Կորոնավիրուսից մահացածները ևս կդիահերձվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն:

Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելիս ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն:

«Հիմա օրենքով այդ արգելքը հանում ենք»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ կատարվել են նաև տեխնիկական շտկումներ: