«ՀՀ վարչապետն ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված»․ Անի Սամսոնյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին և արձանագրել խախտում: Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ կարող է դիմակ կրել և դժվար կլինի անձին նույնականացնել:

ՀՀ վարչապետը ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:

Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող և այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:

Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:

Ավելի լավ է չպատկերացնեք»։