ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի հետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանին, որի ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության կրած գույքային վնասների գնահատման գործընթացին, տեղահանված արցախցիների խնդիրներին, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին ու խնդիրներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներին վերաբերող հարցեր:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ներկայացրել է պատերազմի օրերին քաղաքացիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերն ու հակիրճ տեղեկատվություն՝ Արցախի փրկարարների կողմից իրականացվող որոնողական աշխատանքների վերաբերյալ:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հեռավար ձևաչափով՝  վերոնշյալ հարցերի և փաստերի առթիվ պատշաճ քննություն տալու նպատակով: