«Կարֆուրն» ու «Նիմֆոմանուհին» Հայաստանում

«Կարֆուրն» ու «Նիմֆոմանուհին» Հայաստանում
«Կարֆուրն» ու «Նիմֆոմանուհին» Հայաստանում

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Դալմա Գարդեն Մոլ առեւտրային կենտրոնում գործող Սինեմա Սթար կինոթատրոնում ցուցադրվելու է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմը, որը բավական մեծ աղմուկ էր հանել համաշխարհային կինոաշխարհում:

Նախօրեին սակայն տեղեկություն եղավ, որ կինոթատրոնի ղեկավարությունը հրաժարվել է ցուցադրել ֆիլմը, «հանրային լայն շերտերի» դժգոհության պատճառով: Դժգոհության պատճառն էլ ամենայն հավանականությամբ եղել է այն, որ ֆիլմում կան պոռնոգրաֆիական տեսարաններ:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են չափել կինոթատրոնի ղեկավարները հանրային շերտերի արձագանքը, այսինքն ինչպե՞ս են պարզել, որ դժգոհ շերտերը լայն են, կամ ինչպե՞ս են պարզել, ոչ ցուցադրման սպասող շերտերը ավելի լայն չեն: Սոցիոլոգիական հարցում կարծես թե չի կատարվել, որոշելու համար՝ ցույց տալու կողմնակիցներն են ավելի շատ, թե դժգոհները:

Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կարտացոլեր օրինակ սոցիոլոգիական հարցումը՝ ի՞նչ կնախընտրեր նայել միջին վիճակագրական հայաստանցի հեռուստադիտողը: Թեեւ, Թրիերի ֆիլմի արժեքն անկասկած պոռնոգրաֆիան չէ, կամ գուցե միայն պոռմոգրաֆիան չէ: Բոլոր դեպքերում, հարցումը երեւի չէր խանգարի: Եթե իհարկե գոնե այդ հարցումը ոչ ոք չկեղծեր, ընտրական հարցումների սովորությամբ: Որովհետեւ հենց այդ սովորությունը Հայաստանում սոցհարցումների ինստիտուտն էլ վաղուց հասցրել է պոռնոգրաֆիայի մակարդակի, ինչպես գրեթե բոլոր ինստիտուտները, Հայաստանը վերածելով արգելված ֆիլմերի մի մեծ կինոթատրոնի եւ հանրությանը ենթարկելով 25-րդ կադրի կախարդական էֆեկտին:

Այդ առումով, շատ հետաքրքրական, եւ թերեւս շատ խորհրդանշական է, որ նույն այդ առեւտրային կենտրոնում, որտեղ պետք է լիներ «Նիմֆոմանուհու» հայկական պրեմիերան՝ բայց չեղավ, պետք է լիներ համաշխարհային առեւտրային բրենդ հանդիսացող «Կարֆուրի» հայկական «պրեմիերան», բայց դա էլ, ինչպես հայտնի է՝ չեղավ:

Պաշտոնապես հայտարարվեց, թե տնտեսվարող սուբյեկտները միմյանց հետ լեզու չգտան: Բայց, «Կարֆուրի» «պրեմիերայի» տապալումն էլ պայմանավորված էր դրա կապակցությամբ դժգոհությամբ: Հայկական մամուլը գրեց, որ «Կարֆուրի» մուտքը դժգոհություն էր առաջացրել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներկրումով եւ սուպերմարկետի բիզնեսով զբաղվող մի քանի օլիգարխի մոտ՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ: Նրանք էլ դժգոհել էին Դալմա Գարդեն Մոլի սեփականատեր, ռուսաստանի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ով հայաստանցի օլիգարխների «խաթրից» դուրս չէր եկել: Կարդալ ավելին