«Հնարավոր չէ հայրենասիրական երգերով, կոչերով պահել երիտասարդությանը, պետք է շատ կոնկրետ առաջարկներ ներկայացնել». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

Պարո՛ն Բաբայան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի վերլուծության համաձայն՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է 240 հազարով կամ 25 տոկոսով: Նույն այդ վերլուծության համաձայն՝ 15-29 տարեկանի միջակայքում գտնվող երիտասարդները չունեն հետաքրքրություն, կրթություն, չեն զբաղվում որևէ գործով: Հայաստանը ամբողջ աշխարհում այդ ցուցանիշով ամենաբարձրն է: Այս պատկերն ինչո՞վ կարելի է բացատրել՝ ըստ ձեզ:

– Երիտասարդների համար մենք չենք ստեղծում գրավիչ պայմաններ ու հեռանկար, իսկ երիտասարդները ձգտում են ապրել ժամանակակից աշխարհում, ազատ ապրել, ստեղծագործել ու արժանավայել եկամուտ ստանալ:

Յուրաքանչյուր երկրի իշխանության համար մեկ խնդիրն է, եթե իհարկե ուզում է տեսնել երկրի ապագան ամուր, այդ երիտասարդների համար պայմաններ ստեղծելը: Երիտասարդներն այսօր ոչ այդքան հաճախ են կարողանում արտահայտել իրենց կարծիքը, ու, որպես հետևանք, ականատես ենք լինում արտագաղթի: Մեր ազգային արժեքների մեջ մենք, մի փոքր կոպիտ կհնչի, բայց ընդունում ենք մահը, այլ ոչ թե կյանքը, իսկ երիտասարդներն ուզում են ապրել:

Սա ամենակարևորն է, ու պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել: Ապրել՝ նշանակում է նորմալ ստեղծագործել, վաստակել, ստեղծել ընտանիք, ապրել այնպես, որպեսզի ուրիշները չխառնվեն քո գործերին, չթելադրեն քեզ վարվեցողության կանոններ: Երիտասարդները, կարծում եմ, շատ լավ ցուցիչ են, որ ցույց են տալիս, որ մեր երկրում ինչ-որ բան սխալ է ընթանում, իսկ այդ սխալը կատարվել է ոչ թե այսօր կամ երեկ, այլ՝ վաղուց:

Հնարավոր չէ հայրենասիրական երգերով, կոչերով պահել երիտասարդությանը, պետք է շատ կոնկրետ առաջարկներ ներկայացնել, նրանք պետք է զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են, հեռանկար ունեն: Երիտասարդները չեն ցանկանում նաև իրենց երկիրը տեսնել անընդհատ պատերազմի մեջ: Չի կարելի մարդկանցից անընդհատ պահանջել զոհաբերվել, չի կարելի զոհել ուրիշի կյանքը հանուն քո սեփական գաղափարի, զոհել կարելի է միայն սեփական կյանքը:

– Իսկ ի՞նչ ու ինչո՞ւ չի արվում Հայաստանում, որպեսզի մեր երկիրը ցանկալի դառնա ոչ միայն տեղացիների, այլ նաև օտարերկրացիների համար, որ երիտասարդներն իրենց վաղվա օրը դրսում տեսնելու փոխարեն ձգտեն իրենց հայրենիքում ապրել:

– Նախ նշեմ, որ ես մինչ օրս չեմ տեսել, որ խորքային ինչ-որ հետազոտություն արվի՝ այս խնդիրներին լուծում տալու համար: Կարծում եմ, որ որոշակի վախ կա, որովհետև նման հետազոտությունը ենթադրում է շատ անկեղծ խոսակցություն, իսկ մեր երկրում, ցավոք սրտի, ամեն մի անկեղծ վերլուծություն միանգամից հանդիպում է պիտակավորման: Հետազոտությունը գիտություն է, որը պետք է լինի օբյեկտիվ, որպեսզի տրվի ճիշտ ախտորոշում, իսկ ախտորոշումը չունի ազգային պատկանելություն, գաղափարախոսություն, այն մասնագիտական մոտեցում է պահանջում:

Պետք է վերլուծել ու հասկանալ, թե մենք ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել ու որտե՞ղ ենք գտնվում, իսկ երիտասարդների համար շատ մշուշոտ է, թե մենք ինչ երկիր ենք ուզում կառուցել և արդյոք ուզո՞ւմ ենք պետություն կառուցել, թե՞ ոչ:

Մեր ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ մենք չենք բացատրում մեր հանրությանը պետության ու գաղութի տարբերությունը, գաղութ ասելով՝ ես նկատի ունեմ ռեզերվացիան: Մենք հաճախ գերագնահատում ենք գաղութի կարևորությունները՝ ասելով, որ գաղութի ժամանակ զարգանում էր մեր գիտությունը, արվեստը և այլն՝ մոռանալով մի շատ կարևոր բան՝ մենք տերը չէինք մեր երկրի, սեփական հարցերը մենք չէինք որոշում:

Սեփական պետություն ունենալը պատասխանատվության հարց է, երիտասարդները պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու, բայց իրենք պետք է կոնկրետ տեսնեն նպատակ, որին ձգտում է պետությունը: Դժվար է այլևս երիտասարդներին խաբել փուչ հայրենասիրական կոչերով:

Նրանք պետք է զգան, որ երկրի համար ամենագնահատելին բարձր որակի մասնագետն է, որը պետք է իր ավանդն ունենա պետականաշինության գործում, հակառակ դեպքում միշտ կունենանք նույն պատկերը: Մեր լավագույն մասնագետները կթողնեն կգնան, օտար երկրներում կհասնեն մեծ հաջողությունների, մենք էլ այստեղ կհպարտանանք՝ մոռանալով նշել, որ մենք այստեղ չստեղծեցինք համապատասխան պայմանները, որ այդ մարդը իր հողում հասներ այդ հաջողություններին:

– Պարո՛ն Բաբայան, այդ պայմանները չապահովելու խնդիրը ո՞րն է, ինչո՞ւ պատկան մարմինները չեն ստեղծում նմանօրինակ պայմաններ, մեր երկիրը չունի՞ այդ պոտենցիալը, թե՞ պարզապես չկա ցանկություն:

– Բարդ հարց եք տալիս, բայց, կարծում եմ, շարունակում է աշխատել մի շատ վատ սկզբունք՝ մեր մարդը ու ոչ մեր մարդը: Կարծում եմ՝ այս հասկացողությունը՝ մեր թիմակիցը, մեր մարդը պետք է վերաբերի լավ մասնագետին. եթե լավ մասնագետ է՝ մեր թիմակիցն է, վատ մասնագետ է՝ մերը չէ, որքան էլ նա հավատարմության երդումներ տա օրվա իշխանություններին: Երիտասարդները պետք է տեսնեն օրինակներ, ոչ թե խոսքերով կերակրվեն:

Բազմաթիվ հայ երիտասարդների եմ հանդիպել տարբեր երկրներում, որոնք ուսում են ստացել աշխարհի հայտնի բուհերում, բոլորն էլ նույնն էին ասում՝ վերադառնանք Հայաստան ի՞նչ անենք: Այդ մարդկանց համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան դրսևորվել: Մենք դոփում ենք տեղում ու զարմանում, թե ինչո՞ւ է աշխարհը մեր հանդեպ անտարբեր, որովհետև մենք փորձում ենք կռիվ տալ ժամանակի հետ, իսկ այդ պարագայում միշտ պարտված ենք դուրս գալիս, որովհետև ժամանակի հետ կռվել հնարավոր չէ:

– Դուք խոսում եք այն խմբի մասին, որոնք իրենց երկրում հնարավորություններ չտեսնելով՝ ստիպված հեռանում են, իսկ ինչո՞վ եք բացատրում մի խումբ մարդկանց վարքը, որոնք ո՛չ կրթության, ո՛չ աշխատանքի հանդեպ հետաքրքրություն չունեն, այսինքն՝ ո՛չ սովորում են, ո՛չ աշխատում:

– Կա որոշակի վատ ավանդույթ. մեր թատրոնը հաճախ է մեկնում տարբեր երկրներ փառատոների, ու վերադառնալուց հետո հաճախ եմ հանդիպել հետևյալ հարցին. «Ի՞նչ երկիր էր, կապրեի՞ր այնտեղ»: Սա շատ հետաքրքիր հոգեբանություն է. չեն հարցնում՝ ի՞նչ եք տեսել, ի՞նչ թանգարաններ, տեսարժան վայրեր կային, մշակույթը և այլն, միանգամից՝ կապրեի՞ր. այդ գաղթելու մոլուցքը բոլոր դեպքերում կա:

Սա մտածողության հարց է, մենք չենք կարողանում պետություն, հայրենիք հասկացողությունը դարձնել արմատական, որ սա՛ է մեր տունը, եկեք այլ տուն չփնտրե՛նք: Բազմաթիվ են դեպքերը, որ այստեղ մարդիկ չեն անում կոնկրետ աշխատանք, բայց դրսում լավ էլ անում են նույն գործը: Չկա ըմբռնումը, որ ցանկացած աշխատանք պատվաբեր է, ցանկացած:

Մտածողություն փոխելու խնդիր էլ ունենք, չմոռանանք, որ մեր մտածողությունն ինչ-որ չափով ձևավորվել է նաև հարյուրամյակների ընթացքում, երբ չունեինք պետականություն: Ամենակարևորը չունենք՝ մենք մեզ պատասխանատու չենք զգում այս երկրի համար: Ա՛յ, երբ զգանք դա ու կարողանանք հարցեր լուծել այս երկրում, որտեղ տեր կլինենք, իսկ տերը ոչ միայն պահանջատերն է, այլև առաջին հերթին պատասխանատուն է, կունենանք այլ պատկեր:

– Պարո՛ն Բաբայան, փաստորեն, անհրաժեշտ է համակարգային մոտեցո՞ւմ այս իրավիճակը փոխելու համար, մտածողության փոփոխությունից մինչև հնարավորություններ ստեղծե՞լը:

– Այո՛, որովհետև մեր համակարգը արդյունքն է մեր մտածողության: Ուզում ենք, որ փոխվի մեր կյանքը, բայց չենք ուզում փոխել մեր մտածողությունը, այդպես չի լինում: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մտածում ենք: Մենք անում ենք նույն գործողությունները շարունակ, բայց այլ արդյունք ակնկալում, այդպես չի լինում:

Դժվար է, բայց պետք է փոխել գործողությունները, որոնց արդյունքը չի արդարացնում: Բայց փոխելուց առաջ պետք է հստակ ու ճիշտ ախտորոշում տալ, մենք հաճախ նաև վախենում ենք այդ ախտորոշումից, որովհետև հնարավոր է, որ այն ցույց տա, որ այն արժեքները, որոնցով ապրում էինք, պատճառ դարձան այս հիվանդության: Բայց չախտորոշելով էլ՝ հիվանդությունը գնալով խորանում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am