Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերի թիվը մարտ ամսին նվազել է

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, եթե հունվար, փետրվար ամիսներին իրենք սպասարկել են օրվա ընթացքում 900-950 կանչ, ապա այսօր սպասարկում են 700-750 կանչ:

«Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Ինչ վերաբերում է կորոնավիրսուով պայմանավորված «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածությանը, ապա Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրենք միշտ են ծանրաբեռնված աշխատում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է. երկու անձ ապաքինվել է: