Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին։

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի: