«Եթե իմ ամուսինն ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել». Հայաստանում շատ կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից

«Եթե իմ ամուսինն ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել». Հայաստանում շատ կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից
«Եթե իմ ամուսինն ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել». Հայաստանում շատ կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից

 

Մարզերում երիտասարդ կանանց ու աղջիկների մոտ ամուսնու կողմից ծեծի ենթարկվելը, բարձրագույն կրթություն չստանալը, չաշխատելը և այլ քարացած կարծրատիպերը, ըստ մի շարք ՀԿ-ների կատարած ուսումնասիրությունների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին տեղեկացված չլինելու հետևանք են:
Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անցկացրած «Համապետական հարցում Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ 2008-2010» ուսումնասիրության՝ 4720 տնային տնտեսությունում հարցվածների 9 տոկոսը պատասխանել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել ամուսինների կամ զուգընկերոջ կողմից:

Հարցումների համաձայն` սեռական բռնության ենթարկված 5 կանանցից 4-ը ենթարկվել են նաև ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված յուրաքանչյուր 5-րդ կին ենթարկվել է նաև սեռական բռնության: Տնտեսական բռնության է ենթարկվել հարցվածների 7,4 տոկոսը, հոգեբանական բռնության՝ 24,6 տոկոսը, վերահսկողական վարքի բռնության՝ 61 տոկոսը:

Երիտասարդ աղջիկների և կանանց ակտիվացման, գենդերային հավասարության, կանանց իրավունքների մասին իրազեկության բարձրացման նպատակով «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն դեռևս 2001-ից ծրագրեր է իրականացնում ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Իրենց իրավունքների մասին չտեղեկացված, ամուսինների կողմից ծեծի ենթարկվող կանանց մոտ, ըստ մասնագետների, առաջին խոչընդոտը հենց նրանց մտածելակերպն է: Շատ կանանց և աղջիկների համար անընդունելի է, որ իրենք կարող են տղամարդկանց հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ունենալ այս կյանքում:

«Այդ իսկ պատճառով շատերի համար նորմալ է ամուսնու ծեծը: Շատ կանայք ասում են, որ եթե իմ ամուսինը ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել: Օրինակ՝ մի անգամ մի աղջիկ ասաց, որ ինքը պետք է գոմը մաքրեր, բայց չի մաքրել, ուրեմն ամուսինն իրավունք ունի նրան ծեծելու, քանի որ ինքը չի կատարել իր պարտականությունը: Այսինքն` առաջին հերթին հենց կանանց մեջ է նստած այս կարծրատիպը»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Մարզերում երիտասարդ աղջիկներին ու կանանց առնչվող գենդերային կարևորագույն խնդիրներից մեկը նաև հոր, ամուսնու կամ եղբոր կողմից բարձրագույն կրթություն ստանալու կամ աշխատելու արգելքն է:

«Տղամարդկանց կարծիքով` կինը չպետք է աշխատի, կնոջ հիմնական առաքելությունը սահմանափակվում է մայր դառնալով, երեխաներ ունենալով և նրանց դաստիարակելով: Իսկ տան չորս պատերից այն կողմ կինը այլ հետաքրքրություններ չպետք է ունենա»,- հավելում է Նիկողոսյանը:

Թեև ըստ հայկական ընտանիքներում ձևավորված կարծրատիպի՝ տղամարդն է հիմնական որոշում կայացնողը, իսկ կինը զրկված է, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ այնուամենայնիվ վերջին տարիներին կանանց և տղամարդկանց կարծրատիպերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել:

«Ըստ մեր ժողովրդագրական ուսումնասիրության, որ անցկացնում ենք յուրաքանչյուր 5 տարին մեկ, որոշակի փոփոխություններ են նկատվում: Օրինակ՝ 2000-ին հարցվածների 53 տոկոսը պատասխանել էր, թե ընդունելի է համարում, որ տղամարդը կնոջը ծեծելու պատճառ ունի, իսկ 2010-ին արդեն միայն 23 տոկոսն է այդպես պատասխանել»,- ասում է Հայրապետյանը և հավելում, որ առաջընթաց կա նաև ԶԼՄ-ներում՝ գենդերային հավասարության և կանանց նկատմամաբ բռնության թեմաների լուսաբանման տեսանկյունից:

«Հայտնի դեպքերից, հատկապես Զարուհի Պետրոսյանի մահից հետո ԶԼՄ-ներում և՛ վերաբերմունքը փոխվեց, և՛ ուշադրությունը մեծացավ այդ թեմաների նկատմամբ: Այսօր նյութերն ավելի շատ են ու ավելի ադեկվատ՝ 3 տարի առաջվա համեմատությամբ: Սակայն, մյուս կողմից՝ կան նյութեր, որոնք, թվում է, գենդերային հավասարության մասին են, բայց պարունակում են հեղինակի նույն այդ կարծրատիպերը»,- ասում է Հայրապետյանը:

Գենդերային հավասարության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար ԶԼՄ-ներից բացի «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կարևորում է նաև ուսուցումը դպրոցներում:

«Առաջիկայում նախապատրաստելով «Գենդերային ուսուցման ինտեգրումը հասարակագիտություն առարկային ուսումնական պլանը»՝ մենք փորձելու ենք հասարակագիտություն առարկայի դասընթացում արծարծել գենդերային հիմնախնդիրներ: Մենք արդեն վերլուծել ենք այդ դասագրքերը, և այնտեղ բառ անգամ չկա գենդերային հավասարության, ընտանեկան բռնության կամ ընդհանրապես բռնության տեսակների մասին»,- ասում է Նիկողոսյանը

Ծրագրի շրջանակներում բոլոր 5 մարզերից, ինչպես նաև Երևանից կկազմվի առաջարկությունների փաթեթ և վերջնական կներկայացվի ՀՀ կրթության ու գիտության նախարարություն:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am