«Ես իմ Հադրութն եմ ուզում, էլ տուն չունեմ, վառել են, բայց կուզեմ գնալ իմ հողը»․ Լիլյա Սաֆարյանը հույսը չի կորցնում

Միայնակ մայր, 40-ամյա Լիլյա Սաֆարյանը հույսը չի կորցնում, որ հայրենիք՝ Հադրութ վերադառնալու հնարավորություն կստեղծվի։ Ասում է, որ երազում միշտ Հադրութն է տեսնում, կարոտել է իր տունը, որն արդեն չկա, ինչպես նաև հողը, ջուրը, բնությունը, իսկ ամենակարևորը՝ զոհված ամուսնու գերեզմանը մնացել է Հադրութում։

«Ես սենց եմ պատկերացնում, որ հետ եմ դառնալու իմ հայրենիքը։ Ես էլ տուն չունեմ, տունը վառել են, իրանք տեսանյութեր են դրել, տեսել եմ, բայց ես կուզեմ գնալ իմ հողը։

Էստեղ ինձ վատ չեն վերաբերվում, ես շատ շնորհակալ եմ, բայց ես իմ հողն եմ ուզում, գնանք մեր Հադրութը, նորից ամեն ինչը իրա տեղը կընկնի: Ճիշտ ա, դժվար կլինի, մենք զրոյից պիտի սկսենք, բայց համաձայն եմ, որ հետ դառնամ։

Որ Հադրութում էի, ամեն առավոտ տնից դուրս էի գալիս, գնում եկեղեցի, հետո՝ գործի: Հիմա, ճիշտն ասած, դուրս չեմ գալիս, մենակ փոստ ու տուն, չեմ կարողանում դուրս գալ, նեղվում եմ, մտածում եմ՝ ինչի՞ իմ տանը չեմ, ինչի՞ Հադրութում չեմ։ Գնում եմ հարևանիս տուն, իրա տունը շատ նման ա Հադրութի իմ տանը, հարևանուհուս ասում եմ՝ սիրտս չի տալիս էստեղից դուրս գամ, թե սպասքը, թե կահույքը շատ նման են»,- կարոտով ասում է Սաֆարյանը։

Լիլյան ընդգծում է, որ վերադառնալու հետ կապված որևէ վախ չունի, քանի անգամ է  պատերազմ տեսել, սովոր է: Ճիշտ է, վերջին պատերազմը տարբերվել է ուժգնությամբ, բայց, միևնույն է՝ վախերի մասին չի մտածում, հայրենիքի սերն առավել է:

«Ես չեմ վախենում, ես չեմ վախեցել, ես պատերազմ տեսած եմ, բայց սա օդային էր։ Աշխատում էր իրանց անօդաչուն, կամիկաձեն, ամեն ինչ աշխատում էր քաղաքի վրա։

Բայց ես հայրենիքս չեմ կարա մոռանամ, ես շատ կապված եմ Հադրութի հետ, ես հարսներիս ասում եմ, եթե մեկն ասի՝ Հադրութը չեն տա, իմ հոգեկանը կխառնվի։

Պուճուր տղաս, որ 10 տարեկան է, ասում ա՝ ես չեմ գնա ծառայության, վախենում եմ: Ասում եմ՝ չպիտի վախենաս, պիտի գնաս։ Զինվորական ծառայության մեջ գտնվող մեծ տղաս էլ պատերազմի օրերին որ զանգում էր, ասում էի՝ ո՞նց եք, լա՞վ եք, նայի՝ չվախենա՛ս։ Ասում էր՝ չեմ վախենում։ Ես հպարտանում եմ մեր սերնդով, չնայած մեր սերնդի կեսը գնաց, մեր ջահել տղերքը»,- հուզմունքով ասում է Լիլյան։

Լիլյա Սաֆարյանը Հադրութից Հայաստան է տեղափոխվել հոկտեմբերի 7-ին, պատերազմի առաջին օրերին երկու անչափահաս երեխաներին հարազատների հետ ուղարկել էր Հայաստան, ինքը փորձել մնալ՝ մինչև պատերազմի ահագնանալը։ Նրա ամուսինը զոհվել է 2015-ին՝ զինվորական ծառայության ժամանակ՝ դիրքերում ավտովթարից։ Լիլյան Արցախում մանկապարտեզում դաստիարակ է աշխատել, տան հոգսերը հոգացել։ Ասում է, որ ամուսնու մահից հետո դժվարություններ կային, բայց իր հողում էր, իր տանը:

«Էս պատերազմը շատ դաժան բան դարձավ մեր բոլորի համար, մեր գերեզմանները մնացին էնտեղ, թողեցի ամուսնուս գերեզմանը, տատիս, պապիս, սաղ էնտեղ են։ Սաղ թողեցինք, ամեն ինչ, բոմժի կարգավիճակով ստեղ հասանք»,- հուզմունքով ասում է Լիլյան։

Պատմում է, որ տեղահանվելիս ոչինչ չեն կարողացել տնից վերցնել, Հայաստան են եկել ձեռնունայն, նշում է, որ հիմնականում անհատների կողմից է աջակցություն ստացել, տան փոխհատուցման 300 հազար դրամը դեռ չի ստացել։

«Պետությունից դեռ տան փոխհատուցման գումար չեմ ստացել։ Ստացել եմ 68 հազարը։ Մեր միջոցները երեխեքի նպաստն ա, քանի որ պապան զոհված ա, ու զոհվածի թոշակը: Դնում ենք վարձն ու կոմունալն ենք վճարում, մեկ էլ Ֆեյսբուքով անծանոթ մարդիկ են իմանում ու օգնում։

Նոր տարվան անծանոթ երեխեք եկան՝ նվերներով: Բոլորի հետ մտերմացա,  ասեցի՝ ձեր համարները տվեք ինձ, որ գնամ Հադրութ, բոլորիդ հյուր եմ կանչելու, որ տենաք մեր Ղարաբաղի բնությունը»,- պատմում է Սաֆարյանը։

Լիլյան ամեն օր քնում և արթնանում է հույսով, որ մի օր անչափահաս երկու երեխաներին վերցնելու է և ճանապարհ ընկնի իր հայրենիք:
«Չգիտեմ խի՝ իմ սիրտն ասում ա, որ Հադրութը կտան, ես զգում եմ, որ պիտի գնամ։
Ես էստեղ աշխատանք էլ չեմ կարողանում փնտրել, ես իմ Հադրութն եմ ուզում։

Մեկ-մեկ իմ երեխեքն ասում են՝ մա՛մ, մենք չենք գա, վախում ենք, ասում եմ՝ դուք չպիտի վախենաք, դուք իմ նման պիտի ուժեղ լինեք»,- ասում է Լիլյան:

Արփինե Արզումանյան

MediaLab.am