Նախընտրական սադրանք. օգտվելով ներքաղաքական խառը իրավիճակից` ադրբեջանցիները փորձում են հայկական զորքերի զգոնությունը

Նախընտրական  սադրանք. օգտվելով ներքաղաքական խառը իրավիճակից` ադրբեջանցիները փորձում են հայկական զորքերի զգոնությունը
Նախընտրական սադրանք. օգտվելով ներքաղաքական խառը իրավիճակից` ադրբեջանցիները փորձում են հայկական զորքերի զգոնությունը

Նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 500 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց: Ի հետևանք` ունենք զոհեր: Փորձագետները պնդում են` ադրբեջանական ակտիվության պատճառը նախընտրական շրջանն է:
«Հայաստանում կատարվող ցանկացած լուրջ գործընթացի ժամանակ, լինեն, ասենք, ընտրություններ թե հետընտրական զարգացումներ, ադրբեջանցիները պահը բաց չեն թողնում սադրանքների դիմելու համար: Այսինքն` օգտվելով երկրի ներսում խառը իրավիճակից, փորձում են ստուգել հայկական զորքերի զգոնությունը»,- «Մեդիալաբին» ասում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Բանակում տեղի ունեցող անցուդարձին ակտիվորեն հետևող բլոգեր Կարեն Վրթանեսյանն էլ ավելացնում է` մի քանի օրում հրադադարի 200 խախտումը, ցավոք, սովորական երևույթ է: Պարզապես Երևանի կենտրոնում նստած շատերին թվում է, թե պատերազմը ինչ-որ շատ հեռու, վերացական բան է:

«Այն, որ վերջին օրերում իրավիճակը սրվել է, ինձ թվում է, միտումնավոր է արվում: Դա փորձ է ինչ-որ ձևով ոչ թե ազդելու, այլ ստուգելու հայ հասարակության ռեակցիան նախընտրական այս փուլում: Ցավոք, դաշտի որոշ խաղացողներ ադրբեջանական պասը ընդունում են ու շահարկում են` իրենց քաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Վրթանեսյանը:

Ադրբեջանական վերջին հանդգնություններին շտապել է արձագանքել նաև միջազգային հանրությունը: ԵԱՀԿ ներկայացուցիչներն ապրիլի 30-ին այցելել են այն վայր, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հայ զինծառայողների մեքենայի վրա: Նրանք նաև այցելել են ադրբեջանական կրակահերթի տակ հայտնված Տավուշի մարզի Դովեղ գյուղ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն զննել են մանկապարտեզի տարածքը, որը հակառակորդի հիմնական թիրախն է եղել, ինչպես նաև «ԳԱԶ-53» բեռնատարը, որը ևս կրակի տակ էր հայտնվել:

Նշենք, որ ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով մահացել են երեք հայ զինծառայողներ:

Հայաստան այցից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել նաև հայտարարությամբ: Նրանք մասնավորապես ասել են. «Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի կիրառումից զերծ մնալու և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունները, ինչպես նաև հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն»:

Այդուհանդերձ հայ հասարակության համար ավելի էական նշանակութուն ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Կատարվածի պատասխանն անխուսափելի է»,- Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, և մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով»,- ասել է նախագահը:

Նման հայտարարություններից հետո մեր երկրում հաճախ տարբեր վարկածներ են շրջանառվում` կապված պատժիչ գործողությունների հետ: Ադրբեջանցի 10 սպանված զինվոր` մեկ հայ զինվորի դիմաց: Շատերի կարծիքով` հենց սա է պատժիչ գործողությունների միակ ընդունելի տրամաբանությունը:

«Համարժեք պատասխան տալ նշանակում է, որ նրանք ավելի շատ զոհ պետք է տան, քան մենք: Եվ, իմ կարծիքով` նախագահի խոսքը հենց դրան էր ուղղված: Բնականաբար, նման հայտարարությունները լարվածություն են առաջացնում Ադրբեջանում այն իմաստով, որ նրանք գիտեն, թե հայկական զորքերն ինչի´ են ընդունակ»,- ասում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Այդուհանդերձ Հայաստանոմ կան փորձագետներ, որոնք զգուշացնում են` պատասխան կրակահերթը կարող է վաղ թե ուշ պատերազմի հանգեցնել:

Սարգիս Ասատրյանը համաձայն չէ: « Չեմ կարծում, որ բանը հասնի պատերազմին: Համենայն դեպս` ներկա փուլում: Պատերազմ կարող է լինել այն դեպքում, եթե իրավիճակը տարածաշրջանում խիստ ապակայունանա»,- ասում է փորձագետը:

Մինչդեռ Կարեն Վրթանեսյանը, ով ամեն օր ուշադիր հետևում է սահմանում տիրող անցուդարձին, հավաստիացնում է` պատերազմին սպասել պետք չէ, այն արդեն ընթանում է:

«Ցավոք, իրողությունն այն է, որ պատերազմը չի դադարել 1994 թվին: Այն, ինչ մենք անվանում ենք հրադադար, այնքան հաճախ է խախտվում, որ հրադադար անվանելը երևի թե մի տեսակ զավեշտալի է: Այդ ամբողջ մարտական սթրեսի իրավիճակը բնականաբար ազդում է նաև աձնակազմի վրա: Որոշ միջադեպեր էլ կարող են լինել: Հաճախ այդ մասին ասում են` խաղաղ պայմաններում պատահեցին: Բայց դրանք խաղաղ պայմաններ չեն: Թեժ կռիվ չէ, բայց հաճախ մոտենում է այդ վիճակին: Համենան դեպս, հաստատ խաղաղ պայմաններ չեն»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Վրթանեսյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am