«Մարտի 1»-ով հարուցված քրեական գործերը չեն կարող կարճվել. Արա Ղազարյան

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, այս օրերին ամենաքննարկվող թեման ՍԴ-ի որոշումն է, որով հակասահմանադրական ու անվավեր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, արդյոք սա վկայո՞ւմ է այն մասին, որ այդ կառույցում դեռ ունենք ճգնաժամ, արդյոք այդ վճռի հետ կապված դժգոհությունն արդարացվա՞ծ է: Նաև կարծիք է հնչում, որ եթե Քոչարյանի և մյուսների գործը փլուզվի, ապա դատական համակարգը կարող ենք համարել չեղած:

– Դա կլինի ակնհայտ, առերևույթ կամայական որոշում: Եթե մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը չկա, նշանակում է չկա հանցագործություն: Եթե ԱԺ-ի կողմից նոր հոդվածներ ստեղծվեն, դրանք չեն կարող հետադարձ կիրառվել:

Նախկինում բազմիցս եղել է, երբ հակասահմանադրական ճանաչված նորմը շրջանառությունից դուրս է հանվել, և այդ նորմի հիման վրա հարուցված բոլոր պրոցեսները կարճվել են:

Դա նորություն չէ, ենթադրվում է, որ այդպես էլ պետք է լինի: Դրա համար մի հատ առանձին նորմ էլ պետք չի գրել օրենքում, որ եթե նորմը հակասահմանադրական է ճանաչվում, ապա դատարաններն այլևս չեն կարող այդ նորմը կիրառել: Դա իսկապես անլուրջ կլինի: 

– Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը:

– Ես այն ամբողջությամբ չեմ կարդացել, բայց այն հանգամանքը, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տվյալ նորմը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով, արդեն հուշում է, թե մոտավորապես ինչի մասին է այն:

Փաստաբանները պնդում էին դատարանում, որ հանցագործության օբյեկտի հատկանիշները պարզ չեն, իսկ ես էլ ժամանակին պնդել եմ, որ այդ հոդվածը վտանգում է ցանկացած բողոքի ակցիա, որը ձեռք կբերի որոշակի մասշտաբայնություն, որը մարդիկ ուզում են իրականացնել իրենց ժողովրդավարական կառավարման իրավունքից ելնելով, օրինակ՝ ասենք, իշխանությունը փոխելու նպատակով:

Որովհետև, եթե բռնության տարրը բացակայում է որպես էլեմենտ, նշանակում է հասարակական կարգի ցանկացած տապալում կարելի է բնորոշել որպես սահմանադրական կարգի տապալում, ասենք՝ մեկ կամ երեք փողոց փակելը:

Հարցն այն է, որ հոդվածը չի հստակեցնում այն շրջանակները, այն մասշտաբը, հատկանիշները, որոնց հիման վրա մարդիկ, ցուցարարները կարող են վստահ լինել, որ իրենց գործողությունները չեն որակվի որպես հանցագործություն: Ես կարծում եմ, որ սա բավականին մեծ առաջընթաց էր իրավունքի զարգացման տեսանկյունից, թե Քոչարյանի գործն ինչ ելք կունենա:

Եթե ինձ չի հետաքրքրում Քոչարյանի գործի ելքը, ինձ հետաքրքրում է ժողովրդավարական կառավարումը, ես գտնում եմ, որ այս հոդվածից ազատվելը, որն այդպես էլ երբեք չկիրառվեց, դրական է:

Երբ այդ հոդվածն ընդունվեց 2009 թվականին, այդ ժամանակ Վենետիկի հանձնաժողովն ասել էր, որ այդ հոդվածը կարելի է չդիտարկել որպես հետադարձ կիրառություն, եթե դա նախկինի շարունակությունն է առանց էական փոփոխությունների:

Նույնիսկ այդ պայմաններում հոդվածը երբեք չկիրառվեց, որովհետև չգիտեինք՝ ինչպե՛ս կիրառել, չկար դատական պրակտիկա, չկար մեկնաբանություն, չկային ուղեցույցներ: Վստահ եմ, որ հիմա ԱԺ-ն արդեն նոր հոդված կձևակերպի, որում այդ հանցակազմը պետք է լինի, բայց արդեն կոնկրետ, ավելի հստակ չափանիշներով: 

