Խտրական մոտեցման վառ օրինակ․ Կարապետյանցը՝ Սոնա Մնացականյանի մահվան գործի և մեղադրյալի ազատության մեջ լինելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

-Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Սոնա Մնացականյանի մահվան գործով՝ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի վերաբերյալ օգոստոսի 18-ին կայացված դատավճիռը մինչ այս չի տրամադրվել կողմերին, հետևաբար չի ուժի մեջ մտել, և մեղադրյալը շարունակում է գտնվել ազատության մեջ ու աշխատել նույն համակարգում։

– Ոչ մի անսպասելի բան չկա, սա այն «լավ» ավանդույթն է, որն այս իշխանությունները վերցրեցին նախորդ հանցավոր ռեժիմից: Նախկինում էլ յուրայինների հետ կապված գործերը կա՛մ չէին քննվում, կա՛մ շատ անհամաչափ ցածր պատիժ էին սահմանում, կա՛մ շատ կարճ ժամանակ հետո այդ մարդիկ ուղղակի հայտնվում էին ազատության մեջ կամ առհասարակ պատասխանատվության չէին էլ ենթարկվում: Հետևաբար զարմանալու որևէ բան չկա, երբ դու չես փոխում համակարգը բովանդակային, երբ նման փոփոխություն չես անում, ուրեմն նպատակ ունես այդ համակարգը քեզ համար անհրաժեշտ պահի օգտագործել: 

Ուղղակի տարբերությունը մի բանի մեջ է. նախկին իշխանություններն ասում էին՝ «ինչքան ուզենք, էնքան կխփենք», ու մենք գիտեինք, որ այդ իշխանությունները ժողովրդավար չեն, որ իրենք արդարադատության ոլորտում անկախություն ապահովելու ցանկություն չունեին, դրա մասին գիտեին ու խոսում էին նաև միջազգային գործընկերները, ապա այս իշխանությունները եկան այլ խոստումներով ու հիմա այլ բան են անում: 

Երբ խոսում ու քննարկում են այս իշխանության լեգիտիմությունը, պետք է նկատի ունենան այն, որ այս իշխանությունը ձայներ ստացել է այլ խոստումների համար, բայց չի իրականացրել որևէ մեկը կամ ավելի վատ՝ լրիվ հակառակ բաներն է անում, նշանակում է այս իշխանության լեգիտիմությունը ուղիղ զրո է: Վիճակը շատ ծանր է հատկապես միջազգային գործընկերների հետ կապված, որոնք նմանատիպ դրվագների առաջ ուղղակի աչք են փակում, տոտալ լռության են մատնել: 

Սա բավականին լուրջ դժվարություն է առաջացնում Հայաստանի հանրության համար, որը 2018-ին դուրս էր եկել փողոց, որովհետև չէր ուզում ապրել այս նույն համակարգի մեջ, որովհետև ի վերջո պայքարն անձի դեմ չէր, այլ՝ այդ այլանդակ համակարգի: 

Ստացվում է մի վիճակ, որ գործող իիշխանությունները, փաստացի ոչ լեգիտիմ լինելով, շարունակում են հանցավոր ռեժիմի գործիքակազմ օգտագործել, իսկ միջազգային գործընկերները, որոնք ժողովրդավարության, արդար դատաքննության տարբեր ստանդարտներ են սահմանել ու պնդում էին, որ մեզ մոտ ևս պետք է լիներ, հիմա լռելյայն սպասում են: Մեր ժողովուրդն ուղղակի պետք է հասկանա, որ ինչ տեղի է ունենում, մեզ համար ավելի աղետալի ավարտ կարող է ունենալ: 

– Եթե դատարանները գերծանրաբեռնված են, ինչով էլ բացատրում են վճիռը կողմերին չտալը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ, շատ հեռու չգնանք, Միքայել Սրբազանի գործն այդքան արագ քննվեց, դատավճիռը կայացվեց, իսկ այս գործը՝ դեռ ոչ, կամ նույն պատժի չափը: 

– Սա խտրական մոտեցման վառ օրինակ է, ամբողջությամբ համաձայն եմ, երբ ասում են, թե համակարգը ծանրաբեռնված է, բայց առանձին գործերի կարողանում են այդքան արագ ընթացք տալ։ Սրբազանի գործը միակ դեպքը չէ, օրինակ՝ «Սասնա ծռերին» երբ ուզում էին ձերբակալել, աննկարագրելի տեմպով արագ ընթացք տվեցին, այնինչ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնք դատարան չեն հասնում: Սա շատ վաղուցվա փորձված գործիքակազմ է, սա հանցավոր ռեժիմների խտրական վերաբերմունքն է: 

– Տիկի՛ն Կարապետյանց, որ ասում եք՝ խտրական վերաբերմունք է, այդ խտրականությունը դրսևորում է դատակա՞ն համակարգը, թե՞ իշխանությունն է այդ հրահանգը տալիս համակարգին, ինչպես ասում է ընդդիմությունը:

– Դատական իշխանությունը անկախ է ինքն իրենից, մնացած ամեն ինչից կախված է, ցավոք սրտի: Բոլոր ժամանակներում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչ-որ գործեր արագացվում են, ինչ-որ գործեր քնեցվում են, ինչ-որ գործեր պահում են այնքան, որ վաղեմության ժամկետը վրա հասնի: Այս բոլոր մարդիկ այսպես թե այնպես հանգիստ կարող են համարվել քաղբանտարկյալներ, իսկ առանձին մարդիկ ուղղակի դասական քաղբանտարկյալ են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am