«Արցախյան հարցի լուծումը Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է, մինչդեռ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին». Քաղաքագետ

«Արցախյան հարցի լուծումը Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է, մինչդեռ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին». Քաղաքագետ
«Արցախյան հարցի լուծումը Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է, մինչդեռ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան,Անվտանգության խորհրդի վերջին նիստը տեղի ունեցավ Արցախում։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Արցախում և ի՞նչ էր այն խորհրդանշում։

– Որովհետև վարչապետը ցանկանում էր ինչ-որ ազդակ հղել Ադրբեջանին և համանախագահներին: Մանրամասն պատրաստվել էին նրա ներածական ելույթին, և, ըստ էության, այդ համատեղ արտագնա նիստի գլխավոր մեխն ու իմաստը հենց այդ ելույթն էր: Այո՛, մանրամասն նախապատրաստված ելույթ էր, բայց այն առավել մանրամասնացրեց այն բլեֆը, որով հիմա զբաղվում է պաշտոնական Երևանը:

Երևանում, իհարկե, հասկանում են, որ Մադրիդյան սկզբունքներով բանակցություններն իրենց փակուղի են տանելու, բայց չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդ իրավիճակից դուրս գալ: Եվ քանի որ հայկական դիվանագիտությունը վերջին երեսուն տարիներին վախվորածության և միջազգային հարաբերությունների մասին կեղծ և թյուր մակերեսային պատկերացումների վրա է խարսխված, չեն կարողանում գտնել միակ ճիշտ ուղին՝ այդ փաստաթղթից հրաժարվելու:

Փոխարենը խրթին և արդեն զավեշտալի դարձող բլեֆներ են հորինում, դրանք կատարելագործում և այլն: Դրա արդյունքում փոխանակ խնդիրը լուծելու՝ ավելի են խճճում, որովհետև դրսից ճնշումները, նման վարվելակերպի պարագայում, իրոք ուժեղանալու են:

Միակ ճիշտ տարբերակը Մադրիդյան բովանդակությունից ուղղակի և մեկ օրում հրաժարվելն է: Բայց Երևանի ավանդաբար վախկոտ և անգաղափար քաղաքականությունը դա չի կարողանում պատկերացնել և մարսել դրա միտքն անգամ: Արդյունքում՝ վարչապետի լավ մտադրություններ ունեցող, բայց վտանգավոր նոր ուղիներ տանող ելույթն էր Արցախում:

– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված։ Կարո՞ղ ենք փաստել, որի նրանք այսպիսով մերժեցին Փաշինյանի առաջարկը Արցախը ներգրավելու բանակցային գործընթացում։ Եվ ի՞նչ է մնում անել այսքանից հետո։

– Թերևս այո՛: Բայց նաև համանախագահները ոչինչ չասեցին: Այդ հայտարարությունը վկայությունն է այն բանի, ինչ արդեն ասացի. բլեֆներն արժանանում են լուրջ ճնշումների, որովհետև հիմնական տարբերակը շարունակում է սեղանին մնալ: Հայաստանն այն չի հանում օրակարգից: Իսկ այդ պարագայում Երևանի յուրաքանչյուր գործողություն որակվելու է որպես ստանձնած պարտավորություններից խուսանավում: Սա Երևանում, ցավոք, փաստորեն ի զորու չեն հասկանալու:

– Ի՞նչ է սպասվում խնդրի կարգավորմանը առաջիկայում, որքանո՞վ ի վերջո կսկսեն բանակցել առանց երրորդ կողմի, թե՞ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարվի առաջ քաշած սկզբունքներից։

– Եթե առաջ է քաշել, ապա պետք է գոնե իր բլեֆը պաշտպանի և պաշտպանի մինչև վերջ: Յուրաքանչյուր նահանջ պարտություն է լինելու: Իսկ լուծումն արդեն ասացի՝ Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է: Ցավոք սրտի՝ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին:

– Ռազմական շանտաժ անող Ադրբեջանը որքանո՞վ կսրի իրավիճակը, ի՞նչ սպասել Ադրբեջանից։

– Ադրբեջանը ռազմական շանտաժ չի անում, ինչո՞ւ ենք նման բնորոշում տալիս: Ադրբեջանը պատրաստվում է ռազմական լայնածավալ գործողության, բայց ցանկանում է իր այդ կառուցած ներուժով, եթե հնարավոր է՝ առանց դրա կիրառման հասնել հաջողության:

Դա շանտաժ չէ, ճնշում է: Դրան Երևանում վարչապետը պատասխանում է, որ յուրաքանչյուր լուծում պետք է հաշվի առնի հայաստանցիների, արցախցիների և ադրբեջանցիների շահերը: Նրա նախորդ դասականը կասեր՝ իյա՛, իրո՞ք: Իրո՞ք մենք ուզում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի շահերն էլ հաշվի առնվեն: Հասկանալի է՝ փոխզիջումները հենց դա են նշանակում: Բայց հասկանո՞ւմ ենք արդյոք, որ ադրբեջանական ժողովրդի ամենակարևոր շահը հայ ժողովրդի վերացումն է:

Խաղաղասեր և կառուցողական երևալու հայ բոլոր առաջնորդների մոլուցքը ոչ մեկի համար ոչինչ չարժե: Այն ընդամենը թուլության հաղորդագրություն է հղում և պարզ դարձնում թշնամուն, որ հայկական կողմում դիվանագիտորեն թույլ, այլոց ճնշումներին տեսականորեն առավել հեշտ տեղի տվող մարդիկ կարող են գտնվել: Ադրբեջանում հայկական կողմի շահերի վրա թքած ունեն և հպարտորեն հայտարարում են այդ մասին, և նրանց ոչ ոք չի նախատում, ընդհակառակն՝ հարգում են և փորձում հաշվի նստել:

– Նախորդ իշխանության ներկայացուցիչները շտապում են սա այս իշխանության ձախողումը համարել։ Իշխանությունն էլ ասում է, որ սա նախորդների թողած ժառանգությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում, մի՞թե սա ձախողում կարելի է համարել։

– Սա ձախողում տանող քաղաքականություն է անշուշտ: Հայտարարությունը դեռևս ձախողում չէ, ճնշում է, որը նոր Երևանը արդարացիորեն վաստակել է: Իսկ նախորդները թող լռեն: Այն աղբը, որը փորձում են վերամշակել նորերը, հենց նրանց՝ նախկինների արտադրանքն է: Նորերն էլ փոխանակ այն այրոց տեղափոխելու, փորձում են մի կերպ ծածկել և գարշազերծել այն: Չի լինելու և չի ստացվելու: Արդյունքում ստանալու ենք տոքսիկ մի միջավայր, որտեղ նախկինի հանցանքներն ու նորերի ապաշնորհությունը ազգային հարցին կարող են տեսականորեն և մեծ վնասներ հարուցել:

Մանե Հարությունյան

MediaLab.am