Սաթիկ Սեյրանյանի մանիպուլյացիաները Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի մասին. FIP.am

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն օգոստոսի 31-ին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է, որ իշխանության հետ համագործակցող փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների պատճառով ընդդիմադիր լրատվականները փակվելու վտանգի առաջ են:

Նշենք, որ հունիսի 1-ից վրացական «Փաստ-մետրը» (factcheck.ge), հայաստանյան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, Հայաստանում գործարկել է Ֆեյսբուքի՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստուգելու Ֆեյսբուքում և Ինստագրամում հայերեն լեզվով տարածված նյութերի բովանդակությունը:

Խոսելով իշխանությունների կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին՝ Սեյրանյանն անդրադարձել է փաստերի ստուգման ծրագրին. «Ամիսներ առաջ մենք մեկ էլ հայտնաբերում ենք, որ իրենց մամուլի պաշտպան հռչակող կազմակերպություններ, որոնք Հ1-ի հետ են համագործակցում լավագույնս, նախագծեր են անում, Փաշինյանի կառավարության հետ են համագործակցում, հանկարծ պարզվում է, որ ֆաքթչեքինգ են անում»: 

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ սկսել են մոնիտորինգ անել Ֆեյսբուքի հայկական տիրույթը, Սաթիկ Սեյրանյանը նշել է, որ Ֆեյսբուքը չի անում դա, այլ լիցենզավորել է միջազգային մի կազմակերպության, որը փաստերի ստուգում է անում տարբեր երկրներում. «Ֆեյսբուքն ունի իր քաղաքականությունը: […]  Այստեղից կազմակերպված, ուղղորդված հարձակում է անում, օրինակ, վաղը կարող է […] որևէ մեկին դուր չգա ձեր գրառումը, և իշխանությունները իրենց ֆեյքային հոտին ուղղորդում են, ասում են՝ գրում եք Ֆեյսբուքին, որ սա ֆեյք ա տարածում, որ սա էն ա անում, էս ա անում…»:

Սաթիկ Սեյրանյանը պնդել է, որ կազմակերպությունը թիրախավորել է ընդդիմադիր լրատվամիջոցներին, և այդ հարվածն իրենց էր ուղղված:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագաhի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած այս և այլ պնդումները, պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը:

Ֆեյսբուքը և փաստերի ստուգումը

Իր խոսքում Սեյրանյանը նշում է, որ Ֆեյսբուքը լիցենզավորել է միջազգային մի կազմակերպության, որ փաստերի ստուգում է անում տարբեր երկրներում։

Իրականում, սակայն, խոսքը ոչ թե մեկ կազմակերպության, այլ տարբեր երկրներում գործող փաստերի ստուգման կազմակերպությունների ցանցի մասին է: Փաստեր ստուգողների միջազգային ցանցը նախաձեռնվել է ամերիկյան Poynter ինստիտուտի կողմից և նպատակ ունի միավորելու աշխարհի տարբեր մասերում գործող փաստեր ստուգողներին: 

2016 թվականին Ֆեյսբուքը ապատեղեկատվության դեմ պայքարելու համար սկսել է Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը, որի շրջանակում համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնք վկայական են ստացել Poynter միջազգային ցանցի կողմից: 

«Մասնավոր կազմակերպությունները, ինչպիսին է Ֆեյսբուքը, չպետք է լինեն ճշմարտության դատավորներ: Այդ պատճառով մենք թույլ ենք տալիս փաստեր ստուգողներին հայտնաբերել, ստուգել և գնահատել պոտենցիալ ապատեղեկատվությունը Ֆեյսբուքում, Ինստագրամում և Ուոթսափում»,- նշվում է Ֆեյսբուքի հայտարարությունում: 

Այս պահի դրությամբ Ֆեյսբուքը համագործակցում է փաստերի ստուգմամբ զբաղվող 80 կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև վրացական FactCheck Georgia-ն: Հայաստանյան փաստեր ստուգող կազմակերպությունները՝ «Փաստերի ստուգման հարթակը», Media.am-ը, դեռևս ցանցի անդամ չեն (նշենք, որ FIP.am-ը դիմել է ցանցի անդամ դառնալու համար)։

Հատկանշական է, որ Ֆեյսբուքը հստակորեն սահմանում է, թե որոնք են կեղծ, մասամբ կեղծ, առանց համատեքստի, ճիշտ, խմբագրված և երգիծանք պարունակող տեղեկությունները: Օրինակ՝ կեղծ են համարվում կեղծ մեջբերումները, պնդումները, որոնք հնարավոր չէ համարել իրադարձության կամ փաստի մեկնաբանություն, դավադրական տեսությունները, որոնց համաձայն՝ տեղի ունեցող իրադարձությունները անհատների կամ խմբերի գաղտնի գործի արդյունք են, և այլն:

Հենց այս չափանիշների հիման վրա է Ֆեյսբուքը «վճիռ կայացնում»՝ պիտակներ  է դնում հրապարակումներին և սահմանափակումներ կիրառում լրատվամիջոցների կամ անհատ օգտատերերի ֆեյսբուքյան էջերի նկատմամբ:

Այս միջոցների կիրառման հետևանքով նվազում է էջերի դիտելիությունը, սահմանափակվում են գովազդը և մոնետիզացիան:

Սակայն լրատվամիջոցները և անհատները կարող են բողոքարկել Ֆեյսբուքի որոշումները: Կազմակերպությունն ունի մանրամասն ուղեցույց՝ ինչպես կազմել հայտը: Օրինակ՝ պիտակը կհանվի, եթե սխալ պնդումը ուղղվի և ուղղման մասին հստակ նշում կատարվի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Հնարավորություն է տրվում նաև բողոքարկել որոշումը՝ նշելով, թե ինչու է վճիռը սխալ ըստ օգտատիրոջ։

Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը Հայաստանում

Սաթիկ Սեյրանյանը պնդում է նաև, որ քանի որ ՄՆԿ-ն և Media.am-ը չեն կարողացել միջազգային փաստերի ստուգող ցանցից լիցենզիա ստանալ, իրենք դիմել են վրացական ընկերությանը, որն ուներ այդ լիցենզիան։

 Սակայն FIP.am-ի հետ զրույցում Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը հայտնեց, որ Media.am-ը դեռևս չի դիմել Poynter-ին ցանցի անդամ դառնալու համար:

Ավելին՝ իրականում ոչ թե Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է դիմել վրացական կազմակերպությանը ծրագիրն իրականացնելու համար, այլ ճիշտ հակառակը՝ FactCheck Georgia-ն է կապվել ՄՆԿ-ի հետ՝ ընտրությունների ընթացքում համագործակցության առաջարկով:

Համատեղ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին և ավարտվել է օգոստոսին: Հայկական տիրույթում աշխատելիս media.am-ը և FactCheck Georgia-ն  օգտագործել են «Փաստ-մետրի» մեթոդաբանությունը, որը համապատասխանում է փաստեր ստուգողների միջազգային ցանցի կողմից մշակված սկզբունքներին:  Մեթոդաբանությունը հրապարակված է վրացական կայքում նաև հայերեն:

Հետևաբար, Սաթիկ Սեյրանյանի պնդումը, թե իշխանություններն ուղղորդում են օգտատերերին, իր բնորոշմամբ՝ ֆեյքերին, Ֆեյսբուքում լրատվամիջոցների հրապարակումները բողոքելու, ինչի հետևանքով սահմանափակումներ են իրականացվում կայքերի Ֆեյսբուքյան էջերի վրա, մանիպուլյատիվ է, քանի որ պիտակները դրվում են պրոֆեսիոնալ փաստեր ստուգողների՝ նախօրոք ձևավորված մեթոդաբանության հիման վրա: Ինչպես նշել ենք, այդ սահմանափակումները կարող են նաև վիճարկվել:

Ինչի՞ համար է պիտակներ ստացել 168-am-ը 

Երկամսյա ծրագրի ընթացքում 168.am-ը ստացել է 8 պիտակ, որից 3-ը՝ կեղծ լուրի համար:

Այսպես, հունիսի 2-ին 168.am-ը տարածել էր ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառում, ըստ որի՝ երեխաների պաշտպանության օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ ԼԳԲՏ համայնքի դրոշն են ցուցադրել: Ըստ հեղինակի՝ այդ քայլի միջոցով ՀՀ վարչապետը փորձում էր ԼԳԲՏ համայնքի աջակցությունը ստանալ ընտրություններում։

Սակայն media.am-ը պարզել էր, որ տեղեկությունը սխալ է, քանի որ որպես ապացույց կցված լուսանկարում ոչ թե ԼԳԲՏ համայնքի դրոշն էր, այլ անիմացիայից կադր, որտեղ երևում է ծիածան:

Մեկ այլ դեպքում՝ հենց ընտրությունների օրը, 168.am-ն արտատպել էր մի տեղեկություն, թե իբր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի իր ընտրատեղամաս և դրանից հետո չի հեռացել տարածքից: Սակայն տեղեկությունը կեղծ էր, քանի որ Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում է: Հիշեցնենք, որ այս մասին գրել էր նաև FIP.am-ը:

