ձմեռ է, COVID, տեղահանվածներ և այլն, մեծ ռեսուրսներ են պետք։ Բավական լուրջ հումանիտար խնդիրներ կան։ Եվ այս առումով պետք է հստակ լինեն իշխանության գործողությունները, մոտեցումները։

Պատերազմի մենեջմենթի հետ կապված հարցերը բավական լուրջ քննարկման նյութ պետք է դառնան, ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության համակարգի և այլ ոլորտների վերաբերյալ խնդիրները պետք է ձևակերպել, նոր կադրային հարցերի մասին խոսել, քանի որ կադրերը արմատական փոփոխություններ չկատարելու տեսանկյունից խնդիրներ ունեցել են, և  դա ակնհայտ է։

Ընդդիմությունը ոչ թե քննադատում է փոփոխություններ չկատարելու համար, այլ զուտ որ պարտվել ենք, այո, պարտվել ենք, բայց պարտության հանգեցրած գործոնները կապված են և՛ կոնկրետ ժամանակահատվածի, այսինքն՝ այս իշխանության կառավարման, և՛ ավելի երկարաժամկետ կտրվածքի հետ։

Դիվանագիտության հետ կապված մեծ դժգոհություններ ունենք, հարցեր ունենք, որոնց պատասխանները պետք է տրվեն, և ոչ միայն, նաև պետք է ներկայացվի՝ ինչ է արվելու իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Պետք են արտահերթ ընտրություններ, դրա համար էլ պետք է պատրաստվել։ Այս իրավիճակում շատ տարօրինակ է, որ անվստահության վերաբերյալ և այլն խոսում են այն ուժերը, որոնք երկար տարիներ եղել են իշխանության:

Պարտությամբ սրբագրել այն գործողությունները, համակարգային կոռուպցիան, անպատժելիությունը, որ իրենց ժամանակ եղել և հանգեցրել են ձախողումների թե՛ դիվանագիտության, թե՛ տնտեսության, պաշտպանության բնագավառում, որոնց պաճառով եղավ այդ հեղափոխությունը, հիմա սա ռևանշի տպավորություն է թողնում։ Նրանք պատերազմից առաջ էլ էին հրաժարական պահանջում։

Բայց երբ այդ գործողությունների ուղեկցմամբ են փորձում հրաժարական պահանջել, դրանք չի կարելի քաղաքական մեթոդներ համարել, նմանապես իշխանությունը պետք է պատասխանատու լինի իր խոսքի և մոտեցումների համար։

Փոխադարձ հյուծող ռեսուրսները, էներգիան, միտքը չեն կարող տանել համախմբման և խնդիրների լուծման։

Արփինե Արզումանյան

MediaLab.am