Արցախցիները շարունակում են ապավինել Ռուսաստանին, դեռ հույսեր են փայփայում, թե Պուտինը խիղճ ունի ու իրենց չի վաճառել. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Արցախի Հանրապետության նախագահը կոչով դիմել է միջազգային հանրությանը: Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մինչ այս հնչեցրած հայտարարություններն ու կոչերը:

– Այն իրավիճակում, երբ Արցախի խորհրդարանական ուժերը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած են պրոռուսական ամուր դիրքերի վրա, այսինքն՝ ագրեսոր Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցներն են տարածաշրջանում, ակնկալել, որ Արևմուտքը, բացի հայտարարություններից, այլ քայլեր անի հօգուտ հայերի, անհնար է: 

Տեսնում ենք, որ դատապարտվում է Արցախի շրջափակումը, պահանջներ են հնչում դադարեցնել շրջափակումը, բայց դրանից ավելի գործողություններ չեն արվում, իսկ դրա պատճառը, ըստ իս, Հայաստանի ու Արցախի ղեկավարների քաղաքական դիրքորոշումն է: 

– Բայց Ռուսաստանը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, եթե, ինչպես ասում եք՝ նրանք այդքան հավատարիմ են Ռուսաստանին, ապա ինչո՞ւ է վերջինս դժգոհ:

– Դա քարոզչություն է, Ռուսաստանում մեկ միլիոնից ավելի հայ կա, և նրանք հարյուր միլիարդից ավելի սեփականություն ունեն: Ռուսաստանի իշխանությունները իրենց հայազգի քաղաքացիների առջև խնդիր ունեն ներկայացնելու իրենց թուրքամետ ու ադրբեջանամետ քաղաքականությունը որպես Հայաստանի ղեկավարության գործողությունների հետևանք, այսինքն՝ քողարկել իրականությունը, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իմ կարծիքով, կոռուպցիայի ազդեցությամբ՝ այսօր կանգնել է Իլհամ Ալիևի կողքին: 

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ այդ դեպքում Արցախում ի՞նչ հետագա զարգացումներ են սպասվում:

– Արցախցիները շարունակում են ապավինել Ռուսաստանին, թեպետ, ասում եմ՝ իրողությունը շատ պարզ է, բայց մարդիկ դեռ հույսեր են փայփայում, թե Պուտինը խիղճ ունի ու իրենց չի վաճառել: Իմ կարծիքով՝ վաճառել է ու խիղճ չունի, բայց նրանք դեռ հույսեր ու ակնկալիքներ ունեն Ռուսաստանից: Այս պարագայում և՛ Արցախում, և՛ Հայաստանում ապրող մեր հայրենակիցները գտնվում են փակուղու մեջ. ո՛չ զարգացում կա, ո՛չ էլ առաջընթաց: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am