– Այս դեպքում ի՞նչ քայլերի կարող է գնալ դատախազությունը:

– Դատախազությունը այս դեպքում բողոքարկելու հնարավորություն չունի, այս քրեական գործը պետք է կարճվի:

Չի կարող քննարկման առարկա լինել մի հոդված, որը հակասահմանադրական է ճանաչվել: Դատախազությունը կարող է ուղղակի վերաորակել մեղադրանքը, բայց դեռ 18 տարի առաջ Վճռաբեկ դատարանը այնպիսի բարձր պահանջներ է սահմանել դատարանում մեղադրանքի վերաորակավորման առնչությամբ, որ դա գրեթե անհնարին է:

Օրինակ՝ դրա համար պետք է ներկայացնեն նոր փաստեր, գուցե քննչական գործողություններ կատարվեն դրա համար: Եթե դատախազությունն այդ ռեսուրսն ունի, վստահ եմ, որ կօգտվի, բայց քիչ հավանական է:

– Այս գործի շուրջ մեծ հետաքրքրություն կար, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, ՍԴ-ում ճգնաժամն էլ՝ լուծված: Այս վճիռն ի՞նչ ցույց տվեց:

– Նախ՝ «Մարտի 1»-ի գործը չի սահմանափակվում միայն Քոչարյանի կամ այլոց նկատմամբ հարուցված քրեական գործերով 300.1 հոդվածի հիման վրա:

Այնտեղ կան հարուցված բազմաթիվ այլ անհատականացված գործեր: Ի վերջո, կիրառվել է մահաբեր ուժ, կիրառվել է ոչ անհրաժեշտաբար, ոչ համաչափորեն: Մեղադրանք կա առաջադրված կոնկրետ անձանց, հետախուզման որոշումներ կան:

Եթե չեմ սխալվում, 10 կամ ավելի քրեական գործեր կան այլ անձանց նկատմամբ, որոնք կիրառել են մահաբեր ուժ, որոնք հրաման են տվել: «Մարտի 1»-ի գործը չի եզրափակվում միայն Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործերով: 

– Այսինքն՝ դատական գործընթացը կշարունակվի՞:

– Այո՛: Ես չգիտեմ՝ քանի քրեական գործ է հարուցված, բայց դրանք ընթացքի մեջ են: Որոշ գործեր դանդաղ են առաջ գնում, որովհետև հետախուզման մեջ գտնվող մարդիկ կան:

Մի հոգի կալանքի տակ էր, վերացրեցին կալանքը որպես խափանման միջոց, այսինքն՝ «Մարտի 1»-ի գործը չի վերացել: Ժամանակին ՍԴ-ն որոշում է կայացրել, որ եթե կա հանցադեպը, ապա այդ հանցադեպով հարուցված քրեական գործը չի կարող կարճվել:

«Մարտի 1»-ի գործով կան մեկ քրեական գործի ներքո հարուցված բազմաթիվ գործեր, որոնք չեն կարող կարճվել: Առնվազն զոհվածների կամ վիրավորված անձանց առումով հարուցված քրեական գործերը չեն կարող կարճվել: 

– Այսինքն՝ մենք գործ ունենք միայն մեկ հոդվածի հետ, որը հակասահմանադրական է ճանաչվել:

– Այո՛, դա բավականին քաղաքականացված հոդված էր: Այն վերաբերում էր, այսպես կոչված, ղեկավարներին, բայց պետք էր ժամանակին կանխատեսել, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հանցակազմը սահմանված լիներ առանց բռնության էլեմենտի:

Եթե ուսումնասիրեք, մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում այդ հանցագործությունը սահմանվում է բռնությամբ, իսկ մենք, չգիտես ինչու, 2009-ին որոշեցինք առանց բռնության կիրառման սահմանադրական կարգի տապալում սահմանել օրենքով:

Պարզ է, չէ՞, որ այն ազատությունների ավելի մեծ սահմանափակում է ենթադրում: Հետևաբար, ժողովրդավարական կառավարման ուղղությամբ ՍԴ որոշումն առաջընթաց է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am