Hraparak.am-ը Սորոսի մասին կարծիքի համար չէ սահմանափակվել

Սաթիկ Սեյրանյանը նշում է, որ շատ լրատվամիջոցներ գտնվում են փակվելու վտանգի առաջ և օրինակ բերում hraparak.am-ը:

««Հրապարակ» թերթը հրապարակել է մի հայտնի հոգեբանի հետ հարցազրույց, որը ինչ-որ կարծիք է ասել Սորոսի մասին, և հարցազրույցը ճանաչել են որպես ֆեյք նյուզ: Վիդեո հարցազրույցը»,- ասում է Սեյրանյանը: 

Խոսքը media.am-ի հրապարակած «Դավադրության տեսություն․ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը» խորագրով նյութի մասին է:

 Hraparak TV-ի հետ հարցազրույցում շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը ոչ միայն դավադրության տեսություններ էր ներկայացրել Ջորջ Սորոսի և աշխարհը ԱՄՆ-ի, մասնավորապես՝ հրեաների կողմից ղեկավարվելու մասին, այլև մանիպուլացրել էր արդյունաբերական կանեփի մասին Հայաստանի կառավարության որոշումը: Այս դավադրության տեսությունը Մխիթարյանը «համեմել էր» նաև այլ անհիմն պնդումներով, օրինակ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համարելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ:

Նա, սակայն, դրանով չէր սահմանափակվել և պնդել էր, որ Հայաստանում թմրադեղի մասին օրենքն ընդունվել է, քանի որ «մարիխուանայից մարդու ուղեղը փոխվում ա»։ Այնինչ իրականում Հայաստանում թմրադեղերի մասին որևէ օրենք չի ընդունվել: Հայաստանում մարիխուանան և ցանկացած այլ թմրամիջոց անօրինական է։ Կառավարությունը թույլատրել է արդյունաբերական կանեփի արտադրությունը, վերամշակումը, որը օգտագործում են արտադրական նպատակով։

Հետևաբար, Սաթիկ Սեյրանյանի պնդումը, թե hraparak.am-ի հրապարակումը կեղծ լուր է ճանաչվել միայն Սորոսի մասին կարծիք հայտնելու համար, սխալ է: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը կառավարության հետ

Ինչ վերաբերում է Սաթիկ Սեյրանյանի այն պնդմանը, որ ՄՆԿ-ն համագործակցել է կառավարության հետ, միայն մասամբ է ճիշտ: Այդ համագործակցությունը որևէ կապ չունի փաստերի ստուգման ծրագրի հետ և որևէ կերպ չի առնչվում լրատվամիջոցներին:

Դեռևս նախորդ իշխանությունների օրոք՝ 2017 թվականին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Կրթության և գիտության նախարարության հետ՝ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Կառավարության կողմից հուշագիրը ստորագրել էր այն ժամանակ ԿԳ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ներկայիս կառավարությանը, ապա ՄՆԿ-ն 2021 թվականին ներառվել է «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում», ինչի շնորհիվ ուսուցիչները, անցնելով կազմակերպության անցկացրած մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացը, կարող  են ստանալ 1 կրեդիտ:

Հետևաբար, Սեյրանյանը մանիպուլացնում է՝ հայտարարելով, որ ՄՆԿ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ: Այդ համագործակցությունը սկսվել է նախկին կառավարության օրոք և վերաբերում է միայն կրթության ոլորտում մեդիագրագիտության բաղադրիչի զարգացմանը ու որևէ կերպ չի առնչվում քաղաքականությանը: 

Ֆեյսբուքը և Հայաստանը

Ինչ վերաբերում է Սաթիկ Սեյրանյանի պնդմանը, թե Հայաստանի շուկան հետաքրքիր չէ Ֆեյսբուքին, ապա դա այնքան էլ միանշանակ չէ:

Արտահերթ ընտրությունների ընթացքում Ֆեյսբուքը դիմել է համագործակցության առաջարկով անգամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ «Վստահելի գործընկեր» ծրագրի շրջանակումԾրագրի նպատակն է եղել քարոզարշավի ընթացքում Ֆեյսբուքում ատելության խոսքի տարածում գտնելն ու սահմանափակելը:

Այսպիսով, Սաթիկ Սեյրանյանը «5-րդ ալիք»-ի եթերում հանդես է եկել Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի մասին ապակողմնորոշիչ պնդումներով։ 

Փաստերի ստուգման հարթակ