ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով պատրաստվում է ռազմական գործողությունների և դա այնքան ակնհայտ է, որ պետք է ՔՊ անդամ լինես, որ դա չնկատես:
Բայց ինչու է խոսում խաղաղության մասին: 2020 թվականից հետո Ադրբեջանը միշտ էլ խոսել է խաղաղության մասին, բայց այդ ընթացքում հարձակվել է Ջերմուկի վրա, օկուպացրել տարածքներ, հայաթափել Արցախը և շատ գործողություններ, որոնք իրական խաղաղության ձգտող և գնացող երկրի վարքագիծ չեն:
Ադրբեջանին խաղաղություն պետք չէ: Խաղաղության երկխոսությունը ընդամենը ռազմավարական գործիք է, որն օգտագործվում է զիջումների սպառնալիքով հատիկ առ հատիկ Հայաստան պետության հիմնաքարերը տակից հանելու համար: Եվ այդ բոլոր զիջումների գինը խաղաղության հասնելն է, որը Հայաստանի իշխանությունների ձեռամբ Ալիևը փաթեթավորել, դարձրել է քաղցր կոնֆետ, որն ամեն ամեն անգամ Ադրբեջանին ինչ-որ բան տալու դիմաց մոտեցնում է հայ ժողովրդի բերանին ու հետ քաշում:
Այսպես Ալիևը անտեսանելի ձեռքով կառավարում է Հայաստանի ներքաղաքական կյանքըտալով «խաղաղության» խաղաքարտեր ՀՀ իշխանության ձեռքին նրանց դիրքերը ամուր պահելու և 2026 թվականին վերարտադրելու համար, որովհետև միայն այս իշխանության առկայության պարագայում և գործուն մասնակցությամբ Հայաստանի փուլային ապամոնտաժման օպերացիան կարող է երաշխավորված լինել:
Երկրորդ, խաղաղության ստորագրման պայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունըԱլիևը ուզում է խաղաղության կոնֆետը թողել հայ ժողովրդի կոկորդում դրանով արդարացնելով իր ագրեսիան և ազատություն տալ իր ձեռքերին: Բաց խոսելով այն մասին, որ Սահմանադրությունը փոխվելու է մեր պահանջով, Ադրբեջանը գրգռում է դիմադրության մեր նյարդը, որ տապալված հանրաքվեի և դրանով պայմանավորված ագրեսիայի մեղքը թողնի մեր վզին: Դա կապահովի մեր իշխանությունը. արդեն իսկ իշխանական շրջանակները սկսել են կեղտոտ պրոպագանդան` «խաղաղություն ես ուզում, թե պատերազմ, եթե խաղաղություն ես ուզում պետք է այո ասես Սահմանադրության փոփոխությանը»: Նույն սև ու սպիտակի քարոզով:
Բայց ժողովրդին պետք է բացատրել, որ Սահմանադրության փոփոխությունը ևս խաղաղություն չի բերելու, բայց ունենալու է կործանարար հետևանքներ մեր պետականության համար, ինչը և պետք է մեր հարևաններին: Հետևաբար, իշխանությունը այս պահին իրականացնում է ադրբեջանական օրակարգը, իսկ բոլոր քաղաքական գործիչները կամ անհատները, ովքեր մտնելու են «այո» կամ «ոչ» բովանդակային արշավների մեջ նրանք լեգիտիմացնելու են Ադրբեջանի օրակարգը Հայաստանում և օգնելու են ՀՀ իշխանություններին անելու իրենց սև գործը:
Պետք է տոտալ բոյկոտել այդ օրակարգը, չմտնել բովանդակային քննարկումների մեջ և ոչ մի դեպքում չմասնակցել հանրաքվեին, որովհետև դա կեղծ, շինծու օրակարգ է:
Խաղաղության շանտաժով Սահմանադրության փոփոխությունը մեզ խաղաղություն չի բերելու: Դրանից հետո ուզելու են, որ բանակ չունենանք, հետո ադրբեջանցիներին են բերելու Հայաստան, հետո, հետո ու ոչ հայ կմնա, ոչ էլ Հայաստան: Ադրբեջանը ունի մեզնից զիջումներ կորզելու մի ամբողջ զամբյուղ, որի տակից հաստատ դուրս չենք գալու և դանդաղ արձանագրենք մեր մահը` որպես անկախ պետություն, որպես Հայաստան պետություն:
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին պետք է մի թուղթ կամ հայտարություն, որ հեսա բան չմնաց` հասանք խաղաղության: Եվ սա է հիմա ապահովում Ադրբեջանը:
Հայ ժողովուրդը մի հարց ունի այս պահին լուծելու` թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետը:
Մնացածը քաղցր կոնֆետ է` դառը հետևանքներով: #azerbaijan #armenia #армения #peace #азербайджан #переговоры #ադրբեջան #հայաստան #սահման #միջանցք #ընտրություններ #նախընտրական»:



















