Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու նախագծում կատարվել է փոփոխություն

ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ:

«Նախագիծը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի մայիսի 5-ի նիստում: