«Դա հին արմատներ ունի». ինչո՞ւ ՀՀԿ-ն ընտրությունների չգնաց Ռոբերտ Քոչարյանի հետ. ՀՀԿ նախկին անդամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը

– Պարո՛ն Ալեքսանյան, հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Շատերը նշում են, որ դրանով ՀՀԿ-ն իր նվազած ձայներն է՛լ ավելի նվազեցրեց: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

– Շատ կարևոր է, թե ՀՀԿ-ն ումով է մասնակցելու ընտրություններին: Որքան գիտեմ՝ ՀՀԿ-ում ոչ բոլորն են մասնակցելու: Շատ կարևոր է, թե ովքեր են մասնակցելու, ով է լինելու առաջին համարը, ով է գլխավորելու դաշինքը: 

Սրանք շատ կարևոր հարցեր են, այսինքն՝ որն է ՀՀԿ-ի նպատակը, ինչ ներուժով է գնում: Բնական է, որ քաղաքական ուժը պետք է փորձի մասնակցել ընտրություններին: 

Շատ լավ կլինի, եթե նոր մարդիկ ընդգրկի ցուցակում, ավելի մաքուր ուղի անցած մարդիկ: ՀՀԿ-ն իսկապես ափսոս է, և ես շատ կուզեի, որ Հանրապետականը վերարտադրվեր, իր անցած սխալները, մեղքերն ընդուներ և նոր կազմով հանդես գար: Մյուս կողմից՝ ես Արթուր Վանեցյանի նկատմամբ համակրանք ունեմ: Ինքը կարող էր մենակ գնալ: Ես չգիտեմ, թե սա ամբողջական դաշի՞նք է լինելու, թե՞ ՀՀԿ-ականների մի մասն է ընդգրկվելու: Ընդհանուր առմամբ, այդ քայլին դրական եմ նայում:

– Շատերը հարցադրում են անում, թե ինչո՛ւ ՀՀԿ-ն չմիացավ Ռոբերտ Քոչարյանին, այլ միացավ Վանեցյանին: Հնարավո՞ր է, որ այստեղ պայքարը գնում է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև:

– Այո՛, իմ անձնական կարծիքն ասեմ. բոլոր դեպքերում Վանեցյանը մաքուր ուղի է անցել: Նա և՛ Արցախի հետ կապված հարցերում, և՛ կոռուպցիոն հարցերում երիտասարդ է, և իր անցած ուղին մաքուր է: Քոչարյանի և ՀՀԿ-ի միջև ժամանակին եղել է համագործակցություն, ՀՀԿ-ն պաշտպանել է նրան, բայց այստեղ շատ կարևոր է, որ ՀՀԿ-ն ուզում է մաքրվել անցյալից: 

– Բայց Արթուր Վանեցյանն իր հարցազրույցներում հայտարարում էր, թե պայքարում է, որ նախկինները հետ չգան: Որքանո՞վ է նա ազնիվ իր նկրտումներում:

– Նախկիններն ու ներկաները շատ հարաբերական են, որովհետև շատ նախկիններ կամ նախկինների նախկիններ այսօր պաշտոններ են զբաղեցնում: Նայած թե նախկին ասելով՝ ում նկատի ուներ, ես կարծում եմ՝ անձնավորված ինչ-որ մարդկանց է նկատի ունեցել, որովհետև նախկինների մեջ՝ նույն ՀՀԿ-ի, ՀՀՇ-ի, դրանից առաջ՝ Կոմկուսի, միշտ եղել են ազնիվ, նորմալ մարդիկ: Կուսակցությունն ամբողջությամբ նախկին կամ ամբողջությամբ ներկա հայտարարելը ճիշտ չեմ համարում: Վանեցյանը նախկին կոռուպցիոն սխեմաների մասին է երևի ասել: 

Այսօր ՀՀԿ-ում շատ կարգին մարդիկ կան, որոնք ազնիվ ճանապարհ են անցել, կոռուպցիոն սխեմաներից հեռու են մնացել: ՀՀԿ-ն միշտ՝ և՛ Աշոտ Նավասարդյանի, և՛ Վազգեն Սարգսյանի ժամանակ, հենց կոռուպցիայի դեմ է պայքարել: Այսինքն՝ ՀՀԿ-ն իր գաղափարախոսությունը շատ լավն էր, դա իշխանության գալուց հետո փոխվեց:

