Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է Deutsche Welle-ի (DW) թուրքական ծառայության թղթակից Ալիջան Ուլուդաղը։ Նա մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հանրային վիրավորանք հասցնելու» և «հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակայնորեն տարածելու» մեջ։ Փետրվարի 20-ին սպասվում է որոշում՝ լրագրողին կալանքի տակ պահելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ձերբակալության պատճառ է դարձել շուրջ մեկուկես տարի առաջ X սոցիալական ցանցում հրապարակված գրառումը, որտեղ Ուլուդաղը քննադատել էր Թուրքիայի իշխանություններին՝ հնարավոր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մարտիկներին ազատ արձակելու, ինչպես նաև կառավարության ենթադրյալ կոռուպցիայի համար։
DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը մեղադրանքները որակել է անհիմն՝ դրանք դիտարկելով որպես նպատակային ճնշում և մամուլի ազատության սահմանափակում։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը ևս ենթադրել է, որ Ուլուդաղը կարող էր անհանգստացնել թուրքական իշխանություններին իր հակակոռուպցիոն հետաքննություններով։



















