Մեծ էսկալացիայի ռիսկ այս փուլում չկա, Ալիևը պարզապես կարող է ուժով սահմանազատում ու սահմանագծում անելու խնդիր դնել. Հակոբ Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ադրբեջանի նախագահի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից… Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ». 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ արված հայտարարության այս հատվածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների Հայաստանի դեմ COP29-ից հետո։

– Կոնկրետ հայտարարությունից այդպիսի եզրակացություն անելու հիմք ունենք այնքանով, որքան հիմք ունենք Ալիևի ցանկացած այդպիսի հայտարարությունից, որովհետև, վերջին հաշվով, այդ հայտարարությունն իր մեջ որևէ նոր բան չի պարունակում, ու առաջին անգամ չէր, որ նման բովանդակությամբ խոսք է հնչում։ Այս տեսանկյունից Ադրբեջանը միշտ պատրաստ է ռազմական որևէ գործողությամբ որևէ խնդիր լուծելու, ու այստեղ հարցն այն չէ՝ Ալիևը մտադրություն ունի՞, թե՞ ոչ, այլ այն, որ Ալիևը կանի նման քայլ, եթե տեսնի, որ դրա համար կա նպաստավոր միջավայր ավելի լայն իմաստով։ 

Մեծ հաշվով, նա միշտ պատրաստ է ուժի կիրառմանը, ուղղակի խնդիր ունի բարենպաստ պահ ու միջավայր ստանալու։ COP29-ից հետո կլինի՞ նման պայման, ես կարծում եմ, բավական խնդրահարույց է այն, որ ԱՄՆ-ում նախագահի ընտրությամբ, փաստորեն, ձևավորվում է երկամսյա ժամանակահատված, երբ Թրամփը դեռ ամբողջապես չի ստանձնել կառավարումը, ու միաժամանակ գործող վարչակազմն էլ, երևի թե, կորցրել է առանձնապես մեծ քաղաքական ջանքեր գործադրելու մոտիվացիան, ու այստեղ առաջանում են որոշակի վակուումային ռիսկեր։ 

Սա չի նշանակում, որ այդ ռիսկերն անմիջականորեն անկառավարելի են, որովհետև, ըստ իս, առնվազն Իրանն ու Ռուսաստանը, կարծում եմ՝ նաև Թուրքիան, այդուհանդերձ, չունեն Կովկասում ռազմական էսկալացիայի շահագրգռվածություն։ Բայց հարցն այստեղ այն է, որ Ալիևը կարող է գնալ շատ փոքր էսկալացիաների, այսինքն՝ քայլերի, որոնք չբերեն շատ մեծ կոնֆլիկտի Կովկասում, սակայն Ադրբեջանի համար տեղային նշանակության հարցեր լուծեն, թեկուզ Հայաստանի հանդեպ ուժգին ճնշման տրամաբանությամբ։ 

Այս փուլում այդպիսի ռիսկեր կան, ու Հայաստանը պետք է փորձի շատ ինտենսիվ աշխատել անմիջականորեն տարածաշրջանային շահագրգռվածություն ունեցող դերակատարների հետ՝ նույնիսկ այդ տեղային ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։ 

– Տեղային ռիսկերի Ադրբեջանը գնալու է՝ առաջնայինն ի՞նչ նպատակ ունենալով, նույն այդ Սյունիքով անցնող ճանապա՞րհը։

– Շեշտեմ, որ ես չեմ ասում, թե անկասկած գնալու է այդպիսի քայլերի, նկատի ունեմ, որ այս շրջափուլում մեծանում է այդպիսի ռիսկայնությունը, որովհետև Թրամփի ընտրությամբ փոխվում է որոշակի պարադիգմ միջազգային այս մեծ համաշխարհային պատերազմում: Ակնհայտ է, որ մեկնարկելու են քաղաքական սակարկությունների որոշակի նոր էջ, նոր պայմաններ, նոր մոտեցումներ Թրամփի, Ռուսաստանի և այլ ուժերի միջև՝ ուղիղ կամ միջնորդավորված։ Սա, ինչ-որ առումով, տուրբուլենտությունը մեծացնող գործոն կարող է լինել այս անցումային ժամանակահատվածում։ 

Իսկ ի՞նչ խնդիրներ կլուծի Ալիևը. նրա համար մի քանի դիրքն էլ խնդրի լուծում է, այսինքն՝ խնդիր է, որը ուժեղացնում է ճնշումը Հայաստանի վրա, որը նրա խաղադրույքներն է բարձրացնում։ Այստեղ շատ էական է լինելու այն, թե Ադրբեջանը համոզված լինելո՞ւ է, որ մարսելու է այդ ամենը, թե ոչ, իրեն զսպողն այս հանգամանքն է։ Էլ չեմ ասում, որ Ալիևը պարզապես կարող է ուժով սահմանազատում ու սահմանագծում անելու խնդիր դնել, ավելի մեծ էսկալացիայի ռիսկ այս փուլում, կարծում եմ, չկա։ 