– Դուք տեղեկություններ ունե՞ք, որ ՀՀԿ-ից ոչ բոլորն են մասնակցելու ընտրություններին:

– Այդպիսի տեղեկատվություն չունեմ և չեմ կարող ունենալ, բայց այդպես եմ մտածում՝ նաև նայելով ՀՀԿ-ի ներքևի օղակներին: Համենայնդեպս, դա միայն Գործադիր մարմնի որոշումը չէ, դա պետք է տարածվեր նաև ամբողջ կուսակցության վրա: 

Ես կուսակցության ներքևի օղակներում դա չեմ զգում: Կարծում եմ՝ առայժմ վերադասի հետ կապված որոշում է: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ կմասնակցի ընտրություններին: Մի մասը Քոչարյանի հետ կգնա, մի մասը՝ Վանեցյանի հետ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ամբողջական չի մասնակցի ընտրություններին: 

– Որովհետև ՀՀԿ-ում Քոչարյանի համակիրների բանա՞կ կա:

– Այո՛, ՀՀԿ-ականները տարբեր շերտեր ունեն, հատկապես ներքևի օղակներում, որոնք մնացել են ՀՀԿ-ի մեջ, միաժամանակ քննադատելով ՀՀԿ-ի վերջին շրջանի քաղաքականությունը: Ուղղակի արժանապատվությունից ելնելով մնացել են, որովհետև ուրիշ կուսակցություն չեն ուզում մտնել, և նրանք այսօր պատրաստ են պաշտպանելու տարբեր մարդկանց, տարբեր կուսակցությունների:

– Ի՞նչը խանգարեց, որ ՀՀԿ-ն Քոչարյանի հետ դաշինքով չգնաց ընտրությունների, ի՞նչ է ընկած Քոչարյան-Սարգսյան կոնֆլիկտի հիմքում:

– Դա այսօրվա բան չէ, դա արմատներ ունի: Նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից կային հակասություններ: Այսինքն՝ այս ամենն արմատներ ունի, և պատահական չէ, որ այսօր տարբեր թիմերով են գնում ընտրությունների: 

Համենայնդեպս, Քոչարյանն այսօր ինքն անձամբ է ուզում ղեկավարել դաշինքը, Սերժ Սարգսյանը ուրիշ ցանկություններ ունի, նաև գաղափարապես նրանք տարբերվում են: 

Երևի ներքին խնդիրներ էլ կան, որոնց մենք տեղյակ չենք: Համենայնդեպս, երևում է, և դրա մասին նաև հայտարարվեց, որ նրանք միասին չեն գնալու ընտրությունների: Մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ն հայտարարեց, որ Քոչարյանին իրենք չեն պաշտպանում: 

– Դուք դեռ շատ ժամանակ առաջ հայտարարել էիք, որ քաղաքական նախաձեռնությամբ եք հանդես գալու, ի՞նչ փուլում է այդ գործընթացը, արդյոք մտադի՞ր եք մասնակցել ընտրություններին:

– Մենք կուսակցություն ենք ստեղծում, արդեն ներկայացրել ենք, շուտով գրանցումը կլինի: Բնականաբար, քաղաքականությանը կմասնակցենք, իսկ ընտրություններին կտեսնենք, թե ոնց կլինի: 

– ՀՀԿ-ից միասին դուրս եկած նախկին հանրապետականներո՞վ եք ստեղծում կուսակցություն:

– Ո՛չ, նախ՝ մենք նախկին ՀՀԿ-ականներով, խորհրդի անդամներով մի քանի մարդ ենք: Ստեղծում ենք սոցիալական հիմքով կուսակցություն, հենց գրանցվեց, հրապարակային գործունեություն կծավալենք: Տեղերում հիմա կառույցներ ենք ստեղծում: Չգիտեմ՝ ընտրություններին կհասցնե՞նք մասնակցել, թե՞ ոչ, բայց քաղաքականությամբ անպայման կզբաղվենք:

Մանե Հարությունյան

MediaLab.am