Արյուն տենչացողները

Արյուն տենչացողները
Արյուն տենչացողները

Պատմությունն ասում է, որ 1988 թ. շարժումը Հայաստանում խաղաղ էր անցնում: Կար հրապարակի համերաշխություն, իսկ քաոսը և կոսմոսը ներդաշնակ էին: Հայաստանում սկսվել էր մի հեղափոխական շարժում, որի արդյունքում ստեղծվելու էր նոր՝ անկախ Հայաստանի հասարակարգը և հեռանալու էր հին՝ խորհրդային Հայաստանի հասարակարգը:

Ժամանակակիցները պատմում են, որ անգամ մերձբալթյան երկրներից Հայաստան էին գալիս՝ ցույցերի մշակույթի դրվագներ սովորելու և իրենց մոտ կիրառելու համար: Ես չգիտեմ, թե այստեղ որն է միֆի ու իրականության սահմանը:

Ամեն դեպքում, այդ խաղաղ մոտեցումների պարագայում անգամ հնարավոր չեղավ խուսափել սադրանքներից: Հնարավոր չեղավ, որովհետև մեկտեղվել էր մի քանի պայքար: Պայքար հանուն Արցախի, պայքար հանուն միասնության, պայքար հանուն անկախության: Կենտրոնը՝ Մոսկվան, գնաց սադրանքի, ու զոհերից խուսափել չկարողացանք:

Երբ նայում ենք հայտնի հեղափոխությունների տրամաբանությանը և պատմական ընթացքին, միշտ կան ուժեր կամ կենտրոններ, որոնք սադրում են: Այդպես եղավ Ֆրանսիայում, այդպես արեցին բոլշևիկները՝ կարմիր տեռորի ժամանակ, այդպես եղավ Ուկրաինայում և այլն: Շարքը կարող ենք անվերջ շարունակել:

Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին արյուն չեղավ: Թերևս, մարտի 1-ին փամփուշտները սպառվել էին, ու ես խորին համոզում ունեմ, որ սպառված էլ կմնան:

Սակայն իշխանափոխությամբ հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Այն շարունակվում է, ու, ցավոք, վերջնական հանգրվանին հասնելու համար երկար ճանապարհ ունենք:

Եթե այս ընթացքում Հայաստանում բռնություններ չեղան ու հասարակության մեջ եղած սանկյուլոտների զանգվածին ինչ-որ բան զսպեց, ապա դա միայն շարժման առաջնորդի շնորհիվ էր:

Սակայն ստացվել է այնպես, որ արևելասիական բռնապետական մտածողություն ունեցող նախկիններից շատերը սխալ հասկացան հանդուրժողական մոտեցումները: Հանուն արդարության ասենք, որ այստեղ կա նաև իշխանության մեղքը:

Հնարավորություն տալիս են նրան, ով ուղղվելու ցանկություն ունի: Հնարավորություն չեն տալիս նրանց, ովքեր գործով ապացուցել են իրենց արյունարբու տեսակը:

Հնարավորություն չեն տալիս այն մարդկանց, ովքեր այսօր էլ չեն վարանի արյուն հեղել:

Հնարավորություն չտալ եզրաբանության տակ ես հասկանում եմ կոշտ իրավականություն, հեղափոխությունից բխող տրամաբանությամբ, բայց ոչ երբեք բռնություն:

Իշխանության ղեկավարի այս վարքագիծը ինչ-որ չափով անակնկալի բերեց բռնություն ցանկացող կողմերին: Քաղաքակիրթ դաշտում նրանք անելիք չունեն: Բանավեճի ու կառուցողական մոտեցումների դաշտում դատապարտված են: Ուստի ի՞նչ էր մնում անել:

Օգտվել ստեղծված թավշյա իրավիճակից, կոնսոլիդացվել ու ստեղծել նոր օրակարգ: Այդ օրակարգը բռնություն հրահրելու օրակարգն է:

Հայտնի ուժերը ամենատարբեր մակարդակներում սկսում են բաժանել հանրությունը բևեռների: Հետո, հավատալով այդ բաժանմանը, սկսում են բևեռների մոտեցումները ծայրահեղացնել:

Ծայրահեղացնելուց հետո, երբ հանրության մի մասի ականջն արդեն սովոր է դրան, սկսում են այն վերագրել իշխանություններին: Այժմ արդեն հասել են վերջին՝ ամենածայրահեղ փուլին, երբ սպառնում են արյունով:

Ու նորից, արյան կոչեր անելով, մեղադրում են դրա մեջ իշխանություններին:

Նպատակը որքան պարզ է, նույնքան էլ՝ հրեշավոր: Մարդկանց ականջը պետք է սովոր լինի արյան մասին լսելու, մարդկանց աչքը պետք է սովորի արյուն տեսնելու, իսկ անկախ ամեն ինչից, թե ով է դրանում մեղավոր, պատասխանատվությունն ընկնելու է այդ իշխանության վրա:

Չէ՞ որ վաղուց, շատ վաղուց մի իմաստուն մարդ ասել է, որ անգամ անձրև գալու դեպքում է իշխանությունը մեղավոր:

Այս հանգրվանում հարկ է իրացնել կոշտ արդարադատություն: Եթե կուզեք՝ անգամ իրավապահները պետք է զբաղվեն այն ծակ քաղաքագետներով, ովքեր իրենց պայմանական վերլուծություններում «քաղաքացիական պատերազմի» վտանգ կտեսնեն:

Իսկ ուղղակի արյան կոչ անողների կամ դրանով սպառնացողների նկատմամբ պետք է կիրառվել առավել կոշտ իրավական միջոցներ:

Հասարակությունը խոհեմ է: Հասարակությունը չի կարող տրվել արյան սադրանքին:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am