Այս հայտարարություններին զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող տելեգրամյան ալիքներով եղավ հայտարարություն Ալիևի ելույթին ի պատասխան, որ Իրանը թույլ չի տա սահմաններն ու աշխարհաքաղաքականությունը փոխելու ցանկացած փորձ: Մեծ էսկալացիայի Ադրբեջանը չի գնա, բայց եթե մեծ իմաստով և ուրիշների համար խնդիր չի ստեղծի, ապա մի գյուղի, մի քանի դիրքի մասշտաբով կգնա, ինչը մեզ համար շատ մեծ է, բայց Կովկասի համար՝ ոչ։ Մեզանից ակնկալվում է ինտենսիվ աշխատանք՝ այս փուլում այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։ 

– Պարո՛ն Բադալյան, այդ ռիսկերը չեզոքացնելու համար Հայաստանն ո՞ւմ հետ պետք է աշխատի, ասացիք՝ տարածաշրջանային շահագրգռվածություն ունեցող երկրների, նկատի ունեիք «3+3» ձևաչա՞փը։

– Մենք տեսնում ենք, որ շփումները կատարվում են գործնականում բոլոր ուղղություններով էլ՝ Ռուսաստան, Իրան ու անգամ Թուրքիա, թե ի՛նչ մակարդակի, ի՛նչ արդյունավետության են շփումները՝ սա գնահատելը առերևույթ շատ հարաբերական է, որովհետև պետք է շատ ավելի խոհանոցային ինֆորմացիայի տիրապետենք, ու, վերջին հաշվով, արդյունքը ցույց կտա։ 

Բայց որ աշխատանքը կա, դա նկատելի է, մենք տեսանք, որ Բուդապեշտի գագաթնաժողովի ընթացքում, էլի ոտքի վրա, Էրդողան-Փաշինյան շփում եղավ, հետո Մակրոն-Էրդողան հանդիպում եղավ, որից հետո նաև Մակրոն-Փաշինյան հանդիպում։ Իհարկե պարզ չէ, թե Էրդողանի ու Մակրոնի այդ հանդիպմանը Կովկասն ի՛նչ տեղ ուներ, որովհետև, կարծում եմ, որ, այդուհանդերձ, հիմնական թեման կլիներ Մերձավոր Արևելքը, բայց անուղղակիորեն դրանք միջավայր ձևավորող գործոններ են։ 

Հետաքրքիր է, թե այդ հանդիպումը կոնկրետ Կովկասի վրա ի՛նչ ազդեցություն կունենա, որովհետև մենք տեսնում ենք Ֆրանսիայի շահագրգռվածությունը Կովկասում, տեսնում ենք Ադրբեջանի բացարձակ հակադիր դիրքորոշումը Ֆրանսիայի հանդեպ, որ Ադրբեջանը Ֆրանսիայի որևէ ակտիվություն անմիջապես փորձում է դարձնել ապակայունացման պատճառ։ Ակնհայտ է, որ Երևանը փորձում է տարբեր շփումներով իրավիճակը պահել կառավարելիի տիրույթում։

– Համակարծի՞ք եք այն պնդումներին, որ ասում են՝ «3+3»-ը Հայաստանի համար բնավ ձեռնտու ձևաչափ չէ։

– Դա նույնն է, ինչ ասել, թե Կովկասը Հայաստանի համար ձեռնտու տարածաշրջան չէ։ Այդ ձևաչափն արտացոլում է այս տարածաշրջանի աշխարհագրությունը ու աշխարհաքաղաքականությունը։ Հայաստանը Կովկասում է ու այստեղից չի կարողանալու գնալ, և այդ «3+3»-ն էլ մեզ շրջապատողն է, հիմա հարց է առաջանում՝ մենք աշխատո՞ւմ ենք այդ երկրների հետ, թե՞ չէ, եթե չէ, ապա ո՞ւմ հետ ենք աշխատում: Որևէ X պետության անուն տալիս առաջանում է հաջորդ հարցը՝ իսկ այդ պետության հետ ինչպե՞ս ենք հարաբերվելու, որովհետև բոլոր ճանապարհներն անցնում են «3+3»-ով։ 

Խնդիրը բացարձակ չպետք է դնել մեզ ձեռնտու է, թե՞ ոչ համատեքստում, սա ձևաչափ է, որը մենք չենք կարող անուշադրության մատնել, մենք նույնիսկ Վրաստանի հնարավորությունը չունենք այդ առումով, որովհետև Վրաստանն իր անմիջական ծովափը ունի, չունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այն խնդիրները, ինչ մենք ունենք։ 

«3+3»-ը իրողություն է, որը մենք պետք է հաշվի առնենք ու դրա հետ աշխատելու կարողություն պետք է ձևավորենք: Սա բնավ չի նշանակում, թե Հայաստանը պետք է դադարեցնի աշխատել ավելի հեռու խաղացողների հետ, բայց այդ աշխատանքը հակադրել տարածաշրջանային իրողություններին ոչ միայն նպաստավոր այլընտրանքների չի բերի, այլև հակառակը՝ ավելի կխորացնի ու կբարդացնի մեր դրությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am