Արտակարգ դրության ժամանակ բանակի ուժերը, զենքն ու տեխնիկան կօգտագործվեն

Արտակարգ դրության ժամանակ բանակի ուժերը, զենքն ու տեխնիկան կօգտագործվեն
Արտակարգ դրության ժամանակ բանակի ուժերը, զենքն ու տեխնիկան կօգտագործվեն

Կառավարությունն անըդնունելի է համարում ընդդիմադիր պատգամավորների այն պնդումները, որ Հայաստանում քաղաքական զարգացումներով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ բանակի ուժերը, զենքն ու տեխնիկան չպետք է օգտագործվեն:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկած փոփոխություններն ու լրացումները կառավարությունն  այսօրվա նիստում մերժեց:

Պատգամավորներ Ստեփան Դե­միրճ­յանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհան­գիր­յանը, Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը «Արտակարգ դրության իրա­վա­կան ռե­ժիմի մասին» օրենքի նախագիծ էին ներկայացրել կառավարություն, որով առաջարկվում է բանակի ուժերն օգտագործել միան բնական, տարերային ու տեխնոգեն աղետներով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ այդ առաջարկը կառավարության համար անընդունելի է, քանի որ.

«Արտակարգ դրությունը չի սահմա­նա­փակ­վում միայն բնական, տարերային ու տեխնոգեն աղետներով, քանի որ այն իր մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տա­պալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային ան­կար­գությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հա­կամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրա­վու­մը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի14-րդ կետում ուղղակիորեն սահմանվում է ՀՀ նախագահի լիազորությունը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպ­քում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, երկրում հայտարարել ար­տա­կարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղեր­ձով դիմել  ժողովրդին:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտա­գործ­վել ինչպես Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի և ռազմական դրություն հայտարարելու դեպքում, այնպես էլ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում:

Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ՀՀ պաշտպանության պետական լիա­զոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական և տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաև զենքով և զինամթերքով»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չպետք է արտակարգ դրությունը շփոթել հանրահավաքների հետ:

«Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է, և Աստված չանի, որ Հայաստանում երբևէ նորից արտակարգ դրություն լինի»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ոստիկանական ուժերից բացի կան նաև զինված ուժեր, որոնք նույնպես պետք է օգտագործել արտակարգ դրության ժամանակ:

© Medialab.am