«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդու գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft դատական տեղեկատվական համակարգից։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Ավելի վաղ, Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ իր պաշտպանյալը անմեղսունակ է ճանաչվել։ Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն

 2020 թվականի հունվարի 23-ին ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն:

Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: